Բոլորն ասում են, որ Սամվել Կարապետյանի «աղմուկ հանած» հայտարարության մեջ իշխանություն զավթելու կոչ չկա, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդում է հակառակը՝ կա: Ո՞վ է ճիշտ՝ բոլո՞րը, թե՞ Նիկոլը: Դատարանի վճռից՝ աշխարհահռչակ գործարարին 2-ամսյա կալանք սահմանելուց կարելի է եզրակացնել, որ խախտվել է «ձայն բազմաց՝ ձայն Աստծո» կարգախոսը: Այդ մասին են վկայում թե՛ դատարանի առջեւ հավաքված մարդկանց բողոքը, թե՛ մինչեւ ուշ ժամ իրադարձությանն ուղիղ եթերով հետեւող քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումները, թե՛ քաղաքական բազմաթիվ գործիչների եւ իրավաբանների վերլուծությունները: Անգամ հայ լեզվաբաններն էին բողոքում եւ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տալիս՝ կարդալ Հայոց լեզվի 4-րդ դասարանի դասագիրքը: «Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ «կրիմինալ» չկա, այ Ցռան Վերգո»,- գրել էր Էդիկ Անդրեասյան անունով ֆեյսբուքյան մի օգտատեր:
Այսուհանդերձ, սիրելի ընթերցող, եկեք միասին մի թեթեւ քննարկենք այն տարբերակը, որ, ենթադրենք, Նիկոլն է ճիշտ, եւ Սամվել Կարապետյանն իր հայտարարությամբ, իբր, կոչ է արել զավթել իշխանությունը: Այսպես ասեմ՝ հա, Նիկոլ դու ճիշտ ես: Բայց…
Նիկոլ, իսկ ինչո՞ւ ես դու, միայն դու այդպես խառնվել իրար: Գուցե տեղեկացվա՞ծ էիր, որ հենց այդ մտադրությամբ է Սամվել Կարապետյանը ժամանել Հայաստան: Դու սպասո՞ւմ էիր նրա առաջին «հարվածին»՝ նրա հայտարարությանը: ԱԺ-ում քո պահվածքը հենց դա է վկայում: Վարչապետը, ինչքան էլ գլուխ գովա, որ բաց է աշխատում, միեւնույն է, նա կարող է ինչ-ինչ «սեկրետներ» ունենալ, որոնց մասին խոսելն իր համար անցանկալի է: Դա բնական բան է, Նիկոլ: Բայց, մյուս կողմից էլ, վարչապետը պետք է այնպիսի մարդ լինի, որ կարողանա տիրապետել իրեն, երբ, իր կամքից անկախ, որեւէ «սեկրետ» է բացահայտվում: Դու կարող էիր դիմել «ժողջանիդ» եւ ասել՝ այսպես ու այսպես, Մոսկվայում իմ ականջները քաշել են ու հասկացրել, որ ռադս քաշեմ, հիմա էլ, խնդրեմ, Սամվել Կարապետյանը եկել է հետեւիցս եւ ասում է՝ «իմ ձեւով եմ հարցերդ լուծելու»: Դու այս հասարակ բաները չես արել, Նիկոլ, դրա համար էլ Սամվել Կարապետյանի «հայտարարությունից» սկանդալ սարքեցիր, այլ խոսքով՝ էշի հարսանիք: Մարդիկ, որ այդ հայտարարությունն ընդունել էին որպես աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, անակնկալի եկան քո վարքից՝ նախ մի քանի խայտառակ գրառումներ, ապա՝ բոլոր հնարավոր «սիլավիկների» երթ դեպի Սամվել Կարապետյանի տուն:
«Սիլավիկների» վարքագծի վրա շատ չեմ թանձրանա: Այս թեման նորություն չէ, եւ ողջ առաջադեմ մարդկությանն է հայտնի, թե արդեն տեւական ժամանակ ինչի վրա է պահվում իշխանությունը Հայաստանում: Այս մասին մեկ էլ կխոսենք, երբ Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորված կլինի ԱԱԾ պադվալում: Իսկ մինչ այդ, ինչպես վերեւում ասացի, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանքի արժանացնելու հարցում: Մարդն «իր ձեւով» Կարապետյանի հարցերը լուծել ա, հասկանում ես: Բայց արդյո՞ք նույնը չէր անի «իր ձեւով հարց լուծող» յուրաքանչյուր բռնապետ՝ հարա՜յ, հասեք, իշխանությունս ուզում են տանել… Եվ ոչ մի ծպտուն այն մասին, թե ինչու են ուզում իր ձեռքից իշխանությունը խլել:
Մի՞թե վատ ես կառավարել, Նիկոլ: Կա՞ն ուրիշ «սեկրետներ», որոնց մասին մենք ոչինչ չգիտենք: Ես կառավարության ծրագիրը չկատարելու մասին չեմ էլ խոսում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է քո «մեկուսի» քաղաքական կյանքը, որի կտրուկ շրջադարձերը կործանարար են ոչ միայն այս մի բուռ հողակտորի, այլեւ այդ հողակտորին ապաստանած ժողովրդի համար: Չէ՞ որ դու՝ չնչին վարչապետդ, սրա համար էիր պատասխանատու ընդամենը, բայց հիմա վտանգել ես ամեն ինչ ու բոլորին: Եվ ի՞նչ, այսքանից հետո դեռ ես պետք է զարմանա՞մ քո հիստերիկ նոպաների վրա, որոնք ամեն անգամ այցելում են քեզ, երբ դու անգամ աննշան վտանգ ես զգում իշխանափոխության: Եվ սա առաջին դեպքը չէ, Նիկոլ: Դու ունեցել ես 2018թ. հոկտեմբերի 2, 2019թ. մայիս՝ դատարանների շրջափակում, 2021թ. փետրվար՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարություն, 2024թ. հունիսի 12՝ ժողովրդի գնդակահարություն Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում… 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի քանի՞ շարժում հայտարարեցիր «իշխանազավթման փորձ»՝ Հայրենիքի փրկության շարժում, Դիմադրության շարժում, Սրբազան շարժում»…
Դու ճիշտ էիր եւ ճիշտ ես, Նիկոլ, բայց՝ յուրովի: Դու ճիշտ ես քո վախերի կառավարման մեջ, քո «սեկրետների» ծանր մղձավանջում: Դու գիտես՝ ինչ ես արել, եւ դու գիտես ինչպես պաշտպանվել, որ արածներդ քո դեմ դուրս չգան: Դու ճիշտ ես, երբ քո ձախողումների հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ ես նշանակում Քոչարյան Անդոյին, դու ճիշտ ես, երբ հանրապետության նախագահ ես նշանակում Վահագն Խաչատուրյանի նման քնած մանուշակին, դու ճիշտ ես, երբ քեզ տարիներ շարունակ ամենայն հավատարմությամբ ծառայած ուժայիններին դույզն-ինչ հապաղման համար դուրս ես շպրտում համակարգից, դու ճիշտ ես, երբ անգամ քո թիմին ես պահում ահուսարսափի մեջ: Բռնապետիկ ջան, բռնակալը հենց այդպիսին է լինում:
ՀԳ. Նիկոլ Փաշինյան, կա՛մ չես գնում Թուրքիա, կա՛մ Թուրքիայից Հայաստան չես վերադառնում: Ընտրությունը քոնն է: Վստահեցնում եմ քեզ՝ հերթական «սեկրետն» է պայթելու, որին դու պատրաստ չես: Եվ ես չեմ կարող ասել՝ կօգնի՞ քեզ, արդյոք, հերթական «պրիպադկադ»: Աշխարհաքաղաքականությունը, ինչքան գիտեմ, քո հույզերով չի առաջնորդվում, եւ դա է պատճառը, որ բարի ճանապարհ չեմ մաղթում: