Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանի հետ։
- Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, բայց Սարիկ Մինասյանը գրառում է արել, թե Գյումրիում քաղաքական ճգնաժամ է, եւ առաջիկայում արտահերթ ընտրություններ են լինելու։ Ի՞նչ հիմք ունի այդ հայտարարությունը, եւ ինչպե՞ս եք գնալու արտահերթ ընտրությունների։
- Ես բացարձակապես կիսում եմ Սարիկ Մինասյանի գրառումը, որովհետեւ Գյումրիում, իսկապես, կա կառավարման ճգնաժամ, քանի որ, ինչպես գիտեք, ընտրություններին մասնակցած որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն չկարողացավ ստանալ, բայց դրա հետ զուգահեռ` ամենամեծ խմբակցությունը Գյումրու քաղաքապետարանում ունի ՔՊ-ն, իսկ ցանկացած համայնք ղեկավարվում է ոչ միայն համայնքապետի, այլեւ ավագանիների կողմից։ Այնպես որ, կա ճգնաժամ, եւ լավագույն լուծումը կլինի արտահերթ ընտրությունների գնալը։ Այս պահին ես չներկայացնեմ ճանապարհային քարտեզը, բայց, կրկնում եմ, միակ եւ լավագույն լուծումը՝ ի օգուտ Գյումրու եւ գյումրեցու, դա է։
- Կառավարման ճգնաժամ ինչպե՞ս կա, երբ նոր է ընտրություն եղել, հենց առաջին նիստում էլ քաղաքապետ է ընտրվել եւ կառավարումը ստանձնում է: Գուցե վստահ եք, որ Մարտուն Գրիգորյանի թիմակիցներն ավագանու նիստերին այսուհետ չե՞ն մասնակցելու, որոշումներ չեն կայացվելու, բյուջե չի հաստատվելու։
- Հարցի պատասխանը Մարտուն Գրիգորյանի թիմակիցները տվել են, Գրիգորյանի օգնականը, որը մանդատ է վերցրել Գյումրու քաղաքապետարանում եւ անձամբ իր ձեռքով կողմ է քվեարկել Ղուկասյանի` քաղաքապետ դառնալու համար, դրանից հետո հայտարարել է՝ մենք ի՞նչ կապ ունենք Վարդան Ղուկասյանի հետ։ Սա զավեշտ է, սա եւս մեկ ապացույց է, որ այդ մարդիկ քաղաքի կառավարմանը վերաբերվում են ամենայն անլրջությամբ, եւ իրենք չեն գիտակցում, թե ինչ պատասխանատվություն են ստանձնել իրենց ուսերին։ Չեք պատկերացնի, բայց քաղաքում ամեն երկրորդ քաղաքացի սա արձանագրել է իր համար եւ իր արժանի գնահատականը՝ խոսքի տեսքով, տալու է Մարտուն Գրիգորյանին։
- Դուք էլ գրառում եք արել, թե իր փոխարեն կփոխեիք բնակության վայրը: Ի՞նչ մեղք է գործել Մարտուն Գրիգորյանը, վա՞տ է, որ աջակցել է Գյումրիում իշխանափոխությանը։
- Այո, գրել եմ․․․ Ամբողջ Գյումրին գիտի, թե Մարտուն Գրիգորյանն ինչ է խոսել Վարդան Ղուկասյանի մասին, ինչ հարաբերություններ ունեն քաղաքում, իրենց ընտանիքներն ինչ հարաբերությունների մեջ են։ Դրանից բացի, հայտնի բանավեճից հետո տեսանք՝ ինչ բացահայտումներ արեց, իբր ծրագիր էր բացահայտել, որ ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էր քաղաքը վերցնել, եւ ինքն էն միակ, ուժեղ տղեն էր, որը պաշտպանելու էր քաղաքը Ղուկասյանից։ Բայց էսօր հենց այդ «ուժեղ» տղան Վարդան Ղուկասյանին դարձրեց քաղաքապետ ու դրան զուգահեռ փախչում է հետագա պատասխանատվությունից՝ քաջ գիտակցելով, թե ինչ խնդրի առջեւ է կանգնեցնում գյումրեցիներին ու քաղաքը։ Շատ կարեւոր է նշել, որ իր տղան այսօր չէր մասնակցում այդ կլոունադային, շոուին, ցիրկին, Մարտուն Գրիգորյանին թվում է, որ եթե իր տղան չէր մասնակցում այդ ցիրկին, իրենք ինքնամաքրվում են, իրենց պատասխանատվությունը նվազում է, բայց դա այդպես չէ։
- Լավ, բայց ո՞րն է Մարտուն Գրիգորյանի գործած հանցանքը, որ անձնական հարցերը ստորադասել է պետական շահի՞ն, իր հայտարարության մեջ, կարծեմ, այս մասին պարզ ասվել էր։
- Եթե համախմբումը լիներ այնպիսի թեկնածուի շուրջ, որն իրականում զարգացնելու, ծաղկեցնելու է Գյումրին, լրիվ այլ հարց կլիներ եւ կբացեր քննարկման այլ դաշտ։ Բայց մենք արդեն հարյուրերորդ անգամ ենք խոսում, ես եւ իմ թիմակիցները ծանոթ ենք այդ մարդու կառավարման ձեռագրին, ես դեռ տարիքով ավելի փոքր եմ եղել, ծնողներս են ապրել քաղաքում, բոլորս ենք ապրել քաղաքում եւ ամեն ինչ տեսել։
- Ի՞նչ եք տեսել։
- Վախի մթնոլորտ է եղել, ժամը վեցից հետո գյումրեցիները վախեցել են դուրս գալ փողոց եւ քայլել քաղաքում, սա մի ցուցիչ է, որի շուրջ եւ որից հետո կարելի է էլ չխոսել։ Այս մարդն անցնում է բազմաթիվ քրեական գործերով, չունենք որեւէ գործով հանգուցալուծում, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ պահի իրավական տիրույթում գտնվող հարցերը պիտի հանգուցալուծում ունենան։ Ես կարծում եմ, որ 2018-ից հետո միայն Գյումրին դեմք ու դիմագիծ ունի՝ իշխող ղեկավարության, կառավարության շնորհիվ, հակառակ պարագայում մենք նմանատիպ Գյումրի չէինք ունենա, սա գիտակցելով` գյումրեցին գնաց ընտրության՝ վստահության քվեն տալով մեզ։
- Նախ՝ ՔՊ-ից երբեք քաղաքապետ Գյումրիում չի ընտրվել, նախորդ անգամ էլ Բալասանյան դաշինքն էր հաղթել: Երկրորդն էլ՝ հավաքական ընդդիմությունն է հաղթել, իշխանությունը՝ պարտվել։ Դուք Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիները սարսափազդու գույներով եք ներկայացնում, բայց չե՞ք կարծում, որ գյումրեցիներն իրենց ընտրությամբ ասացին, որ դուք եք ամենասարսափելին՝ հազարավոր զոհեր, կորուստներ բերած իշխանություններդ։
- Գյումրեցին մեզ չի ասում՝ «զոհեր բերած».․․ մի քանի գյումրեցու ասածը մի որակեք։
- Ընտրությունների արդյունքներն են դա ասում, որ Գյումրին մերժեց ձեզ։
- ՔՊ-ն այնքան շատ ձայներ է ստացել, որն աննախադեպ էր, նմանատիպ քվեներ ոչ մի քաղաքական ուժ չի ստացել, ես էլ կարող եմ հակառակն ասել, որ գնալով՝ քաղաքացիների վստահությունը մեր նկատմամբ մեծանում է։ Ես ապրում եմ Գյումրիում, շփվում մարդկանց հետ, քարոզարշավին մասնակցել եմ 24-ժամյա ռեժիմով, եղել Սարիկ Մինասյանի կողքին եւ շատ զարմացած էի՝ տեսնելով, թե ինչքան են սիրում մեր ցուցակը գլխավորող թիմակցին։ Այնպես որ, ես շարունակելու եմ պնդել, որ Գյումրիում տեղի ունեցածը բնավ ՔՊ-ի պարտությունը չէր։
- Գյումրու թեմայով Ձեր, մյուս բոլոր իշխանականների վրդովմունքի պատճառն արդյոք այն չէ՞, որ այլեւս հասկանում եք, որ մարդիկ ձեզ չեն վստահում, որ Գյումրին ու Փարաքարը կարող են վարակիչ էֆեկտ ունենալ, եթե սրանց գումարենք մի շարք խոշոր քաղաքներում ձեր պարտության փաստը, ապա հնարավոր է, որ առաջիկա համապետական ընտրություններում ՔՊ-ն իշխանազրկվի։
- Բացարձակ մտահոգություն չունենք, կմտահոգվեի այն դեպքում, եթե լինեինք այնպիսի իշխանություն, որի իշխած ժամանակ բոլոր տեղերում բացարձակ հաղթանակ տանեինք։ Կա՞ իշխանությունից դժգոհություն` բնականաբար, չկա աշխարհում որեւէ երկիր, որտեղ իշխող թիմից դժգոհություն չլինի։ Յուրաքանչյուր քաղաքացու ընտրություն մեզ համար օրենք է, բայց, միեւնույն ժամանակ, ես հավատում եմ, որ 2026-ին չի լինի այն սցենարը, որը Դուք ներկայացրիք։