Երեկ ադրբեջանական կայքերը գրել էին, թե իբր Փաշինյանը Տավուշի մարզից որոշ հատվածներ վարձակալությամբ տրամադրել է Ադրբեջանին, եւ այժմ գյուղացիներին բռնի հանում են իրենց տներից: Նշվում էր կոնկրետ Վազաշեն բնակավայրը, որտեղ իբր առավոտից ծանր տեխնիկա է մտել, ոստիկաններ: Վազաշենն Իջեւան խոշորացված համայնքի մեջ է։ Մենք զանգահարեցինք Իջեւանի համայնքապետարան:
Գյուղբաժնի պետի տեղակալի ԺՊ Անդրանիկ Խառատյանն ասաց․ «Տենց բան չկա, առաջին անգամ եմ լսում: Մենք դրանց կայքերը չենք կարդում, բայց կարող եմ ասել, որ դա լկտի սուտ է: Այ, ես հիմա աշխատավայրում եմ, այսօր էլ մեծ միջոցառում ենք ունեցել Դիտավանում՝ Վարդավառի: Վազաշենից էլ նոր եկել են, վարչական հավաքի ծանուցումը ստացել, գնացել»: Վազաշենի վարչական ղեկավար Լորիկ Բադիրյանն էլ ասաց. «Սուտ է, մի կրակոց էլ չկա: Վազաշենում բերքահավաքն է ավարտվում»: Իսկ հնարավո՞ր է, որ ադրբեջանցիները նման ֆեյք լրատվությամբ հող են նախապատրաստում նոր տարածքներ վերցնելու համար, զոնդաժ են անում։
Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է․ «Եթե նման բան պետք է լինի, մեր իշխանությունը կնախապատրաստեր մարդկանց, ոչ թե նրանք: Իրենք շահագրգռված չեն, որ մարդիկ չանհանգստանան՝ հակառակը: Նման քարոզչական նյութերն ունեն մի քանի նպատակ․ առաջինը՝ ստեղծել խառը իրավիճակ, կասկած եւ անվստահություն առաջացնել պետական մարմինների նկատմամբ: Սա ամենատարածված գործողություններից է տեղեկատվական հարձակումների մեջ»: Նման տեղեկատվության դեմ պայքարով կառավարությանն առընթեր ՊՈԱԿ-ը պետք է զբաղվեր։