Չնայած ամենօրյա կանոնավոր եւ մահացու փոխադարձ հարվածներին, ավելի քան 4 տարի շարունակվող արյունալի պատերազմին, վերջին շրջանում հատկապես Կիեւից ու ամենաբարձր մակարդակով՝ Զելենսկու շուրթերով, հաճախ են հնչում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր, ՌԴ նախագահի հետ դեմառդեմ հանդիպելու մասին ակնարկներ, իսկ օրերս՝ արդեն ուղիղ առաջարկ։ Սա մի կողմից հույս է ներշնչում, որ մարդկային հարյուր հազարավոր կյանքեր խլած եւ խլող «եղբայրասպան» պատերազմը հյուծել եւ ձանձրացրել է երկու կողմին էլ, սակայն ամեն ինչ իրականում այնքան պարզ չէ՝ դատելով Զելենսկու՝ Վլադիմիր Պուտինին ուղղված վերջին բաց նամակին Կրեմլից հնչող կոշտ արձագանքից։
Հունիսի 4-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահը բաց նամակ է հղել ՌԴ նախագահին՝ հայտարարելով, որ Ուկրաինան կարող է կտրուկ բարձրացնել պատերազմի գինը Ռուսաստանի համար, եւ կոչ անելով անձամբ հանդիպել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Իր պաշտոնական կայքում հրապարակած նամակում Զելենսկին նշում է, որ «պատերազմն ավելի ու ավելի բացասական է ազդում Ռուսաստանի վրա»: Նրա խոսքով՝ ՌԴ բնակիչներին դուր չեն գալիս «մեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները», բենզինի պակասը, մշտական սահմանափակումները եւ նախատեսվող զորահավաքը։ Հղում անելով հետախուզական տվյալներին՝ Զելենսկին նաեւ հայտնել է, որ մայիսին Ուկրաինայի առաջնագծում սպանվել կամ ծանր վիրավորվել է 30 հազար ռուսաստանցի, եւ որ այս ցուցանիշը պահպանվում է մի քանի ամիս շարունակ։ Զելենսկու խոսքով՝ «Ռուսաստանի կորուստների 63%-ը զոհերն են եւ միայն 37%-ը՝ վիրավորները»։
«21-րդ դարում բանակները չեն կարող իրենց թույլ տալ նման հավասարակշռություն։ Զոհվածների համամասնությունն ապագայում կաճի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա կոչ է արել Պուտինին՝ դեմառդեմ բանակցություններ վարել չեզոք երկրում եւ կրկին մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ հանդիպելու Մոսկվայում։ Զելենսկին նշել է, որ Պուտինի կառավարման 26 տարիներն «ամբողջությամբ փոխվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների օրակարգը․ «Մեր ժողովուրդներն առեւտրի եւ քաղաքացիական այլ հարցերի քննարկումից անցել են բացառապես հարվածների եւ կորուստների մասին խոսելուն»։ Նրա պնդմամբ, ԱՄՆ-ն իր ողջ ուշադրությունը նվիրում է Իրանի հարցին, եւ սխալ կլինի պարզապես սպասել, թե երբ հերթը կհասնի Եվրոպայում պատերազմին։ «Ուկրաինան առաջարկում է պատերազմը դադարեցնել մեր եւ ձեր միջեւ ձեւաչափով»,- գրել է նախագահը եւ միաժամանակ մի քանի կետ է նշել՝ Պուտինի հետ բանակցությունների նախապատրաստման եւ ձեւաչափի վերաբերյալ։ Օրինակ, առաջարկել է նշանակել հստակ ամսաթիվ եւ հանդիպումն անցկացնել երրորդ երկրում, ոչ թե Մոսկվայում կամ Կիեւում։ Առաջարկել է Շվեյցարիան, Թուրքիան, արաբական երկրները։ Միաժամանակ առաջարկել է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների մասնակցությունը բանակցություններին՝ նշելով, որ պատերազմը տեղի է ունենում Եվրոպայում, եւ տրամաբանական է նրանց մասնակցությունը, ովքեր կարող են հանդես գալ որպես երաշխավորներ։
Զելենսկին նաեւ առաջարկել է կրակը դադարեցնել առաջնագծում․ «Ներկայիս առաջնագիծն այն գիծն է, որտեղից պետք է սկսվի դիվանագիտությունը։ Ուկրաինան պատրաստ է լիովին դադարեցնել կրակը բանակցությունների ողջ ընթացքում»։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահն առաջարկել է նաեւ ԱՄՆ-ի կողմից հրադադարի մոնիտորինգ եւ գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ «Եթե դուք անձամբ ձեր մտքում չհանգեք այն եզրակացությանը, որ ժամանակն է ավարտել այս պատերազմը, Ուկրաինան կշարունակի պայքարել իր գոյության համար։ Մեզ հետ կլինեն նրանք, ովքեր կաջակցեն մեզ։ Բայց դուք նույնպես ստիպված կլինեք շատ ավելի մեծ ջանքեր գործադրել՝ պայքարելու ձեր սեփական գոյության համար․ ոչ թե Ռուսաստանի, այլ՝ ձեր սեփական։ Եվ սա սպառնալիք չէ ինձնից կամ Ուկրաինայից։ Սրանք Ռուսաստանի պատմության փաստեր են, որոնք դուք լավ գիտեք. երբ Ռուսաստանը հոգնում է, տեղի են ունենում փոփոխություններ։ Մենք կարող ենք աշխատել նման ուժասպառության հասնելու համար։ Դուք կարող եք դադարեցնել ձեր պատերազմը»,- նամակը եզրափակել է Զելենսկին։
Պուտինի պատասխանը չի ուշացել․ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ներկայում որեւէ պատճառ չի տեսնում հանդիպելու Ուկրաինայի նախագահի հետ։ «Այս նամակը պարունակում է բավականին կոպիտ դիտողություններ։ Դա անձնական հանդիպման համար պայմաններ ստեղծելո՞ւ, թե՞ անձնական հանդիպում չնշանակելու միջոց էր։ Կարծում եմ՝ վերջինն էր»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը նաեւ մեկնաբանել է հաղորդագրության մեջ իր տարիքին վերաբերող հղումները. «Գլխավորը տարիքը չէ, այլ կոմպետենտությունը, աշխատելու ունակությունը»։ Այն, որ Կիեւը հնարավոր է համարել հանրային քննարկում ծավալելը, Պուտինը բացարձակ սխալ ու անդաստիարակություն է անվանել։ Անհասկանալի է, թե ինչու է Զելենսկին Թրամփի վարչակազմին զրկում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրերի երաշխավոր լինելու իրավունքից։ Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է վարեն համապատասխան գերատեսչությունների հատուկ պատրաստված անձինք՝ ասել է նա։
Զելենսկու «աղմկահարույց» նամակին անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահը։ Լրագրողները նրան հարցրել են` արդյո՞ք Զելենսկին եւ Պուտինը պետք է հանդիպեն, նախքան ԱՄՆ-ն վերսկսի բանակցությունների միջնորդի դերը, որն այս փուլում, Իրանի հետ կապված գործողությունների պատճառով, դադարեցրել են։ «Ես դեմ չեմ դրան։ Այսինքն՝ թող իրենք կարգավորեն։ Ես նրանց հասցրել եմ այս իրավիճակին եւ կարծում եմ՝ ամեն ինչ կլուծվի»,- պատասխանել է Թրամփը։ Նա վստահ է, որ հիմա «մոտենում է այն պահը, երբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խնդիրը պետք է կարգավորվի», ու եւս մեկ անգամ հիշեցրել է, որ «սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար եւ երբեք չէր լինի, եթե ես նախագահ լինեի»։ Չնայած հակասական արձագանքներին, փաստ է, որ Զելենսկու բաց նամակը վկայում է հակամարտության նոր փուլի, նոր իրողությունների մասին, իսկ թե որոնք են դրա իրական նպատակն ու կանխատեսելի հետեւանքը, առայժմ հայտնի չէ, այնպես, ինչպես պարզ չէ, թե այս ամբողջ աղմուկի մեջ ում ձայնն է ավելի ազդեցիկ ու որոշիչ, եւ ով է իրականում խաղաղության ձգտում։