Հասարակություն

Ինչ է կատարվում Մերձավանի հատուկ դպրոցում

Ինչ է կատարվում Մերձավանի հատուկ դպրոցում

Մերձավանի հանրակրթական թիվ 2 հատուկ դպրոցում լարված իրավիճակ է։ Մանկավարժներն ահազանգում են, որ դպրոցի տնօրենի՝ Լուսինե Ադամյանի ընտրվելուն պես խաթարվել է կրթահամալիրի բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչի հետեւանքով դպրոցում ավելացել է կադրերի հոսունությունը: Միայն 2024թ․ ուսումնական տարին սկսվելուց հետո 4 աշխատակից` իրենց դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից։ Լուսինե Ադամյանը տնօրեն է դարձել 2022 թ. փետրվարին, սակայն չունի մանկավարժական կրթություն։ «Նա ավարտել է ժողինստիտուտը։ Ժողինստիտուտի շրջանավարտ է նաեւ Լաուրա Սանթրոսյանը, որը տնօրենի հարսն է, եւ որին նա 2023-ի սեպտեմբերին նշանակել է դպրոցի փոխտնօրեն, ուսումնական մասի վարիչ։ Փաստորեն, հարս ու սկեսուր ղեկավարում են դպրոցը»,- ահազանգում են մանկավարժները։ 

Մինչդեռ, հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում գրված է, որ պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար «կարող է դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարվա ընթացքում գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ»: Իսկ նույն օրենքի  32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում գրված է, որ արգելվում է «համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ»։

Այլ, ավելի մանր խախտումներ էլ է թույլ տվել տնօրենը, ըստ աշխատակիցների՝ ուսուցչի օգնականներին մանկավարժական ժամեր է հատկացրել, հերթական արձակուրդում գտնվող գործավարին որպես փոխարինող նշանակել է հարսին, որոշ աշխատողների, օրինակ, Անժելա Սարգսյանին, հատկացրել է մոտ 2 դրույք մանկավարժական ժամեր, այն դեպքում, երբ 1,5 դրույքից ավելի իրավունք չունի։ «Հատուկ մանկավարժ եւ լոգոպեդ հաստիքներով փորձել է լրացնել նրա ժամերը՝ այն դեպքում, երբ տվյալ անձը չունի այդ կրթությունը, նա կլինիկական հոգեբան է»,- ասում են ուսուցիչները։ Արդյունքում դպրոցի բյուջեում առաջացել է ճեղքված, որը լրացրել է որոշ աշխատակիցներին աշխատավարձ չվճարելով կամ պակաս վճարելով, աշխատակիցների հետ կնքված պայմանագրերի օրինակները չի տրամադրել եւ այլն։ «Մեզ ասում էին, որ միջոցներ չկան, որ բյուջեն քիչ է հաստատվել, որ հաստատությունն ունի պարտքեր եւ այլն, որի համար մեզնից են պահումներ արել։ Մի մասի գումարները հետ վերադարձրին, մյուսներինը՝ ոչ»,- գանգատվում են ուսուցչուհիները։ Նշում են նաեւ, որ տնօրենն ունի «նվիրյալներ»՝ 4-5 հոգի, որոնց լավ է վերաբերվում, «որոնց հետ սրճում է»՝ խախտելով հավասար վերաբերմունքի էթիկական պահանջը։ Էթիկան մի կողմ թողնելով՝ բողոքներում թվարկված խախտումների շուրջ թիվ 2 հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Ադամյանին խնդրեցինք հայտնել իր դիրքորոշումը։ Նա գրեթե ամբողջությամբ հաստատեց իր աշխատողների նշած փաստերը։ Չհերքեց, որ իր տեղակալը հարսն է, բայց նշեց, որ ինքն ու հարսը մանկավարժության ոլորտում բազմամյա աշխատանքային ստաժ ունեն։ Ասաց, որ ինքը տնտեսագետ է, ունի տնօրենի հավաստագիր, իրավունք ունի աշխատելու, 5 տարի առաջ քննություն է հանձնել։ Ավելի քան 1,5 դրույք ժամեր ունեցող հոգեբան Անժելա Սարգսյանի վերաբերյալ էլ նշեց, որ բազմիցս հայտարարություն է տվել՝ լոգոպեդ եւ հատուկ մանկավարժ հրավիրելու համար, բայց մասնագետ չի ունեցել եւ ժամերը ժամանակավորապես տվել է Անժելա Սարգսյանին։ «Հիմա նա աշխատում է որպես հոգեբան, ժամերն էլ չափի մեջ են սահմանված։ Հատուկ մանկավարժ-հոգեբանի հաստիք դեռեւս չկա, բայց դիմել եմ նախարարություն` հաստիքների համար, դեռ պատասխան չկա»։ 

Ինչ վերաբերում է բյուջեի ճեղքվածքին, ապա դա, ըստ տնօրենի, նոր չէ, մասնագետներին ավելի վճարելու հետեւանքով չի առաջացել, աշխատողների մի մասի գումարները վերադարձվել են, մյուսներինը շարունակում են վերադարձնել։ «Աշխատողները դրանից չեն նեղվում»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է բողոքին, ապա տնօրենն այն բացատրում է «անձնային» պատճառներով։ Դիմեցինք նաեւ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից մեզ հայտնեցին, որ կպատասխանեն համապատասխան ուսումնասիրությունից հետո։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image