Անշուշտ, վիճելի հարց է, բայց մյուս կողմից էլ այն վերաբերում է Փաշինյանի եւ Աննայի անձնական կյանքին, եւ ոչ ոք իրավունք չունի հանրային հարթակներում նման քննարկում ծավալելու: Անձամբ ես դեմ եմ, որ քննարկենք: Դավաճանում է, չի դավաճանում՝ մեր ի՞նչ գործն է, թող Աննան մտածի: Է հա, հայ հանրությունը թող իմանա, որ Նիկոլն այդ ճակատում էլ է անմրցելի, ոչ մի կիսաշրջազգեստ բաց չի թողնում, ի՞նչ վատ բան կա դրա մեջ… Թե ինչու եմ «Զանգեզուրի միջանցքի», 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու, ՀՀ սահմանադրության հերն անիծելու, իմպիչմենտի թեմաները թողած՝ Նիկոլի «անձնական կյանքում» խորանում, թողեք ես իմանամ: Մեր կյանքն այնքան լիքն է նման հարցերով, ու այնքան տխուր է ամեն ինչ, որ մարդու ձեռքը չի էլ գնում հոդված գրել այդ թեմաներով: Ի՞նչ գրեմ… Գրեմ, որ «Խանքենդիում» կոմյունիկե են ընդունել 300 հազար ադրբեջանցիների «Արեւմտյան Ադրբեջան» տեղափոխելու մասի՞ն, գրեմ, որ Էրդողանը Նիկոլին համոզել է «Զանգեզուրի միջանցքը» տա՞լ, թե՞ գրեմ, որ մեր ԱԳՆ-ն օդում «հերքել» է Էրդողանի հայտարարությունը՝ չհիշատակելով վերջինիս՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Տխուր է ամեն ինչ, հայեր ջան, շատ տխուր:
Ինչեւէ, քաղաքականությունը մի կողմ թողնելու եւ Նիկոլով լուրջ զբաղվելու ժամանակներ են գալիս: Տվյալ պահին հարցն այսպես է դրված՝ դավաճանո՞ւմ է, արդյոք, նա Աննային: Մամուլը գրեց, որ Նիկոլը դատի է տվել «Հրապարակին»՝ այս վերնագրով նյութ հրապարակելու համար: Ըհը, «կպել ա»՝ մտածեցի ես, մեծ հետաքրքրությամբ մի քանի անգամ կարդացի «Հրապարակի»՝ խնդրո առարկա հոդվածը: Պիտի ասեմ՝ դա հոդված էլ չէր, ավելի շուտ՝ ակնարկ, կսմիթ, չգիտեմ, Նիկոլի բարոյական կերպարը մի պուճուր խուտուտ տալու փորձ: Բայց «Հրապարակն» ի՞նչ իմանար, որ այդ «խուտուտը» կարող էր մի կաթիլ մեղր դառնալ եւ Նիկոլին դրդեր «պատերազմի»: Շատ չերկարացնեմ, «Հրապարակը» հարց էր տվել Նիկոլին. «Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ, եւ ներսից տարօրինակ ձայներ են գալիս»: Նախ՝ ոչ մի կրիմինալ չի պարունակում այս նախադասությունն իր մեջ: Նախ՝ խոսքը մի քանի տարի առաջվա լուրերի մասին է, եւ ապա՝ Նիկոլն այս տարիների ընթացքում այնքան խոսնակ է փոխել, որ ոչ ոք չի կարող ասել, թե «մի քանի տարի առաջ» ով էր Նիկոլի խոսնակը: Իսկ ի՞նչ վատ բան կա վարչապետի աշխատասենյակում վարչապետի եւ խոսնակի «ժամերով փակվելու» մեջ: Հո խոսնակի աշխատասենյակում չէի՞ն փակվելու, մարդիկ ի՞նչ կասեին, չէ՞: Ահա՝ «եւ ներսից տարօրինակ ձայներ են գալիս»: Սա նույնպես վիճելի է, եւ ոչ մի պարագայում չի կարելի միանշանակ պնդել, որ դրանք հենց էն ձայներն էին, որոնց մասին իսկույն մտածել էր Նիկոլն ու դատի տվել «Հրապարակին»: Ասում է՝ յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով: Սա հենց այդ դեպքն է: Ի վերջո, կարող էին, չէ՞, շեֆն ու ենթական շեֆի աշխատասենյակում «տարօրինակ» վեճ ունենալ, շեֆը կարող էր ջղայնանալ, ենթական՝ բարձր ձայնով լացել… Կարո՞ղ էր, օրինակ, շեֆը ենթակային խնդրել՝ իրեն օգնել կահույքը տեղաշարժելու հարցում: Կարող է բազմոցը տեղաշարժելիս «տարօրինակ» ղռռոց-մռռոց է լսվել: Մի խոսքով՝ Նիկոլ, դու ինչպե՞ս ես հասկացել «ներսից տարօրինակ ձայներ են լսվել» տողը…
