Արվեստագետ, դասախոս, գեղարվեստական քննադատ Սերգեյ Խաչատուրովը հայտնի մասնագետ է արվեստի ոլորտի մարդկանց շրջանում՝ լինեն նրանք պրոֆեսիոնալներ, թե սիրողական մակարդակով հետաքրքրված անձինք։ Խոր գիտելիքներն ու բազմամյա փորձը նա արտացոլել է իր նոր՝ «Փլատակների անթոլոգիա․ փլատակների թեման՝ եվրոպական մշակույթի կոնտեքստում» աշխատությունում։ Գիրքը հետաքրքրաշարժ ու զգայական աշխատություն է, որը կաշառում է ընթերցողին իր խոսակցական լեզվական նրբերանգով։ Պարզաբանումներն այնքան ճշգրիտ ու պարզ են, որ նույնիսկ արվեստից գաղափար չունեցողն էլ կկարողանա պատկերացում կազմել, թե «ինչն ինչոց է»։
Հեղինակն իր աշխատությունը որակում է որպես «Գրառումներ եւ երեւակայության կապրիզ»։ Սակայն այն նաեւ գիտահանրամատչելի դասախոսությունների ընդարձակ շարք է, որն «աշխուժացվում» է հեղինակի մեջբերած բազմաթիվ ցիտատներով։ Ու այդ ամենը՝ փլատակների մասին։ Խաչատուրովը մեջբերում է արվեստագիտական հոդվածներ, եւ պարզ է դառնում, որ իրականում շատ հեղինակների է հետաքրքրում փլատակների թեման։ Գիրքը կառուցված է ըստ արվեստի պատմության մեջ ընդունված ժամանակագրության։ Սակայն ընտրված գործերը կամ հերոսները ընթերցողին կարող են անակնկալի բերել։ Շարադրանքն այնպիսին է, որ կարծես մինչեւ վերջին պահն ընթերցողը չի կռահում, թե հեղինակն իրեն ուր է առաջնորդում։ Դրա շնորհիվ էլ ընթերցանությունը չի ձանձրացնում կամ հոգնեցնում։ Բացի պատմական մասը ներկայացնելուց, հետաքրքիր են հատկապես ռուսական եւ խորհրդային իրականությունը ներկայացնող հատվածները, դրանցում կատարված վերլուծությունները։ 280 էջանոց գրքում Խաչատուրովի ուշադրության կենտրոնում միայն նրանք են, ովքեր ձոներգել են փլատակները, հիացել, հուսավառվել կամ դրանք դարձրել ուսումնասիրության նյութ՝ որպես պատկերավորման այլաբանություն։