Քաղաքականություն

Բոլոր մանկամիտներին

Բոլոր մանկամիտներին

Դոնալդ Թրամփը գոնե գիտի՞, որ Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոններին հարվածներ է հասցրել 2025թ. հունիսի 22-ին՝ ուղիղ 84 տարի անց այն օրվանից, երբ հիտլերյան Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: Սպիտակ տնից կասեն՝ օրը պարզապես համընկել է: Շատ լավ: Այդ դեպքում հարցն այլ կերպ տանք՝ Դոնալդ Թրամփը հիշո՞ւմ է, թե ինչով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Խոսքը Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների միջուկային ռմբահարումների մասին է: Սպիտակ տնից կարող են ասել՝ դա ի՞նչ կապ ունի Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետ: Այստեղ ես նրանց հետ չեմ համաձայնի: Մե՞ծ է, արդյոք, տարբերությունը՝ ատոմային ռումբը վերեւի՞ց կընկնի ցամաքի վրա, թե՞ ցամաքի վրա ատոմային ռումբ կպայթի վերեւից նետված ավերիչ ռումբերի ազդեցությամբ: Իսկ հիմա այսպիսի հարց աշխարհի մտածող հանրությանը. ինչո՞ւ են միջուկային աղետները, որպես կանոն, տեղի ունենում ԱՄՆ անմիջական մասնակցությամբ եւ ԱՄՆ ափերից մեծ հեռավորությունների վրա:

Չեռնոբիլի ատոմակայան՝ փլուզվող ԽՍՀՄ-ին հասցված միջուկային հարված՝ աղետալի հետեւանքներով: Զապորոժիեի ատոմակայան՝ ՆԱՏՕ-Ուկրաինա դաշինքի հարվածներից Ռուսաստանի հակաօդային ուժերի շնորհիվ մի կերպ փրկված թիրախ: Ո՞րն է հաջորդը՝ Հայկական ատոմակայա՞նը, որը փակելու պահանջ են դնում ԱՄՆ դաշնակից Թուրքիան եւ Ադրբեջանը: ԱՄՆ մեծարգո նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեզ չի՞ թվում, արդյոք, որ Հիրոսիմայից ու Նագասակիից հետո ԱՄՆ-ն չի դադարել կրակի հետ խաղալուց: Այո, ԱՄՆ-ն, հենց ԱՄՆ-ն՝ իր մանկլավիկների հետ համագործակցած եւ, որպես կանոն, իր ափերից հեռու:

Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ հարվածներից առաջ տարհանել է իր միջուկային հետազոտությունների թունելներում եւ բունկերներում պահվող վտանգավոր նյութերը: Երանի ճիշտ լինի: Երանի ճիշտ լինի նաեւ այն, որ ԱՄՆ-ն այդ օբյեկտներին հարվածել է՝ նախապես իմանալով, որ դրանք դատարկ են: Նման հայտարարություն առայժմ չկա: Տեղի ունեցածի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ահազանգել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Նա ասել է, որ պատրաստ է անհապաղ գնալ դեպքի վայր եւ բանակցել բոլորի հետ՝ միջուկային օբյեկտները պաշտպանելու եւ միջուկային տեխնոլոգիաների հետագա խաղաղ օգտագործման համար՝ համաձայն իր գլխավորած գործակալության մանդատի։ «Մենք դեռ հնարավորություն ունենք վերադառնալու դիվանագիտությանը, եթե չստացվի, բռնությունն ու ավերածությունները կարող են հասնել անհավանական չափերի։ Իրանը, Իսրայելը եւ ամբողջ Մերձավոր Արեւելքը խաղաղության կարիք ունեն, եւ կա դիվանագիտությամբ դրան հասնելու ճանապարհ, մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ թույլ տանք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին՝ ուսումնասիրել վնասի մասշտաբները»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ զինված հարվածներ չպետք է իրականացվեն։ Դա կհանգեցնի ռադիոակտիվ նյութերի արտանետման, ինչը հետեւանքներ կունենա ինչպես հարձակման ենթարկվող պետության սահմաններում, այնպես էլ՝ դրանից դուրս։ «Սա սպառնալիք է ներկայացնում մարդկային կյանքի համար… Վնասված շենքերը կապված են ուրանի փոխակերպման հետ։ Այս օբյեկտներում, ըստ երեւույթին, հարվածներ են հասցվել նաեւ հարստացված նյութեր պահելու համար օգտագործվող թունելների մուտքերին»,- ասել է պաշտոնյան: Եվ ի՞նչ, նրա այս հայտարարություններից հետո դեռ կգտնվե՞ն քաղաքական հանճարներ, որոնք կպնդեն, թե ԱՄՆ-ն այսկերպ փորձում է խաղաղություն հաստատել Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհում: Կներեք, բայց երկրագնդի մյուս երեսին միջուկային հորեր պայթեցնելով, միջուկային ռումբեր նետելով հնարավոր չէ դա անել, քանզի երկրագունդ կոչվածն ինքը մեկ միասնություն է՝ շրջագծով միմյանց հետ կապված ԱՄՆ-ով, Ռուսաստանով, Իրանով, Ուկրաինայով, Ճապոնիայով, Չինաստանով… բոլորով հանդերձ: Ամեն ինչ կգնա գրողի ծոցը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image