Հարցազրույց

Վիդեոմոնտաժներով «կլիպներ» են նկարում, տակը ոգևորիչ երաժշտություն դնում․ «Նոր Զովքի» գործով կալանավորվածի եղբայր

Վիդեոմոնտաժներով «կլիպներ» են նկարում, տակը ոգևորիչ երաժշտություն դնում․ «Նոր Զովքի» գործով կալանավորվածի եղբայր

«Նոր Զովք» սուպերմարկետի գործով 4 անձ ձերբակալվել ու կալանավորվել է, որոնցից մեկը «Զովքի» ծրագրային սպասարկումն իրականացնող «Ակթրեյդ- Սոֆթ» ՍՊԸ սեփականատեր Վ․Ս-ն է։ Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ այս ընկերությանը պատկանող «գաղտնի սերվերում» են պահպանվել այն բոլոր տեղեկությունները, որոնք հաստատում են, թե իբր սուպերմարկետը խոշոր չափերի հարկեր է թաքցրել, ընկերությունում խուզարկություններ են արել, տեխնիկան առգրավել են։

Մենք զրուցեցինք «Ակթրեյդ- Սոֆթ» ընկերության սեփականատիրոջ՝ կալանավորված Վ․Ս-ի եղբոր՝ Տիգրան Սարգսյանի հետ։

- Ընկերության սեփականատերը՝ Ձեր եղբայրը, ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը։

- Բնականաբար չի ընդունում իրենց կողմից առաջադրված այդ․․․ մեղադրանք դա չեմ կարող անվանել, որովհետև մեղադրանքը պետք է հիմնավորված լինի, իսկ ես որևէ հիմք նրանց ցանկություններում, նրանց երևակայությունում չեմ տեսել, որպեսզի դա անվանեմ մեղադրանք։ Մեղադրանքն իրավական կատեգորիա է, և իրենց բառերում, իրենց հեքիաթներում ես մեղադրանքին նմանվող որևէ տեքստ չեմ տեսել։ Ես տեսել եմ ենթադրություններ, տեսել եմ հիմնավոր կասկածներ, որոնք իրենց համար են հիմնավոր, բայց որևէ փաստով ու ապացույցով ամրագրված չեն։ Ես տեսել եմ ցանկություններ, բայց այդ բոլորը կարծես մի քիչ ուտոպիայի ժանրից են, դրա համար ես դա մեղադրանք չէի համարի։

- Իսկ իրավական առումով ի՞նչ մեղադրանք է առաջադրվել։

- Իրավական առումով կարծես թե փորձում են կարել իրեն ինչ-որ հանցագործությանը օժանդակություն ցուցաբերելը, ինչ-որ հանցավոր արարքի, որը իբր կատարել են «Զովքի» աշխատակիցները, այդ արարքին իբր օժանդակող, օգնող։

- ՊԵԿ-ը տեսանյութ էր հրապարակել, որում նշում էին, որ ընկերության տարածքում խուզարկություն են կատարել, իսկ ընկերության տարածքից դուրս՝ 1.6 կմ հեռավորության վրա գտնվող շինությունում, ալյուրի պարկերի հետևում գտնվող սենյակում հայտնաբերել են թաքնված սերվեր, որտեղից էլ ինֆորմացիան են հայտաբերել, ըստ որի՝ «Զովքը» հարկեր է թաքցրել։ Նման խուզարկություններ եղե՞լ են, թաքնվա՞ծ սերվեր հայտնաբերվե՞լ է։

- Ես՝ ինքս, ականատես եմ եղել մի քանի խուզարկությունների, և ասեմ հետևյալը․ իրենք շատ մեծ ցանկություն ունեին ինչ-որ բան գտնելու, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները, որովհետև ինձ մոտ տպավորություն ձևավորվեց, որ մտել էին այնպիսի մեծ հույսերով, որ հիմա հաստատ մի բան կգտնեն։ Ամեն ինչ պրպտել են, ամեն ինչ փորձել են, ու, ոչինչ չգտնելով, խուզարկությունները ավարտել են։ Առգրավել են այն ամենը, ինչ իրենց աչքի տակ ընկել է՝ որպես տեխնիկա, նույնիսկ 6 տարեկան երեխայի այփադը, որով ինքը խաղ էր խաղում ու մուլտֆիլմ դիտում, և բնականաբար դա չէր կարող «Նոր Զովքի»-ին վերաբերող տեղեկություն պարունակող տեխնիկա համարվել։ Իրենց խուզարկության մասին որոշման մեջ գրված էր՝ «բացառապես «Նոր Զովք» սուպերմարկետին վերաբերող տեխնիկա»։ Այնպես որ այդ խուզարկությունների վերաբերյալ ես կարող եմ ասել, որ իրենց այդ լայնամասշտաբ շոուն, որ կազմակերպել են, հետապնդել է մի նպատակ․ ռիսկի գնալ, «վա բանակ» գնալ՝ մի բան գտնելու ակնկալիքով։ Իսկ ինչ վերաբերում է «սերվերներին», ինչը, իմ կարծիքով, իրենք անգրագիտաբար անընդհատ կրկնում են, այդտեղ սերվերներ չեն եղել, այնտեղ, իմ իմանալով, 1 հատ սերվեր է, որի մեջ շատ ինֆորմացիոն բազաներ կան, որոնցից միայն 1-ն է «Նոր Զովքին» վերաբերում, և համագործակցության այն առաջարկներին, որ աշխատակիցները ցանկացած փուլում էլ արել են, որ՝ եկեք համագործակցենք, ձեզ անհրաժեշտ տվյալն ուզեք, մենք դա ձեզ տանք, բայց ոչինչ մի առգրավեք, որովհետև ձեր նպատակը մեր գործունեությունը խոչնդոտելը չէ, այլ ինֆորմացիա վերցնելն է, որը մենք սիրալիր ձեզ տրամադրում ենք։ Այսինքն՝ եկե՞լ եք «Նոր Զովք»-ի մասին ինֆորմացիա ստանալու, մենք այդ ինֆորմացիան ձեզ տրամադրում ենք, ինչո՞ւ եք սերվերը առգրավում։ Այստեղ արդեն այլ հարց է առաջանում, թե արդյոք նրանց միակ նպատակը «Զովքի» բազային տիրանա՞լն էր, թե՞ իրենք ուզում էին այդպիսով ավելի մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել՝ մոտ 50-ից ավելի այլ ընկերությունների վերաբերող, որովհետև իրենք իրավունք չունեն այդ ճանապարհով ուրիշների բազաներին էլ տիրանալու։

- Այսինքն՝ այլ ընկերությունների կոմերցիոն գաղտնիքներ և՞ս իրենց հասանելի են դարձել։

- Այո, Տեղեկատվության գաղտնիության մասին օրենքին ես հղում կտայի, և կոմերցիոն գաղտնիք է հանդիսանում այլ ընկերությունների բազաները։ Ի դեպ, այդ այլ ընկերությունների մեջ կան որոշ ընկերություններ, որոնք արդեն իսկ իրենց դժգոհությունները գրավոր կերպով հայտնել են՝ և՛ բաց նամակի տեսքով, և՛ մեզ են այդ գրություններն ուղարկել, որոնց մասին նրանք քաջատեղյակ են։ Այնպես որ ես չեմ կարծում, թե նրանք միամիտ են ու չեն հասկացել, թե ինչ են անում, իմ կարծիքով՝ իրենց նպատակը ոչ միայն «Նոր Զովքին» վերաբերող տեղեկատվության որոնումն էր, որը մի վայրկյանում իրենց կարող էր տրամադրվել, այլ ուղղակի տնտեսվարողների գործունեությանը խոչնդոտելն էր, խանգարելը, հնարավորինս չափով ճնշելը, որպեսզի ինչ-որ այլ խնդիրներ լուծվեն, իսկ այդ այլ խնդիրների վերաբերյալ ես այս պահին չեմ կարող չակերտներ բացել, որովհետև իրենց կողմից առաջարկներն այնքան շատ են, որ մենք չենք կարողանում մշակել, թե որը ֆիլտրենք, հանենք դուրս, որին անդրադառնանք, որը արհամարհենք։ Այդքան առաջարկներ են արվում ամեն օր։

- «Առաջարկ» ասելով ի՞նչ նկատի ունեք։

- Օրինակ՝ այսինչն արեք, որպեսզի ձեր տեխնիկան հետ ստանաք, այնինչն արեք, որ չձերբակալենք, այսինչ բանն արեք, որպեսզի ձերբակալվածներին ազատ արձակենք։ Այսինքն, ես այսպես եմ մտածում․ մարդուց գողանում են ինչ-որ բան, հետո ասում են՝ այսինչը տուր, որ գողոնը հետ վերադարձնենք։ Գողոն ասելով՝ ես նկատի ունեմ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույք։

- Պարոն Սարգսյան, Դուք հերքո՞ւմ եք այն բոլոր մեղադրանքները, որոնք հանրային կերպով ՊԵԿ-ի և Քննչական կոմիտեի կողմից ուղղվել են ընկերությանը։

- Իմ խորին համոզմամբ՝ այդ մեղադրանքը իր հիմքում որևէ ապացույց չի պարունակում։ Որևէ իրավական հիմքեր կամ օրենքին հղումներ, որով կկարողանան ապացուցել, իրենք չունեն, իմ խորին համոզմամբ՝ դա արվում է ռեպրեսիաների տեսքով, այսինքն՝ այնքան կճնշենք, մինչև խոստովանական ցուցմունք կգրեք, ինչը, հավատացնում եմ և՛ Ձեզ, և՛ իրենց, կունենա հակադարձ էֆեկտը։ Այսինքն՝ նման ճանապարհով օրինապաշտ տնտեսվարողների հետ շփվելը ես շատ սխալ մարտավարություն եմ համարում և հորդորում եմ վերևներում նստած հրամաններ ստորագրող անձանց, որ իրենք լավ մտածեն, թե ով է իրենց հարազատը և ով՝ իրենց թշնամին, և հանկարծ հարազատ մարդուն թշնամի չդարձնեն, դրանով իրենք ոչինչ չեն շահի։ Այդ շոուները, որ իրենք նկարահանում են, վիդեոմոնտաժներով տեսահոլովակներ են պատրաստում, ոգևորիչ ինչ-որ երաժշտություն են դնում, ինչ-որ անկապ նյութեր իրար կպցնելով նյութ են ստանում, դրա վրա ժամանակ ու ռեսուրս է, չէ՞, վատնվում, իրենք այդպիսի «կլիպեր» նկարելու ու պոպուլիզմով զբաղվելու փոխարեն գոնե թող վարույթի նյութերը ուսումնասիրեին, գոնե ինչ-որ լուծումներ գտնեին խնդրին, չէ՞ որ իրենք ինչ-որ խնդիրներ լուծելու համար են եկել, ոչ թե խնդիր ստեղծելու։ Թե՞ ես սխալվում եմ, և իրենք խնդիրներ ստեղծելու համար էին եկել։ Եթե իրենք ուզում են խնդիրներ ստեղծել, ապա հնարավոր է մի այնպիսի օր գա, որ այդ խնդիրների տակից իրենք էլ դուրս չգան, հեռու չէ այդ օրը, բայց եթե ուզում են, որ խնդիրները լուծենք միասին, ապա համագործակցության ձեռքը մեկնված է առաջին իսկ վայրկյանից, որովհետև իրենք երբ մտան խուզարկության, ասացին, որ այսինչ ինֆորմացիան է պահանջվում, որևէ խոչընդոտ, որևէ դիմադրություն նրանց չի եղել ոչ մի աշխատակցի կողմից, ընդհակառակը՝ շատ սիրալիր, շատ նորմալ մոտեցում է ցուցաբերվել, բայց երբ սկսեցին տեսախցիկները անջատել ու բոլորի ձեռքից առգրավել անձնական իրերը, այստեղ արդեն մարդկանց մոտ հիմնավոր կասկածներ առաջացան, թե սրանք ո՞վ են, ինչո՞ւ են անջատում տեսախցիկները, եթե ամեն ինչ իրավական ու օրինական դաշտում է։ Այդտեղից մենք արդեն սկսեցինք կասկածել, թե արդյո՞ք նրանք իրավական դաշտում են աշխատում, արդյո՞ք նրանց նպատակը իրոք «Նոր Զովքի» նյութեր հայթայթելն է, թե՞ այլ նպատակ են հետապնդում։ Դժվարությունները կոփում են ուժեղ մարդկանց, և ուժեղ մարդիկ ավելի են ուժեղանում դրանցից, ու թող ոմանց չթվա, թե համեստությունը, գլուխը շատ չբարձրացնելը, գլուխը կախ աշխատելը, պարտաճանաչ հարկերը վճարելը թուլության նշան են։ Շատ մարդիկ կան, որ շատ մեծ հնարավորություններ ունեն, ուղղակի իրենց դաստիարակությամբ, կրթությամբ իրենք շատ համեստ են ապրում, և իրենց հնարավորություններն ուղղում են հայրենասիրական գործերին, կրթական գործերին, կողքիններին օգնելու գործերին, այլ ոչ թե ցուցադրականությանը։ Հնարավոր է, որ որոշ անգրագետներին դա թուլություն թվա ու իրենք դրանից առիթավորվեն, բայց թող մի քիչ ավելի խոր մտածեն, թե ում հետ են թշնամանում, և փորձեն ընկերանալու եզրեր գտնել, որի պարագայում շատ ավելի խնդիրներ միասին կլուծենք, իսկ թշնամանալու դեպքում որևէ խնդիր չի լուծվի, այլ հակառակը՝ նոր խնդիրներ կառաջանան։
 

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image