Քաղաքականություն

Կլինի պատերազմ, չի լինի պատերազմ…

Կլինի պատերազմ, չի լինի պատերազմ…

Կլինի՛ պատերազմ, չի՛ լինի պատերազմ, կլինի՛ պատերազմ, չի՛ լինի պատերազմ… Համարյա ինչպես երեխաներն ու դեռահասներն են ծաղիկի թերթեր պոկելով փորձում իրենց հետաքրքրող հարցի «այո-ոչ» պատասխանը գուշակել, այնպես էլ անցյալ շաբաթվա վերջից միջազգային առաջնորդները, նրանց հետ էլ՝ մնացյալ աշխարհը, փորձում են գուշակել` կհարձակվի՞ Ռուսաստանն Ուկրաինայի վրա, թե՞ ոչ: Մասնավորապես, կլինի՞ ներխուժում փետրվարի 16-ին, թե՞ ոչ: Ընդսմին, ճիշտ գուշակություն անելու առումով միջազգային առաջնորդների տիրապետած տեղեկությունները նրանց ավելի շահեկան դրության մեջ չեն դնում երեխաների կամ դեռահասների համեմատությամբ: 

Տրամաբանորեն զարգացումների ընթացքը հասկանալու մասին ոչ ոք չի խոսում, քանի որ տրամաբանությամբ, եթե Ռուսաստանը, ըստ փորձագետների գնահատականի, իր ունեցած ցամաքային ուժերի շուրջ կեսը` 130 հազարից ավելի զինվորական եւ բոլոր զինատեսակները (գուցե բացառությամբ միջուկային մարտագլխիկների) կենտրոնացրել է Ուկրաինայի սահմանին, դժվար թե այդքանն արել է լոկ ինքնացուցադրվելու համար: Ցանկացած գիտակից առաջնորդ եթե այդքան ռազմական նախապատրաստություն տեսներ, ոչ ոք առանձնապես չէր կասկածի, որ հետեւելու է հարձակում եւ պատերազմ: Բայց քանի որ աշխարհը, ի դեմս Վլադիմիր Պուտինի, գործ ունի ոչ թե մարդկային գիտակցության եւ պատասխանատվության, այլ հիվանդագին իդեա-ֆիքսերի եւ նարցիսիզմի հետ, բոլորը տրամաբանությունը թողել են մի կողմ եւ ընկել են գուշակությունների գիրկը:

Արեւմտյան զինվորականները, թվում է, բավականին հավատարժան բացատրություն են տալիս Պուտինի նախնական մտադրություններին եւ դրանց հընթացս խմբագրումներին: Թեեւ քաղաքական առաջնորդներն ասում են, որ ՌԴ նախագահի նպատակը կարող է լինել պատերազմ սանձազերծելով եւ Կիեւը թիրախավորելով՝ Ուկրաինայում իշխանության տապալելը եւ Մոսկվային հավատարիմ խամաճիկների իշխանության բերելը։ Զինվորականները հանուն նման նպատակի` Բելառուսի տարածքից հարձակման անցնելը եւ Չեռնոբիլի ատոմակայանի ճառագայթման գոտով ռուս զինվորականներին դեպի Կիեւ տանելը չարդարացված տարբերակ են համարում: 
Ըստ նրանց, առավել հավանական է, որ հարձակման իրական սպառնալիքով եւ շանտաժով Պուտինը փորձի Կիեւում իշխանություն փոխել, բայց ոչ անմիջական ռազմարշավ ծավալելով:

Ֆիզիկապես ռազմական հարձակում եւ առաջխաղացում, ըստ արեւմտյան զինվորականների, Պուտինն այլ ուղղությամբ կծավալի: Ուղղությանը կլինի Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ, այսպես կոչված, հանրապետությունների տարածքից ռուսական զորքերի՝ Դնեպր գետի հունով առաջանալը եւ ցամաքային կապ ստեղծելը Ղրիմի թերակղզու հետ: Հավատարժան բացատրություն է, մանավանդ եթե նկատի առնենք, որ Ուկրաինայի շուրջ զորքեր կուտակելու սկզբում ՌԴ նախագահն օրնիբուն խոսում էր ՆԱՏՕ-ի առաջխաղացման թեմայով, իսկ հիմա, երբ ռուսական հարվածային զորամիավորումները Ռուսաստանում, Ղրիմում եւ Բելառուսում վերջնական դիրքավորված են, Պուտինը թեման փոխել է եւ պատմություններ է տարածում իբր Դոնեցկում եւ Լուգանսկում ընթացող ցեղասպանության մասին: 

Ի՞նչ ցեղասպանություն: Ինչո՞ւ ցեղասպանություն: Անշուշտ, ոչ որովհետեւ նման փաստ կամ վկայություն կա, այլ որովհետեւ միջազգային իրավունքը թույլ է տալիս ընթացող ցեղասպանությունը կանխելու համար ռազմական ինտերվենցիա իրականացնել: Բայց Պուտինի դժբախտությունը միայն այն չէ, որ ցեղասպանություն ասելով՝ դրա վկայություններ չեն հայտնվում: Պուտինի հիմնական դժբախտությունն այն է, որ նշանակություն չունի, թե ինչ դրդապատճառով, նպատակով, հաշվարկով կամ անհրաժեշտության թելադրանքով ռուսական զորքը կխախտի Ուկրաինայի սահմանը: Սահմանը խախտելուց մեկ ժամ էլ չանցած՝ ասենք, Ռուսաստանի ամբողջ բանկային համակարգը կաթվածահար է լինելու, որովհետեւ երկիրը SWIFT համակարգից կանջատեն, նույն հաւջողությամբ, դիցուք, բոլոր էլեկտրոնային բաղադրիչների վաճառքը Ռուսաստանին կդադարեցվի, ինչի արդյունքում անվերջ թվով արդյունաբերական ձեռնարկություններ պարապուրդի կմատնվեն, եւ այդպես շարունակ: 

Մոսկվայում գիտակցում են, որ Ուկրաինայի դեմ պատերազմի հետեւանքը միայն ծանր ռազմական ծախսերը եւ զոհերը չեն, այլեւ տնտեսական փլուզումը, որ կառնչվի Ռուսաստանի ամեն շարքային քաղաքացու եւ սոցիալական խնդիր կստեղծի ՌԴ իշխանության համար` ի հավելումն քաղաքական, ռազմական եւ տնտեսական խնդիրների: 

Այնպես որ, չի բացառվում, որ ՌԴ նախագահը դիմի ավանտյուրայի եւ ներխուժի Ուկրաինա, բայց ավելի հավանական է, որ ձեռնպահ կմնա: Ամեն դեպքում, եթե Արեւմուտքից ասում էին, որ հնարավոր հարձակման ամսաթիվը փետրվարի 16-ն է, փետրվարի 15-ին ՌԴ-ն զորավարժություններն ավարտելու անվան ներքո հայտարարեց ինչ-որ ուժեր Ուկրաինայի սահմանից հեռացնելու մասին: 

Ուկրաինայում փետրվարի 16-ին Զելենսկիի սեւ հումորին արձագանքելով ազգային միասնության ցուցադրություն էին կազմակերպել` տարբեր քաղաքներում կայացող հավաքներով, պետական օրհներգի կատարումով ու դրոշներ ծածանելով: Մոսկվայից էլ ողջունել էին ԱՄՆ նախագահի` նախօրեին Սպիտակ Տնից Ռուսաստանի ժողովրդին հղած ուղերձը եւ տեսանյութ էին հրապարակել ռուսական զորամիավորումների` Ղրիմում զորավարժություններն ավարտելու եւ մշտական տեղակայման վայրեր վերադառնալու մասին: Այդուհանդերձ ռուսական ուժերի գերակշիռ մասը մնում է Ուկրաինայի հետ սահմանին, այդքանով էլ ճգնաժամի հաղթահարկման մասին դեռ ոչ ոք չի խոսում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image