Քաղաքականություն

Աստղեր՝ Վաշինգտոնից

Աստղեր՝ Վաշինգտոնից

Իսկ ո՞վ է ասում, որ վաշինգտոնյան բանակցություններից Հայաստանը ոչինչ չստացավ: Մի գլուխ գրում են Թրամփի ու Ալիեւի հաջողությունների մասին, իսկ մեր հաջողությունների մասին լռում են, ասես Նիկոլը հենց այնպես էր գնացել Վաշինգտոն: Մինչդեռ, եթե ուզում եք իմանալ, Վաշինգտոնից Նիկոլը վերադարձավ շատ ավելի մեծ ու ծանր ճամպրուկներով, քան՝ Ալիեւը: Ադրբեջանում ընդհուպ խոսակցություններ սկսվեցին, թե իրենց նախագահը ձեռքերը թափ տալով գնաց, թափ տալով վերադարձավ: Իր հետ բերածը մի միջանցք չէ՞, այն էլ՝ ամերիկացիների վերահսկողության տակ: Իսկ Վաշինգտոն գնալուց առաջ մեծ-մեծ բրդում էր՝ անխոչընդոտ միջանցք, անխոչընդոտ… Հայերը մեզ լավ ֆռռացրին՝ Թրամփին կարգելով նաչալնիկ: Հիմա ամերիկացիներն են բացելու եւ ստուգելու մեր հակերն ու ջվալները… Դրանք փող էլ չեն վերցնի…

Դե, իսկ Նիկոլը շահեց: Ճիշտ է, այդ ճանապարհի վրա ոչ մի հայ չի լինելու, բայց ամերիկյան ընկերությունը խոստացել է բեռների տարանցումից փողի տեսքով որոշակի մասհանում կատարել Հայաստանին: Ի՞նչ վատ է, այդ փողը կվերցնեն` բյուջեի ծակուծուկը կփակեն: Գրում են, թե Նիկոլը Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակեց, նեղացրեց, փոքրացրեց այդ միջանցքով: Ասում են՝ Նիկոլը հերթական տարածքը զիջեց, այս անգամ՝ ԱՄՆ-ին: Բա սա ձեռքբերում չէ՞: Կարող էր, չէ՞, այդ տարածքը զիջել Ադրբեջանին, ինչպես դա արեց Կիրանցում, Ջերմուկում, Գորիս-Կապան միջանցքում, Սեւ լճում: Բայց այստեղ միանգամից ԱՄՆ-ին զիջեց ու մի լավ մատ արեց Ալիեւին: Մենք էլ Մեղրի պրոպուսկով կգնանք, ի՞նչ է պատահել, դրանից աշխարհը կքանդվի՞: Ամերիկացի մաքսավորը կստուգի մեր անցաթուղթը եւ մեզ թույլ կտա Ալիեւի աչքից հեռու Թրամփի պողոտան հատել:

Երբ Նիկոլը գնում էր Վաշինգտոն, մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ էի մտածում, որ մի հիմար բան անելու է: Դե, առաջին օրը չէր, որ ճանաչում էի Նիկոլին: Իսկ երբ տեսա, թե նա ինչպես է շունչը պահած սպասում, որ Թրամփը գրիչը կպցնի թղթին ու ստորագրի, ասի՝ վերջ, մի բան էլի փուլ եկավ, էսա մեր վզին էլի մի բան կփաթաթեն: Այդ մտքերի հետ էի, մեկ էլ ՔՊ-ն ոռնոցը դրեց՝ ստորագրեցինք, ստորագրեցինք, խաղաղությունը բերեցինք… Կեցցե մեր քաջարի ասպետը, տեսա՞ք ոնց մատ արեց Ռուսաստանին… Եվ այդտեղ հարց առաջացավ՝ արա, դուք Վաշինգտոն էիք գնացել խաղաղություն բերելո՞ւ, թե՞ ռուսներին մատ անելու: Գոնե հասկանո՞ւմ եք, որ ոչ միայն Ռուսաստանին «մատ արիք», այլեւ՝ Իրանին, Չինաստանին, Հնդկաստանին, բոլոր նրանց, ում այդ միջանցքն ուղղակի պետք չէր: Մի երկու երկիր կար, որ մեզ տեր կկանգներ դժվար պահին, նրանց էլ «վոն» արիք: Սրա համա՞ր եք ուրախանում:

