Մենք գրել էինք, որ Իջևանում գործող Տավուշի Պատրիկ Տէվեճեան տարածաշրջանային քոլեջի 53 տարվա դասախոս, Հայաստանի ժուռնալիստների միության, գրողների Համահայկական և ԱՄՆ հայ գրողների միությունների անդամ, 7 գրքերի հեղինակ Զավեն Ալավերդյանը Ֆեյսբուքում բաց նամակ է հղել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետ Գարեգին Խաչատրյանին, որում ներկայացրել է այն խնդիրը, որ դասերի ժամանակ իրենց քոլեջի դռները բանալիով կողպում են, ինչը արտակարգ իրավիճակների ժամանակ (երկրաշարժ, հրդեհ և այլն) կարող է վատ հետևանքներ ունենալ։ Դրանից հետո Զավեն Ալավերդյանը այդ քոլեջ- հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանից գրավոր նկատաղություն է ստացել այն պատճառաբանությամբ, որ Ալավերդյանը խաղացել է քոլեջի հեղինակության հետ։ Վերջինս այդ նկատողությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։
Զ․ Ալավերդյանը լրագրողիս հայտնեց, որ հունիսի 5-ին քոլեջի տնօրենի պաշտոնակատար Մ․ Պողոսյանը հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածներ՝իրեն խիստ նկատողություն է հայտարարել: Նա ասաց, որ իր ներկայացրած դատական հայցի հետ կապված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ն․ Անանյանը քոլեջի տնօրինությունը գրություն է ուղարկել, որով պահանջել է լուծել քոլեջում Զավեն Ալավերդյանի գործունությունը կարգավորող պայմանագիրը։
Զ․ Ալավերդյանը հունիսի 5-ին Ֆեյսբուքում գրել է․ «Այսօր ինձ հետ արտակարգ դեպք տեղի ունեցավ։ Տավուշի Պատրիկ Տէվեճեան տարածաշրջանային քոլեջի ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Լաուրա Գևորգյանին խնդրեցի ինձ տրամադրել մի փաստաթուղթ։ Ի պատասխան լսեցի. «Գլխիցս ռադ եղիր, աչքս քեզ չտեսնի (մնացած անվայելուչ բառերը գրավոր խոսքին հարիր չեն)։ Շնորհապարտ եմ Տիրոջը, որ ինձ համբերություն տվեց, թե չէ հիմա ոստիկանությունում բացատրություն գրելիս պիտի լինեի...Նման ագրեսիվ պահվածքը հարիր է նաև մյուս փոխտնօրեն Մարգարիտ Պողոսյանին, ով մի քանի շաբաթ առաջ, ֆիզիկական ուժ գործադրելով, հրմշտելով ու քաշքշելով ,ձեոքի վրա կապտուկներ առաջացնելով, քոլեջի 78-ամյա մաքրուհի Էմմա Օրդինյանին բռնի կերպով ինչ -որ փաստաթղթի տակ է ստորագրել տվել։ Մաքրուհին չգիտի թե ինչ փաստաթուղթ է եղել։ Փոխտնօրենը ձերբակալված չէ։ Հարց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին. «Ռ՞ւմ միջամտությամբ են նմանները հայտնվում կրթության ղեկավարների պաշտոններում»։