«Հրապարակի» նյութը ես այսքան մանրամասն չէի վերլուծի, եթե չիմանայի, որ դատարանում հենց Նիկոլը պետք է ապացուցի, որ «Հրապարակը» զրպարտել է իրեն: Դատավորն էլ, ինչպես իմացանք, հակառակի պես կին է: Նիկոլ, հիմա դու ինչպե՛ս պետք է ապացուցես կին դատավորին (ի դեպ, կանայք շատ ավելի վառ երեւակայություն ունեն «տարօրինակ ձայների» հարցում), որ դու եւ խոսնակդ տարօրինակ ձայներ չեք հանել փակ դռան հետեւում: Ուրիշ բան չմտածես, Նիկոլ, ինձ զուտ մարդկայնորեն հետաքրքիր է՝ ինչպե՞ս կպահես քեզ դատարանում, երբ դատավորը հարցնի՝ քաղաքացի Փաշինյան, Դուք հիմա ի՞նչն եք զրպարտություն համարում՝ խոսնակի հետ աշխատասենյակում ժամերով փակվե՞լը, թե՞ «ներսից տարօրինակ ձայներ» լսվելը: Մի խոսքով՝ ցիրկ:
Բնականաբար, ինձ հետաքրքրեց նաեւ, թե ինչու է «Հրապարակն» անդրադարձել վարչապետի հենց բարոյական նկարագրին, եթե հայտնի է, որ առաջնորդին ներկայացվում են շատ ավելի լայն ու բարձր պահանջներ՝ նա պետք է լինի գրագետ, խելացի, շրջահայաց եւ այլն: Ասեմ, որ «Հրապարակն» ունի այս հարցի պատասխանը, եւ, պատկերացրեք, «Հրապարակին» այս հարցում օգնել է անձամբ Նիկոլը: Թերթը գրում է. «Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, եւ եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումն անել»: Դատի ժամանակ, բնականաբար, կին դատավորը կստուգի «Հրապարակի» բերած արգումենտներն ու կարմրատակած կդիմի Նիկոլին՝ քաղաքացի Փաշինյան, այս ինչե՞ր եք Ձեզ թույլ տվել Ֆեյսբուքում, ամոթ չէ՞, ամուսնացյալ վարչապետ ես, 4 երեխա ունես, ի՞նչ ես մտել հոգեւորականների քղանցքի տակ՝ կույս են, կույս չեն… Քո ի՞նչ գործն է… Ի՞նչ է նշանակում՝ չգիտեմ ով չգիտեմ ում քեռեկնգան դոմփում ա… Եվ այսքանից հետո, քաղաքացի Փաշինյան, Դուք ուզում եք ինձ համոզել, որ Ձեր աշխատասենյակի փակ դռների հետեւից «տարօրինակ» ձայներ չե՞ն լսվել: Թե բա՝ ես ու խոսնակս կահույքն էինք տեղաշարժում, իսկ «Հրապարակը» զրպարտում ա…
Պատրաստվում էի այս անդրադարձն ուղարկել խմբագրություն, երբ լուր տեսա, որ Նիկոլ անուղղելին իր ՖԲ տնամերձում նոր գրառում է կատարել. «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումն ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Առավել եւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»: Ի՞նչ ասեմ, նա արդեն իրավապահներին հրահանգում է անարգել մտնել Վեհարան ու Մայր Աթոռ, միայն թե «ապացուցվի», որ Եկեղեցու հարցում ինքը ճիշտ է, իսկ հանրությունը՝ սխալ: