Քաղաքականություն

Նիկոլ, մի հատ ծնգացրու, հետ զանգեմ…

Նիկոլ, մի հատ ծնգացրու, հետ զանգեմ…

Վերջին անձրևը լավ առիթ է Ավինյանին մետրոյի շինարարությունից մի քանի րոպեով կտրելու և Երևանի բուսաբանական այգի բերելու համար: Մետրոյի շահառուները թող ինձ ներեն, բայց բուսաբանական այգին էլ կարևոր օբյեկտ է, Ավինյանի նախընտրական ծրագրերի կատարման կամ չկատարման իմաստով: Եվ, ուրեմն, պարոն Ավինյան, Վարդավառի նախօրդ օրը հորդառատ անձրև տեղաց: Անձրևին, բնականաբար, հաջորդեց սելավը, որ Ծարավ աղբյուր թաղամասի կոյուղաջրերից ավելի վարարած, եկավ, լցվեց բուսաբանական այգի: Հիշո՞ւմ ես, պարոն Ավինյան, այդպիսի այգի կա քո քաղաքում: Այո, այո, էն որ որոշել եք մի մասը զավթել և կյանքի պուրակ հիմնել: Տեղը չբերի՞ր… Էն որ վերջերս քրեական գործ էիք հարուցել ապօրինի ծառահատումների կապակցությամբ, բայց երբ տեսաք, որ ձեր հետքի վրա եք դուրս գալիս, փակեցիք: Վերջապես… Եվ ուրեմն կեղտաջրերը այգու նորակիսակառույց մուտքից լցվել են ներս ու ապականել մի քանի հեկտար տարածք: Էլ չեմ ասում, որ քշել-տարել են շինարարների փռած խիճն ու կոտրտված նոր բորդյուրները: Ավինյան, որ Նիկոլը որոշի արձակուրդում եղած օրերին այցելել «կյանքի պուրակի» շինարարություն, ես ի՞նչ է, քե՞զ պիտի ցույց տամ նրան: Բա մեծ-մեծ խոսում էիր՝ մինչև 26 թիվը կավարտենք շինարարությունը: Արի նախ փորձիր առանց հակագազի մտնել բուսաբանական այգի, հետո կխոսենք: Խայտառակություն՝ բառիս բուն իմաստով: Հիշո՞ւմ ես, որ իմ գրելուց հետո բանվորների և այցելուների համար 2 հատ կապույտ գույնի բիոզուգարան բերեցիք այգի: Ես քեզ ասի՞, որ կապույտ գույնի բիոզուգարանն այստեղ չի աշխատի, պետք է կանաչը բերեիք: Ո՞վ լսեց ինձ: Հրեն, ծառերի տակ գցած են, ոչ բանվորներն են օգտվում, ոչ քաղաքացիները: Դռներն էլ փակ են: Այսինքն՝ սելավակեղտաջրերի հոտին ավելացել են նաև այգու այցելուների ու բանվորների արտաթորանքի հոտերը: Բարի վայելում, ինչպես ասում են, այս գործի թիվ մեկ պատասխանատուներին՝ Երևանի քաղաքապետին ու նրա ՔՊ-ական ավագանուն:

«Կյանքի պուրակ» կառուցելը, բնականաբար, ուղղաթիռով Սևան թռչել չէ: Ուղղաթիռը Երևանից Սևան հաշված րոպեների ընթացքում է հասնում, բայց բուսաբանական այգի հասնելը լուրջ խնդիր է: Ու դեռ բախտդ պետք է բերի, որ Նիկոլն իր շարասյունով Ենոքավան գնալիս չլինի: Այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար է Նիկոլի շարասյունը կանգնեցնելն ու նրան զոռով այգի հրելը: Ի՞նչ կա որ, թող իր աչքով տեսնի, թե ինչի է վերածվել Երևանի՝ թերևս ամենականաչ հատվածը: Թող մի կուշտ շնչի այն գարշահոտը, որ մենք ենք շնչում այգի մտնելիս ու դուրս գալիս: Տանեմ՝ Նիկոլին ցույց տամ, թե ինչպես են իր նախաձեռնությունը կյանքի կոչում, իսկ իրականում՝ մահվան դատապարտում Ավինյանն ու վերջինիս հովանավորչությամբ տենդեր շահած կազմակերպությունը: Մի հատ լավ օբյեկտ են արդեն կառուցել, Նիկոլին հաց էլ կտանք, եթե, իհարկե, կարողանա ուտել այդ գարշահոտության պայմաններում: Մի քիչ այնկողմ տեխնիկայի հավաքակայանն է: Ասես՝ գերեզմանոց լինի: Պարսկաստանից մի քանի ֆուռ է եկել՝ քարով բեռնված: Մի ֆուռը մի շաբաթում են դատարկում… գործավոր չկա, շարժ չկա, տպավորություն է, որ ոչ թե կյանքի, այլ մահվան պուրակ են կառուցում: Արի, արի քեզ զբաղեցնեմ, Նիկոլ ջան, որ Վեհարանի դեմ արշավդ մոռանաս ու մի քիչ էլ Ավինյանի վրա արշավես: Ամեն ինչ կիսատ է՝ բորդյուրները, սալահատակները, աստիճանների կասկադը, լճերը, պոմպակայանները, խաղահրապարակները, լուսավորությունը, ջրագծերը, անգամ միակ ստատիկ զուգարանը, որը կարելի էր մի քանի օրում գործարկել:

Նիկոլ, դու կենդանական աշխարհից երևի մի քիչ հասկանում ես, որովհետև գործդ կենդանիների հետ է՝ ձի, ավանակ, ՔՊ-շնիկ… Այգու վերևի հատվածի մացառները երբ խուզեցին, փասիանը վերացավ այգուց: Աղվեսները թաքնվելու տեղ չունեն, ասֆալտի վրա են արդեն ձագ հանում, եղած ծառերն սկյուռներին ու թռչուններին չեն բավականացնում: Աչքներիս առաջ բուսաբանական այգին վերածվում է միջատների ու խխունջների թագավորության: Ամեն անգամ մի փտած ծառ է ընկնում քամուց ու, եթե բան է, անցորդի գլխին չի ընկնում, ուրախանում ենք, փառք տալիս Աստծուն: Այլ խոսքով ասած՝ իրական Հայաստանի Հանրապետություն-իրական բուսաբանական այգի:

Հ.Գ. Ի դեպ, պարոն Փաշինյան, սա էլ այն հեռախոսահամարն է, որի տիրոջ հետ Ավինյանը պետք է կապի դուրս գար «Կյանքի պուրակի» շինարարության և այգին ավերելու հետ կապված հարցեր առաջանալու դեպքում: Հուսամ հիմա արդեն դու կզանգես ինձ, որ առաջին ձեռքից տեղեկություններ իմանաս Երևանի բուսաբանական այգու վերջին օրերի մասին: 095-48-39-30: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image