«Հրապարակի» զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է:
- Հասարակության շրջանում տեսակետներ են հնչում, որ եթե Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է, ապա Վեհափառը չի կարողանում իր շուրջը հավաքել բարձրաստիճան հոգեւորականներին եւ չի կարողանում, փաստորեն, պայքարել այն դավաճան տասը հոգեւորականների դեմ: Այսպես ասած, չի վերահսկում հոգեւորականներին եւ մտավախություն ունի, որ Եպիսկոպոսաց ժողովը չի ենթարկվի իրեն, ուստի անորոշ ժամանակով հետաձգել է այն:
- Փաստացի, այս պահին չորս եպիսկոպոս կալանավորված է, նրանք՝ չորսն էլ, պետք է Եպիսկոպոսաց ժողովին մասնակցեին, բայց չեն կարող: Ես կարծում եմ, որ նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով, Վեհափառը հետաձգել է այն, եւ հետո՝ հավանականություն կա, որ եթե տեղի ունենար ժողովը, էլի այլ հոգեւորականներ էլ կբանտարկվեին: Ինձ թվում է` այս հանգամանքները հաշվի առնելով է Վեհափառը գնացել այդ քայլին: Սրանցից հեռու չէ հոգեւորական բանտարկելը: Գիտեն՝ իրենց ինչ է պետք, եւ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում: Այդ պատճառով էլ Վեհափառը որոշել է հետաձգել Եպիսկոպոսաց ժողովը: Սրանց շատ չկա, գուցե եպիսկոպոսները մի տեղում հավաքվեին, գային բոլորին կալանքի տանեին: Ամեն բան ես հավատում եմ:
- Չկա՞ մտավախություն, որ եթե եկեղեցու առնետները` դավաճան հոգեւորականները չեն պատժվում, ապա այս երեւույթը կարող է վարակիչ լինել, եւ օրեցօր նրանց թիվը շատանա: Ի՞նչ եք կարծում` այս առումով ի՞նչ անելիքներ կան:
- Պատիժը չէ, որ կարող է որոշել, թե եպիսկոպոսներն ում կողմը թեքվեն, եկեղեցում միշտ սիրո եւ խաղաղության մթնոլորտ է եղել, եւ պատիժը չէ, որ կարող է իրավիճակը կարգավորել, հետեւաբար՝ մարդիկ, ովքեր կանգնած են Վեհափառի կողքին, կանգնած են նախեւառաջ իրենց համոզմունքներից ելնելով, խոսքը կրոնական, հոգեւոր, բարոյական համոզմունքների մասին է: Պատժի սիստեմը կարող է գործել գործադիր իշխանությունների պարագայում: Նրանք կարող են միայն այդ մեթոդներով առաջնորդվել: Բայց դա երբեք եկեղեցու ոճը չի եղել: Եկեղեցին ազատության ջատագով է: Ցանկացած եկեղեցական` ներքեւից վերեւ, լիակատար ազատ է եւ իր ազատ կամքով է ընտրել այն ճանապարհն ու կյանքը, որով ապրում է:
- Փաշինյանն այսօր կրկին անդրադարձել է եկեղեցուն, հայտարարություններ արել: Նշել է, որ եկեղեցում պետք է ՀՀ օրհներգը հնչի, դրոշը տեղադրվի, նոր կանոնագիրք ընդունվի եւ այլն: Հաջորդը լինելու է` իմ նկարը պիտի փակցվի….
- «Ընկեր Փանջունի» ֆիլմում կուսակցության դրոշը մի օր հանում են եւ տանում են, փակցնում եկեղեցու վրա: Հետո՝ վերջում եկեղեցին թալանում են, գույքը գողանում են, որից հետո իրենց կուսակցական ղեկավարը գալիս է, նրանց վռնդում է, ասում է` գնացեք, ուրիշ գյուղերում մթնոլորտ պղտորեք: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին՝ այդ ֆիլմը դիտել: Այն շատ հարցերի պատասխան է տալիս: Դիտելուց հետո շատերի մոտ ահագին հարցեր կստանան իրենց պատասխանները:
- Պատմության մեջ առաջին անգամ կողպվեց Յոթ վերք եկեղեցու դուռը, հոգեւորականները տարածքը լքեցին` ժամանակավոր, փոխարենը ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանները լցվեցին այնտեղ, ի վերջո թամաշան, որին ՔՊ-ականները պատարագ են անվանում, տեղի ունեցավ: Ի՞նչ նախադեպ էր սա: Այս քայլերով ինչի՞ է ցանկանում հասնել Փաշինյանը:
- Ինչի՞ է ցանկանում հասնել` այդ հարցին ինքը կարող է պատասխանել: Նա եկեղեցին ցանկանում է պառակտել եւ ամեն անգամ ինչ-որ մի եկեղեցի է ընտրում, անգամ չի էլ թաքցնում, որ ԱԱԾ-ի եւ տարբեր ծառայությունների կողմից քայլեր է անում, դավաճան հոգեւորականների է փնտրում, սակայն Շիրակի թեմում նրան չհաջողվեց դավաճան հոգեւորական գտնել, ստիպված՝ իր հետ այլ տեղից բերեց: Այս պատկերը շարունակական է լինելու, որովհետեւ եկեղեցում դավաճանները շատ չեն: Նա ամեն անգամ պատարագի գնալու է իր ծառաների հետ, հույսով, որ դավաճանների խումբը կարող է համալրել: Նա կարող է ավելի լուրջ քայլեր անել, օրինակ` ինչ-որ մեկին կարգեն կաթողիկոս եւ հարձակվեն Վեհափառի վրա, կալանավորեն նրան, իսկ իրենց նշանակած անձին բերեն, դնեն Վեհարանում: Ինչից հետո եկեղեցու ամբողջ ունեցվածքը բռնազավթելու են: Ընդհանուր նպատակը սա է: Նրանք ուզում են բացառապես Հայաստանի եկեղեցի` Հայաստանի կաթողիկոսով, որը ոչ մի կապ չի ունենա սփյուռքի հետ, հետեւաբար՝ Հայաստանը ոչ մի օգնություն չի ստանա սփյուռքից: Մեկ նախադասությամբ ասած` այս քայլերով փորձում են Հայաստանի կապը սփյուռքից կտրել: Ինչու, որովհետեւ Վեհափառը դրսում Արցախի հարցն էր բարձրացնում, խոսում էր արցախցիների իրավունքների եւ արցախյան մշակութային կոթողների մասին, ինչն իշխանության դիրքորոշումներին դեմ է: Եկեք չմոռանանք, որ մի խումբ թափթփուկներ դեռ 2018-ին բղավում էին․ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ»: Դեռ այդ ժամանակներից է գալիս նրանց դավադիր նպատակը: