Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին:
Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ հանդիսանում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնողները:
Առաջադրումների համար ժամանակ է հատկացված մարտի 5-ից մինչև մարտի 10-ը 18:00, իսկ հետո արդեն գրանցման գործընթացն է սկսվելու: Ընտրական օրենսգիրքը հստակեցնում է, թե ովքեր չեն կարող Գյումրիի ավագանու անդամի թեկնածուներ լինել:
Մարտի 15-ից կմեկնարկի քաղաքական ուժերի քարոզչական գործընթացը եւ կավարտվի մարտի 28-ին՝ ժամը 24:00-ին:
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը :
Քաղաքապետի թեկնածուներն արդեն իսկ ուրվագծվել են:
6 թեկնածուի մասին է առայժմ հայտնի, որոնք առաջադրվելու են Գյումրու քաղաքապետի ընտրություններին: Նրանցից մեկն է գյումրեցի գործարար Կարեն Սիմոնյանը: Hraparak.am-ի զրուցակիցը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սիմոնյանն է:
-Պարոն Սիմոնյան, թեպետ պաշտոնապես չեք հայտարարել, բայց կան տեղեկություններ, որ Դուք առաջադրվելու եք «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակով:
-Ես պաշտոնապես դեռևս ոչինչ չեմ հայտարարել, բայց մի քանի օրից, չի բացառվում, որ հայտարարությամբ հանդես գամ, եւ խոսեմ այդ մասին:
-Ուրեմն կարելի է ենթադրել, որ իրոք առաջադրվելու եք․․․: Դուք կայացած գործարար եք, ի՞նչն է ստիպում ձգտելու քաղաքապետ դառնալ: Այս քաղաքական թոհուբոհի մեջ գլխացավա՞նք չէ:
-Յուրաքանչյուր գործունեություն, որ ես ծավալում եմ, եթե ինձ հաճելի չէ, չեմ անի, ես անում եմ այն, զբաղվում եմ նրանով, ինչն ինձ հաճույք է պատճառում: Ինձ համար հաճելի են հանրային շփումները ,բացի այդ սիրում եմ լավը տեսնել, այդ լավը ուզում եմ տեսնել իմ քաղաքում: Եւ մի բան՝ այն, ինչ անում ես, պետք է առաջինը քեզ համար անես․․․․․, այն , որ ասում են՝ գալիս ենք ձեր համար, այդպես չէ, մինչև քո անձնականի համար չգաս, չես կարող լավը անել, եւ այն սփռել շուրջդ:Եթե իմ շահը չի համընկնում հենց իմ շահի հետ, ուրեմն անիմաստ է որևէ բան ձեռնարկելը: Հիմա քաղաքն էլ այդպիսին է, իմն է, ուրեմն ես առաջինը այնտեղ պիտի ինձ լավ զգամ, հասկանամ, որ իսկապես լավ է, եւ նույնը արդեն քաղաքացին կզգա, ստացվե՞ց, որ նախ եւ առաջ ինձ համար եմ անելու :Ցանկացած գործ, որը վերածվում է խաղի եւ հաճույք ենք ստանում, հաջողությամբ է պսակվում: Մարդը մինչև հաճույք չստանա, գործին չի կպնի:
- Պարոն Սիմոնյան, 10 օրից ավել է՝ ստորագրահավաք եք իրականացնում Գյումրիում՝ մի նախագծի համար․ Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի , դա կբերի 500 մլն դոլարի ներդրում և կստեղծվեն 15,000 նոր աշխատատեղեր՝ խթանելով տնտեսության զարգացումը: Դա խոստո՞ւմ է, թե՞ ինչ․․․․․, որքանո՞վ է իրատեսական:
-Դա խոստում չէ, սա կազմակերպչական աշխատանք է, ստորագրահավաքն անում ենք, որպեսզի պատկան մարմիններին դիմենք, հիմա կազմակերպում ենք, որպեսզի պահանջատեր լինենք: Եթե հիշո՞ւմ եք, 2019թ-ին հենց այս իշխանությունը նախագիծը բերեց Գյումրի, իրենք հայտարարեցին, թե ազատ տնտեսական գոտի են ստեղծելու Գյումրիում, եւ մնաց թղթի վրա: Հիմա, եթե իրենցից չենք, պետք է քննադատենք, եթե չգիտեմ, թե որքան է դեռ մնալու այս իշխանությունը, պետք է պահանջատեր լինենք, եթե իրենց դեմ է լինելու, ուրեմն գյումրեցին ինքն է հեռացնում: Մենք գիտենք, թե մեր քաղաքի բյուջեն որքան քիչ է, եւ պետք է արվի այնպես, որ ֆինանսական հոսքը Գյումրի ապահովվի : Ես հաճախ եմ բերում օրինակը, երբ ջուրը ուժեղ է հոսում, գնում, կորում է, բայց երբ կաթ-կաթ է գալիս, փոս է առաջացնում:
-Պարոն Սիմոնյան, դեռ թեկնածուների առաջադրումները չեն սկսել, ավելին, քարոզարշավի մեկնարկին բավականին ժամանակ կա, բայց Գյումրիում նախընտրական թեժ կրքեր են, համացանցով միմյանց անխնա վիրավորում են, տեսնում եք՝ ինչեր է կատարվում: Չնայած Դուք բավականին զուսպ եք, բայց այդ մթնոլորտում ինչպե՞ս եք պատկերացնում քարոզարշավի ընթացքը:
-Եթե ձեր հարցն էլ հարցով ձևակերպեմ՝ թե ինչպես կուզեի, որ անցնեին Գյումրու ընտրությունները, ասեմ՝ բացարձակ չէի ուզի, որ այս ամենը տեղափոխվի անձնական տիրույթ, վիրավորանքները մեկը մյուսին, դա նույնն է, թե մեզ ենք վիրավորում: Անհատական որևէ վիրավորանք ընդունելի չէ: Սարիկը մեր քաղաքի տղեն է, նույնը՝ մեր Ռուբենը, հիմա կապ չունի, թե ով ինչ է արել կամ չի արել, հիմա գլխավորն այն է, թե ով ինչի համար է ուզում մտնել քաղաքականություն: Հիմա բոլորովին այլ իրավիճակ է: Եթե քննադատում են, թող քննադատեն տվյալ թեկնածուի քաղաքական օրակարգը, եւ տան հնարավորություն, որ գյումրեցին ճիշտ ընտրություն անի:
-Կարծիք կա, որ գյումրեցիներից շատերն ընտրությանը չեն մասնակցելու, հիասթափված են, Դուք ամենօրյա շփման մեջ եք քաղաքացիների հետ, այդպե՞ս է:
-Մի քիչ հավատի բացակայություն կա, բայց լավատես լինենք, մարդկանց հետ պետք է աշխատել, իսկ դա յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի: