Հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ զինծառայողները ընտրությանը մասնակցել են սահմանամերձ բնակավայրերում։ Այն ընտրատեղամասերը, որտեղ զինվորները քվեարկել են, ՔՊ-ի ցուցանիշը անհամեմատ բարձր են։ Մեզ ասում են, որ դա մտածված է արվել, որ սահմանամերձ գյուղերում արձանագրված քվեները ներկայացնեն որպես ՔՊ-ի հանդեպ սահմանին ապրողների հավանություն, իբրեւ թե խաղաղության ազդեցություն եւ այլն: Մենք տեղեկացանք, որ բացի Սոթքից ու Կիրանցից զինվորներն ու սահմանապահները քվեարկության մասնակցել են նաեւ Շուռնուխում, Որոտանում ու Խնձորեսկում։ Օրինակ, Շուռնուխում ընտրելու իրավունք է ունեցել 145 քաղաքացիական անձ, որից 81-ն է մասնակցել ընտրությանը։ Բայց այստեղ ընտրությանը մասնակցել է նաև 65 զինվոր, ինչի արդյունքում ՔՊ-ն այս համայնքում հաղթել է՝ ստանալով 80 քվե։ Մինչդեռ եթե զինվորները այս ընտրատեղամասում չքվեարկեին, ՔՊ-ն առավելագույնը 15 -20 ձայն կստանար։ Շուռնուխցիներից 29-ը քվեարկել է «Ուժեղ Հայաստան»-ի, 14-ը՝ «Հայաստան» դաշինքի, 5-ը՝ ԲՀԿ-ի, 4-ը՝ «Միասնության թևեր»-ի, 3-ը՝ «Նոր ուժ»-ի օգտին։ Երկուական ձայն էլ ստացել են Հայաստանի շնորհապետական և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունները, իսկ 7 քվեաթերթիկ անվավեր է եղել։
Շուռնուխի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղի բնակիչների վրդովմունքը մեծ է, քանի որ տպավորություն է, որ ընդամենը 15 քվե ստացած ՔՊ-ն հաղթել է իրենց գյուղում եւ դա իրենց գյուղի վրա դրված «խարան» է։ «Ոնց որ զորքը հատուկ բերած լինեին մեր գյուղ, որ իրենց ուզած թիվը նկարեին ու ասեին` տեսեք-տեսեք Շուռնուխում ամեն ինչ էնքան լավ ա, որ մարդիկ մեզ են ընտրել»։