Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցել են՝ ԱՄՆ կողմից սահմանված առևտրային բարձր մաքսատուրքերին հակազդեցելու ուղղությամբ: Downing Street-ի տարածած հայտարարության համաձայն, երկու առաջնորդները համաձայնել են, որ առևտրային պատերազմը չի բխում որևէ մեկի շահերից ու վատ հետևանքներից խուսափելու համար պետք է աջակցության ծրագրեր մշակել՝ եւրոպական գործարարներին աջակցելու համար, որ ԱՄՆ արտահանումների նվազեցման հետեւանքները նվազագույնի հասցնեն:
Մակրոնն ու Ստարմերը դեմ են արտահայտվել առևտրային էսկալացիային։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Մեծ Բրիտանիայի համար ԱՄՆ-ն սահմանել է 10 տոկոս մաքսատուրք, իսկ Եվրամիության համար 20 տոկոս, այդ իսկ պատճառով Մակրոնի դիրքորոշումը մի քիչ ավելի սուր էր և սկզբից շատ ավելի կոպիտ արտահայտվեց: «Սակայն հիմա Մակրոնը սկսեց մեղմացնել իր դիրքորոշումը: Եվրամիությունում պատկերացում է ստեղծվում, որ ԵՄ-ն չի կարող ԱՄՆ-ի հետ մրցել ու հաղթել նրան՝ տնտեսական պատերազմում, սա բացառված է: ԱՄՆ-ն այս պահի դրությամբ շատ ավելի հզոր է: Ուրիշ բան, որ Թրամփի քաղաքականությունը կարող է բազմաթիվ խոչընդոտներ ու խնդիրներ ստեղծել նաև ԱՄՆ տնտեսության համար էլ, որովհետև կարծես թե նպատակը հասկանալի է, սակայն դրան հասնելու միջոցները շատ սխալ են ընտրված»,-ասաց տնտեսագետը:
ԱՄՆ-ի կողմից տնտեսական նոր քաղաքականության՝ Եվրամիության համար հնարավոր ամենավատ հետևանքները կարող է լինել Եվրամիության քայքայումը. «Չեմ կարծում, որ քանդումը, բայց քայքայումը հնարավոր է և եվրաինտեգրման հետընթաց, որը գրեթե անխուսափելի է դառնում: Թրամփի կողմից այս մաքսատուրքերն, իհարկե, նաև ներքաղաքական նպատակ ունեն, բայց գլխավոր նպատակը թափանցիկ է, Թրամփն այս առումով շատ պարզ է` ուզում է արտաքին առևտրի հաշվեկշիռը զրոյացնել կամ դրական դարձնել՝ հիմա նա այդ խնդիրն է փորձում լուծել: Եվ Եվրամիությունն այստեղ իր հետ մրցակցում է, որովհետև ԵՄ-ի արտահանումը դեպի ԱՄՆ շատ ավելի մեծ է, քան թե հակառակ ուղղությամբ, այնպես որ այստեղ տնտեսական որոշակի պատճառներ կան, բայց ԵՄ-ի հետ նաև քաղաքական պատճառներ կան այսպես վարվելու»,-եզրափակում է Հրանտ Միքայելյանը: