Քաղաքականություն

Իշխանության կադրային սո՞վ. չէ մի չէ

Իշխանության կադրային սո՞վ. չէ մի չէ

ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական ցնցող բացահայտումն է արել: «Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, որի արդյունքում էլ հենց ՀՀ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Իսկ մարդկային ռեսուրսի ճգնաժամն էլ նրանից է, որ բնակավայրերի 70 տոկոսից ավելիում մանկապարտեզ չկա»,- ասել է նա: Մանկապարտեզներն, իհարկե, անհրաժեշտ են, որպեսզի ծնողները կարողանան աշխատել: Բայց թե ինչպես է դա նպաստելու կադրային սովի հաղթահարմանը՝ երևի տեղյակ է միայն «մեծարգո վարչապետը»: Իսկ իրական պատճառը, թե ինչու իշխանությունը չի կարողանում գտնել նորմալ կադրեր, բացահայտելու համար Նիկոլը պետք է փնտրի իր վարչապետության պարագայում: Օրինակ, երբ ինքը նոր էր կարգվել վարչապետ՝ ես մի քանի անգամ փորձեցի նրան տեղյակ պահել, որ իր նախորդի՝ Կարեն Կարապետյանի օրոք հսկայական գործ էր արվել, ինչը, բնականաբար, մնացել էր անավարտ: Խոսքը կառավարության նիստերոի ժամանակ ոչ թե կեցաղային- փիլիսոփայական հարցեր քննարկելու մասին էր, այլ տնտեսության բարեփոխման առումով կոնկրետ հանձնարարականներ տալու: Որոնց թիվն, ի դեպ, կազմում էր 300-ից ավելի: Ու չնայած այն ժամանակ ունեի ընկերներ, ովքեր կարող էին տեղ հասցնել իմ այդ հուշումը, դա չարժանացավ որևէ վերաբերմունքի:    

Եվ եթե նույնիսկ ինչ-որ պահ վերացարկվենք նրա վարչապետության պարագայում մարդկային ու տարածքային կորուստներից, չենք կարող չընդունել, որ կադրային սովը հաղթահարելուն չի կարող նպաստել պաշտոնների նշանակումը «թեկուզ պոլի փետ լինի, բայց միայն ՔՊ-ից լինի» տրամաբանությունը: Մեծահասակները հիշում են, որ իր ժամանակին դա ասվում էր ՀՀՇ-ի առումով, բայց պարզվեց, որ ՀՀՇ-ի հեռանալուց 20 տարի անց այդ երևույթը վերակենդանալու է «թավշյա հեղափոխականների» իշխանության օրոք: Ու այդ ջահելների մեծամասնությունը պետք է լինի ոչ թե նվիրյալ, այլ պաշտոնի համար մեռած անձ: Իսկ այդ դեպքում եթե նույնիսկ բնակավայրերի 100 տոկոսում էլ լինեն մանկապարտեզներ, «խեղճ» Նիկոլն անընհատ բախվելու է կադրային սովին: Ինչ մնում է կառավարության նիստում նրա պատմած այն նաղլին, որ աշխատանք ստանալու խնդրանքով նամակ է ստացել 17 տառասխալով, ապա դրանում որևէ խնդիր ես չեմ տեսնում: Որովհետև եթե պարտության գլխավոր պատասխանատուն կարող է իրեն հիմնական մեղավոր չհամարել ու հրաժարական չներկայացնել, եթե իշխանությունը 7 տարի շարունակ ձևավորվում է ԽԾԲ-ական եղանակով, ինչի արդյունքում սեռը որպես «արու» նշող երիտասարդն, օրինակ, համայնքապետ է կարգվում, ապա ինչու չի կարող վարչապետին տառասխալներով նամակ գրողն էլ նրանից աշխատանք չակնկալել:    
Անցնենք համայնքային մակարդակ. երբ նախկին փոխվարչապետ ու քովիդի համաճարակի ժամանակ նախկին պարետ, գործող քաղաքապետը փորձեց եռակի բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը, դա հիմնավորում էր երկու հիմնական գործոնով: Նախ, երևանցիներն ազատվել են «մահվան գազելներից», և երկրորդ՝ վարկային միջոցներով գնված ու վարորդների բարձր աշխատավարձերով շահագործվող տրանսպորտի համար սակագնի ավելի էժան տարբերակ չի կարող լինել: Առաջին գործոնի առումով կարծես թե հասկացանք. կարծես թե, քանի որ նորերի հետ շարունակվում են շահագործվել նախկին տրոլեյբուսները, որոնց վարձը կազմում էր ընդամենը 50 դրամ: Թե ինչու պետք է նույն տրոյեյբուսով երթևեկելը նախկինների օրոք քաղաքացու համար արժենար 50 դրամ, իսկ «թավշյա հեղափոխականների» օրոք՝ 6 անգամ ավելի թանկ, որևէ տրամաբանական բացատրություն ունենալ չի կարող: Դա, իհարկե, սպառողի տեսակետից, քանի որ Ավինյանի տեսակետից դա ավելի քան պարզ է ու հասկանալի. ինչքան բարձր լինեն քաղաքապետարանի եկամուտները, այնքան իշխանական հաճույքներն ավելի բազմատեսակ կլինեն: Ասենք, օրինակ, քաղաքապետը կարող է մեծ պատվիրակություն «շալակած»՝ մեկնել ամերիկյան շրջագայության: Ու որպեսզի դա խիստ հոգնեցուցիչ չլինի՝ քաղաքապետարանի հաշվին անձամբ իր համար «բիզնես» կարգի տոմս պատվիրի:  

Ինչևէ, անցնենք առաջին գործոնին՝ ծախսերի հաշվարկի ճշգրտությանը: Երբ հայտարարվեց հանրային տրանսպորտի սակագինը եռակի բարձրացնելու մասին՝ մարդիկ դուրս եկան փողոց: Եվ երբ սակագնի եռակի բարձրացման դեմ բողոքը ծավալվեց՝ հանկարծ պարզվեց, որ, ավինյանական հաշվարկներն, այնուամենայնիվ, այնքան էլ, խիստ մեղմ ասած, ճշգրիտ չէին: Որովհետև, թվական ինչ ձեռնածություն էլ արվի, չի կարող ճշգրիտ համարվել այն հաշվարկը, որի դեպքում հնարավոր է արդյունքի կրկնակի նվազեցում: Եթե Հայ-ռուսական համալսարանի՝ «տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով» ավինյանական մագիստրոսական թեզում նման բան արվեր, ապա վստահ եմ, որ բուհի ղեկավարությունը խիստ կամաչեր, որ նման ուսանող է ունեցել: Բայց քանի որ «թավշյա հեղափոխականների» իշխանության դեպքում արտաքին թշնամուց պարտությունը կարող է դիտարկվել նաև որպես հաղթանակ, ապա հաշվարկի թվական արդյունքի կրկնակի նվազեցումն էլ կարող է վկայել ճշգրիտ հաշվարկի մասին: Իսկ դա էլ արհեստավարժ կադրերի առկայության մասին: Այնպես որ իզուր էր վարչապետը բողոքում կադրային սովից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image