Պարզվեց, սակայն, որ ՔՊ-ի ուրախության բուն պատճառն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրված փաստաթուղթն է՝ մոտ երկու տասնյակ կետերից բաղկացած: Տեղով՝ ձեռքբերում՝ հայտարարեց Արարատ Միրզոյանի հիմնարկը: Այդ փաստաթղթի հրապարակումով բոլոր շահարկումներին վերջ կտրվի: Յա՜ա՜ա՜… Բա այդ առիթով մի-մի բաժակ չխմե՞նք, Արո: Ծայրից ծայր կարդացի: Դա այն թուղթն էր, որ արդեն մի տարուց ավելի հայկական ու ադրբեջանական կողմերն իրար էին փոխանցում, գրում, ջնջում, փոխում: Փաստորեն, արդեն նախաստորագրվել էր: Լավ է, լավ: Այլապես ասում էին՝ Ադրբեջանը սրանց հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու: Նիկոլը հասավ դրան եւ Ալիեւին չոքացրեց ու նախաստորագրել տվեց խաղաղության պայմանագիրը: Սա ձեռքբերում չէ՞: Ի՞նչ կապ ունի, թե ինչ է գրված այդ փաստաթղթում: Դուք փաստը նայեք, փաստը. Ալիեւի արտգործնախարարը հասավ Վաշինգտոն, որ Արոյի ստորագրութան կողքին իր ստորագրությունը դնի:

Հիմա էս ընդդիմադիրները կպել են՝ դա խաղաղության պայմանագիր չէ, դա հերթական կապիտուլյացիան է, դրանով Արցախի հարցը փակվեց, արցախահայության իրավունքները մոռացվեցին, Մինսկի խումբը ձեռից գնաց, երաշխավորներ չկան, Ալիեւն ուզած պահին կարող է խախտել այն, էլ չասած, որ կարող է նորանոր պահանջներ դնել մեր առջեւ՝ սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների վերադարձ… Այս ամենը, իհարկե, հասկանալի է, բայց չէ՞ որ Արցախն առանց այս նախաստորագրված թղթի էլ էինք տվել, արցախահայության իրավունքներն էլ էին մինչ այս ոտնահարված, Մինսկի խումբն էլ էր քանդված, Ալիեւն էլ էր ուզած պահին կրակում… Իսկ նորանոր պահանջնե՞րը: Դրանց մասին մենք նո՞ր լսեցինք: Է՜, երբվանի՞ց էր Ալիեւը դրանց մասին խոսում՝ սահմանադրությունը փոխեք, ադրբեջանցիներին վերադարձրեք, այլապես խաղաղության պայմանագիր չի լինի:

Եվ Վաշինգտոնում իսկական հրաշք տեղի ունեցավ… Ավելի շուտ՝ ի՞նչ հրաշք… Դա Նիկոլի մտքի հաղթանակն էր, որի արդյունքում նախաստորագրվեց մի պայմանագիր, որի նմանը դեռ ոչ մի պետություն իր թշնամու հետ չի ստորագրել: Ասում եք՝ մեզ այն ոչինչ չի՞ տալիս: Սխալվում եք: Թշնամին թշնամի էլ կմնա, դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ վերջապես կազատվենք «Կրթվելը նորաձեւ է» խայտառակ շարժումից, եւ Նիկոլը կզբաղվի, օրինակ, այս նախաստորագրված թուղթը մարզերում թափահարելով: ՔՊ-ն միառժամանակ ձեռ կքաշի նախկիններին վատաբանելու անպտուղ զբաղմունքից եւ կլծվի Նիկոլի այս ձեռքբերումը պրոպագանդելու գործին: Էլ չեմ խոսում այն մասին, թե 2026թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ թափով կսկսի զարգանալ ոչխարաբուծությունը: Մնում է, որ այդ ընթացքում հայկական կողմը չմոռանա միջանցքի մասին եւ ամեն անգամ, նախապես հաստատված գրաֆիկով, մոտենա ամերիկյան ընկերության դրամարկղին՝ իր աշխատավարձն ստանալու:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image