Հարցազրույց

«Հրապարակ»․ ՔՊ-ականները ոչնչից այդքան չեն վախենում, որքան՝ ճշմարտությունից

«Հրապարակ»․ ՔՊ-ականները ոչնչից այդքան չեն վախենում, որքան՝ ճշմարտությունից

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է:

- Պարոն Զուրաբյան, ինչո՞ւ են ՔՊ-ականներն այդքան շատ թիրախավորում Ձեզ: Նախ հեգնում են, որ ընտրություններում ՀԱԿ-ն ընդամենը 3 հազարից ավելի ձայն է հավաքել, բավականին շատ են անդրադառնում նաեւ անձամբ Ձեզ: Տպավորություն է, թե իշխանությունները Ձեր խոսքը ծանր են տանում եւ, առհասարակ, ՀԱԿ-ականների ցանկացած քննադատություն են բավականին ծանր տանում։ Ինչո՞ւ:

- Այդ ամենի եզրակացությունները թողնում եմ Ձեզ: Նշանակում է, որ իրենք էլ են հասկանում, որ ՀԱԿ-ին ուղղված իրենց հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Իրենք մեզնից լավ են տիրապետում հանրության տրամադրություններին: Նրանք շատ լավ են հասկանում, թե մեր իրական աջակցությունը հանրային դաշտում ինչպիսին է: Մեզնից վախենում են, քանի որ մենք ճշմարտությունն ենք ասում, իսկ ՔՊ-ականները ոչնչից այդքան շատ չեն վախենում, որքան՝ ճշմարտությունից: Նրանք սերիական ստախոսներ են, իսկ սերիական ստախոսներն ամենաշատը ճշմարտությունից են վախենում:

- Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը երեկ Ձեզ էր անդրադարձել՝ նշելով, որ եթե մինչեւ հիմա Երեւանում փողոց կա՝ Արսեն Ամիրյանի անունով, դա նույնն է, թե տարիներ անց Լեւոն Զուրաբյանի անունով փողոց լինի: Ինչո՞ւ են այսպիսի էժանագին գրառումներ անում:

- Ես այդ գրառմանն իմ էջում արձագանքեցի: Մի բան ակնհայտ է` նրանք սեւեռված են Պապ թագավորի վրա: Արսեն Ամիրյանի անվան փողոցը կարելի է անվանափոխել, ես դրան դեմ չեմ, բայց եթե թագավորներից մեկի անունով են պարտադիր ուզում անվանել այդ փողոցը, ապա մենք այնքան ավելի կարեւոր եւ մեծ գործեր արած թագավորներ ենք ունեցել մեր պատմության ընթացքում, բայց նրանք այդ թագավորների անուններով Երեւանի փողոցները չեն անվանակոչում: Ռեժիմն ուզում է Պապ թագավորի հետ իդենտիֆիկացվել: Ինչու, որովհետեւ Պապ թագավորը կոնֆլիկտի մեջ էր Եկեղեցու հետ: Այս ամենն իրենց փոքր ուղեղն ու անգրագիտությունն է ցույց տալիս: Պապ թագավորի կերպարը մեծացնելն առնվազն անգրագիտություն է: Նիկոլ Փաշինյանը դժվար թե Պապ թագավորի գործունեությանն այլ եղանակով ծանոթ լինի, Զորյանի գրքից բացի: Հայոց պատմությունը շատ հռչակավոր թագավորներ է ունեցել, բայց նրանց մասին, հավանաբար, ռեժիմը տեղյակ չէ, նրանց ծանոթ չէ ուղղակի:

- Օրինակ` ո՞ր թագավորների անունով կարելի է փողոցներ անվանակոչել:

- Արտավազդ, Արտաշես, Աշոտ Երկաթ, ու էլի շատերը կան, որ հարյուր անգամ ավելի կարեւոր դերակատարում են ունեցել Հայոց պատմության մեջ, քան Պապ թագավորը: Ի դեպ, Պապ թագավորը, հակասական կերպար լինելուց բացի, ընդամենը չորս տարի է Հայաստանը ղեկավարել:

- Լենինգրադյան փողոցը եւս անվանափոխել են` Քըրք Քըրքորյանի անունով: Տպավորություն է, որ իշխանությունները ռուսական ուղղվածություն ունեցող գործիչների անունն են փորձում ջնջել:

- Նրանք, հավանաբար, տեղյակ չեն, որ Փարիզում կա Ստալինգրադի անվան մետրոպոլիտեն: Էժան փորձեր են անում, բայց Պապ թագավորին առաջին պլան բերելն արվում է՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ամոթալի, շնաբերան արշավն արդարացնելու համար:

- Երբեմն ՀԱԿ-ի նախկին աջակիցները, ովքեր այսօր ՔՊ-ի աջակիցների շարքերում են, ՀԱԿ-ին մեղադրում են կուսակցության գաղափարներին դավաճանելու մեջ: Նրանք հաղթանակի ու պարտության, Արցախն Ադրբեջանին հանձնելու եւ Արցախը պահելու տարբերությունը չեն գիտակցում կարծես եւ ՀԱԿ-ին մեղադրում են Փաշինյանի «խաղաղասիրությանը» դեմ գնալու մեջ: Ինչո՞ւ:

- Տարբերությունը՝ նախքան պատերազմը եւ պատերազմից հետո, շատ պարզ է: Մենք ասում էինք, որ ղարաբաղյան պատերազմը հաղթական ավարտ է ունեցել, եւ ընդամենը այդ հաղթանակը պետք է ամրապնդել, զիջելով Ղարաբաղից դուրս հինգ շրջանները, ինչպես որ առաջարկում էր նաեւ Մինսկի խմբի համանախագահությունը: Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց այդ բանակցությունները, չնայած որ 2019 թվականին իր սեղանին դրված էր խաղաղության այդ նախագիծը, նա Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ, ջարդուխուրդ արեց եւ ոչնչացրեց Արցախը, իսկ հիմա խոսում է խաղաղության մասին՝ պնդելով, որ դա նույնն է, ինչ առաջարկում էր Տեր-Պետրոսյանը: Այժմ Փաշինյանն ու իր թիմն ասում են, որ մենք դավաճանել ենք մեր կուսակցության գաղափարին, սակայն մեր գաղափարը հաղթական գաղափարն էր, ինչը վիժեցրեց եւ թաղեց այս ռեժիմը: Այժմ փորձում են խաղաղության անվան տակ մտցնել այս զիջողականությունը եւ դա նույնացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարների հետ: Փաշինյանն անդադար զիջում է եւ այդպես էլ խաղաղություն չի ստանում։ Մեր եւ իրենց տարբերությունը շատ մեծ է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image