Քիչ առաջ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Ավանի դատարանի նախագահի պարտականությունները կատարող դատավոր Ժորա Չիչոյանը գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը մակագրել է դատավոր Արտակ Կարապետյանին։ Վերջինս 2024-ին է նշանակվել այդ դատարանում դատավոր, սա իր մեծ հնչեղություն ունեցող առաջին գործն է։ Նշենք՝ ավելի վաղ գրել էինք, որ դատարանի նախագահը մինչեւ վերջին պահը չի կարողանում դատավոր գտնել, որին կմակագրվի այդ միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Նման կոչ է դիտվել «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին» արտահայտությունը, որտեղ որեւէ կոչ` իշխանությունը զավթելու մասին չկա: