Հայրս, Գևորգ Էմինը, ինչպես Հայաստանում համարյա միշտ է լինում, սկզբից պաշտոնական Ճանաչման էր հասել Հայաստանից դուրս, Սովետմիության մայրաքաղաք Մոսկվայում: Մինչ այդ, 1946-ին հրատարակված «Նորք» բանաստեղծությունների ժողովածուն Հայաստանի բոլոր գլխավոր թերթերում ենթարկվել էր մահացու քննադատության: Ինչը մորս՝ Նվարդ Տերյանին այդ դաժան տարիներին այնքան էր վախեցրել, որ նա վազել եկել էր տուն և ասել. «Ժորժիկ, - այդպես էին այն օրերին շատերը կոչում հորս, - քեզ բոլոր թերթերը քննադատել են»: Դրան ի պատասխան հայրս, որը մերօրյա խոսքով ասած շատ «դուխով», նաև, հանդուգն մարդ էր, պատասխանել է. «Մի վախենա, դա ինձ կբերի հանրահայտություն: Այսօրվանից ես հայտնի բանաստեղծ եմ դարձել»: Եվ իրոք, «Նորք» ժողովածուի բոլոր օրինակները շատ արագ վաճառվել էին…
Բայց պաշտոնական ճանաչման նա հասել էր Հայաստանից դուրս՝ Մոսկվայում, որտեղ իր բանաստեղծական վարպետությունը 1949 -50 թվականներին կատարելագործել էր այնտեղի Գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում: Այդ հաջողությանը մեծապես նպաստել էր այն, որ ուսման տարիներին նա ապրել էր տատիկիս՝ Անահիտ Տերյանի տանը, որը Մոսկվայի գրական-գեղարվեստական էլիտայի հավաքատեղին էր դարձել:
Այնտեղ էր Էմինը ծանոթացել Վերա Զվյագինցևայի, իր բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունների ապագա մյուս հիանալի թարգմանիչների հետ, որոնց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ էր նաև ռուսալեզու ընթերցողի համար դարձել հանրահայտ: Այդտեղ ձեռք բերված կապերի և ռուսալեզուների շրջանում ստացած հանրահայտության շնորհիվ էր նաև «Նոր ճանապարհ» գրքի համար 1951-ին արժանացել Ստալինյան (հետագայում վերանվանվեց՝ Պետական) մրցանակի: Այդ ամենը նպաստել էր, որ 1951-54 թվականներին նա դառնա սովետական գլխավոր գրական թերթի՝ «Литературная газета»- ի հայաստանյան թղթակիցը: Հայաստանի մասին այդ թերթում տպագրված հոդվածաշարը դարձել էր Գևորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» հանրահայտ գրքի հիմքը: Բայց երբ ԽՍՀՄ Պետական մրցանակների արդեն իսկ կրկնակի դափնեկիր դարձած բանաստեղծը Հայաստանին նվիրված և Հայաստանն ու հայությանը աշխարհին ներկայացնող, բազմաթիվ օտար լեզուներով թարգմանված այդ գիրքը 1970-ականների վերջում ներկայացրեց Հայկական ՍՍՀ պետական մրցանակի մրցույթին, հայտնվեց պարտվածների շարքերում: Ինչը նրան շատ էր տխրեցրել: Բանաստեղծն ասում էր. «Բայց չէ՞ որ այդ մրցանակն ասես ստեղծված լինի հենց այս գրքի համար»:
Այսօր ևս շատերը շարունակում են հիշել ու հիանալ նրա ստեղծագործություններով: Այդուհանդերձ, 2019 թվականին նշված բանաստեղծի 100-ամյակը պետական մակարդակով նշանավորվեց միայն նրանով, որ Գևորգ Էմինի բանաստեղծություններից մեկը եթերում արտասանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եթե հայրս կենդանի լիներ, շատ կտխրեր: Որովհետև նա, ի տարբերություն պապիկիս՝ Վահան Տերյանի, կարևորում էր հոբելյանների անցկացումը: Հատկապես սիրում էր, որ մեծ երգչախմբերը կատարեն իր բանաստեղծությունների բառերով գրված երգերը:
Գրիգոր Էմին-Տերյան