Զարմանալի ժողովուրդ ենք: Երբ յոթ տարի առաջ «դուխով» Նիկոլը հայտարարում էր. «Ինչի էսօր Հայաստանում կա դատավոր, որ կարա վարչապետի ասածը չանի՞», մենք ոնց որ թե չէինք պատկերացնում, թե ուր է դա տանելու: Մենք ասելով նկատի չունեմ անձամբ ինձ, քանի որ նախկիններին ընդդիմադիր մեր հասարակական կազմակերպությունում ես փորձում էի դա հասցնել մարդկանց գիտակցությանը ու զարմանալիորեն ժողովրդավարության հաստատման համար պայքարող այդ մարդիկ ասվածը չէին ընկալում: Չէին գիտակցում, որ նախկինների դեմ պայքարում ժողովրդավարական սկզբունքներից նահանջելը հանգեցնելու էր նույն մեթոդը մնացածների վրա տարածելուն: Իսկ նրանք, ովքեր արդարացնում էին դա յոթ տարի առաջ, վերածվելու են նրա կամակատարների՝ իշխանության մեջ մնալով հանուն փողի ու պաշտոնի: Կամ էլ ինքնակամ իրենց դուրս էին հանելու այն գործընթացից, որին իրենց կյանքից տարիներ էին նվիրել: Եվ, դժբախտաբար, երկու այդ երևույթների ականատեսն ենք այսօր մենք:
Որպես նախկինում քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ՝ ինձ համար ընդունելի չի կարող լինել ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը: Եթե առաջինները բռնել են բարոյապես կեղտոտվելու ճանապարհը և այդպիսին են պատկերացնում իրենց հետագա կյանքը, ապա երկրորդները դեռևս կարող են վերադառնալ հասարակության պիտանի անդամ լինելու իրենց նախկին կոչմանը: Դա, իհարկե, բարդ և խնդրահարույց է ընտանիք պահելու առումով. այդ բանը զգացել եմ ինձ վրա, երբ էներգիայով լի վիճակում վերածվեցի գործազուրկի: Ինչ է, թե այլևս չէի տեղավորվում «հետհեղափոխական» Հայաստանի աջակիցների շարքերում: Գործից ազատման ձևակերպումը, բնականաբար, այլ էր, բայց դա էական չէր: Ինչևէ, խոսքն իմ մասին չէ, այլ նրանց, ովքեր անվերադարձ կորած չեն մեր երկրի ապագայի տեսակետից: Եվ մինչև 2026 թվականի հունիսը ընդդիմությունը պետք է փորձի լեզու գտնել քաղհասարակության նախկին անդամների հետ, ովքեր չեն վերածվել նիկոլաստրուկների, բայց նաև դարձել են անտարբեր:
Մի ժամանակ, օրինակ, Նարեկ Մալյանը կռիվ էր տալիս սորոսականների դեմ: Ասեմ, որ նրա աշխատասենյակում պատից կախված պաստառի վրա կար նաև իմ անուն-ազգանունը: Նաև կարծեմ Ավետիք Իշխանյանինը, ով, հանուն համերաշխության, «սորոսական» գրասենյակի դարպասի առջև նարդի էր խաղում «սորոսականների» հետ: Բայց նույն Իշխանյանին չէիր կարող չընկալել որպես քաղհասարակության խղճի մարմնավորումը թե՛ նախկինում և թե՛ այսօրվա «ժողբաստիոնում»: Այնպես որ ճշմարիտ ճանապարհը ոչ թե ընդհանրապես կռիվ անելն է, այլ իշխանությունից դուրս գտնվողներին ընդդիմությանը մերձեցնելը: Կարծում եմ, որ այդ գործով պետք է զբաղվեն նրանք, ովքեր այսօր նախաձեռնում են քաղաքական շարժումներ: Ինչն իր հետ կբերի նաև մարզային այն ակտիվիստ երիտասարդներին, ովքեր ժամանակին հավաքվել էին այս կամ այն կազմակերպության շուրջը: Եվ, ովքեր դարձան 2018-ի ապրիլյան իրադարձությունների շարժիչ ուժն իրենց բնակավայրերում: Իսկ այսօր վերածվել են կա՛մ նիկոլականների և կա՛մ անտարբեր զանգվածի: Ովքեր, ինչպես 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո խոստովանեց մեր կազմակեպության անդամներից մեկը, չեն ցանկանում սխալվել երկրորդ անգամ:
Ի դեպ, «Հայաքվե» նախաձեռնության անդամներից Հրայր Կամենդատյանը սոցցանցային տիրույթում շարունակ բարձրացնում է թոշակառուների մարդավարի ապրելու խնդիրը: Թե ինչ է դա ներկայացնում իրենից՝ անձամբ գիտեմ որպես թոշակառու: Նա անընդհատ փորձում է թոշակառուներին «համոզել», որ իրենք արժանի են ավելի լավ ապրելու: Եվ, ըստ այդմ, 40-50 հազար դրամ կազմող միջին թոշակները պետք է բարձրացվեն 50 տոկոսով: Իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը շարունակում է բարեկեցության հասնելու ճանապարհը կապել կրթության հետ: Եվ եթե սկզբում, նրա կնոջ կողմից ղեկավարվող հիմնադրամի անունից նախաձեռնված կրթական շարժումն ընդամենը «նորաձև» էր, ապա այս անգամ այն վերածվեց եռակի հիշատակվող՝ «կրթություն» կարգախոսի: Ու ես մտաբերեցի սոցիալիստական Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Լենինի կարգախոսը՝ «Սովորել, սովորել, սովորել կոմունիզմին»: Ի դեպ, նախորդ դարի 60-70-ական թվականներին այդ կարգախոսից դուրս էր թողնվել վերջին բառը: Ու փոփոխված տարբերակով այն փակցված էր խորհրդային դպրոցների պատերին: Ու այդպես մնացել էր մինչև Խորհրդային Միության կազմաքանդումը: Ինչպես երևում է, տվյալ դեպքն այն երևույթներից է, երբ նորը լավ մոռացված հինն է՝ ընդամենը մի փոքր ձևափոխված: Կամ էլ «հեղափոխական» Նիկոլն իր կամքից անկախ անընդհատ ձգվում է դեպի իր գաղափարական նախորդները՝ բոլշևիկները:
ՀԳ. Հոդվածի շարժառիթը երիտասարդ քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ «Հրապարակ»-ի հարցազրույցն էր, որում բարձրացվում էր ընտրական գործընթացի հանդեպ անտարբեր զանգվածներին ներգրավելու խնդիրը: Ու ես փորձեցի ներկայացնել այդ հարցի լուծման (նիկոլենց ասելով՝ հասցեագրման) տարբերակներից մեկը: