Քաղաքականություն

«Ժողվարչապետի» երկնած Նոու-Հաուն

«Ժողվարչապետի» երկնած Նոու-Հաուն

ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ-երկու օր առաջ գրառում էր կատարել X հարթակում՝ «բողոքելով» հուսիթների արաբական ցեղախմբից, որոնք հրթիռային հարվածներ են հասցնում Կարմիր ծովով անցնող առևտրական նավերին: Արաբական թերակղզու հարավում տեղակայված Եմեն պետությունում բնակվող հուսիթները դրանով փորձում են ինչ-որ չափով օժանդակել իրենց եղբայրակից պաղեստինցիներին: Ասվում է, որ հուսիթներին անհրաժեշտ հետախուզական տվյալներ ու սպառազինություն է մատակարարում Իրանը: Բնական է, որ հուսիթներից «բողոքող» Թրամփը պետք է բողոքեր նաև Իրանից՝ հաշվի առնելով այդ երկրի աջակցությունը: Նախագահը գրել էր, որ հուսիթների հարցը վաղուց լուծված կլիներ, եթե չլիներ այդ օգնությունը, ինչն ինքը բնորոշել է որպես ոչ արդար: Այդ գաղափարին հետևելով՝ հարցնենք, արդա՞ր էր, արդյոք, 2020 թվականին Թուրքիայի օգնությունն Ադրբեջանին: Կամ էլ 2022-ից այս կողմ հենց ԱՄՆ-ի վարչակազմի օգնությունն Ուկրաինային՝ թե՛ իր նախորդի և թե՛ իր օրոք:

Ինչևէ, խոստովանեմ, որ «քեֆս բերում է» նախագահ Թրամփի խառնվածքն ու գործունեությունը՝ որքան էլ այն հախուռն լինի ու իր համար խնդիրներ առաջացնի ամերիկյան դատարաններում: Էականն այն է, որ մարդը մտահոգված է առաջին հերթին իր երկրի և ոչ թե աշխարհի գլոբալ հիմնախնդիրներով՝ էլ չասած մի քանի տասնյակի հասնող գենդերային աննորմալությունները: Ու փորձում է իր տարիքի ու փորձառության հիման վրա լուծումներ տալ դրանց՝ չնայած այս կամ այն հարցի առումով հախուռն մոտեցման բացասականությանը: Սակայն այդ առումով պետական գործչի իրական կերպարին շատ ավելի համապատասխանում է ՌԴ նախագահ Պուտինի խառնվածքը: Այն է՝ լուրջ, ծանրախոհ, վարքագծում և խոսքերում հավասարակշռված: Բայց պուտինյան մոտեցումը հարիր է Ռուսաստանի նման մեծ ու հզոր երկրին: Իսկ Հայաստանի պես փոքր ու արտաքին ազդակներից կախում ունեցող երկրին, իմ կածիքով, անհրաժեշտ է հենց ղեկավարության թրամփյան ոճը: Դա հեռավոր նմանություն ունի ռուսական «Кто не рискует, тот не пьёт шампанского» ասացվածքին: Այլապես փոքր երկրի առումով բավական երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի արձանագրվեն ձեռքբերումներ: Եթե, իհարկե, ճահիճ չհաստատվի ու դրանք արձանագրվեն:

Խոստովանեմ նաև, որ ժամանակին ինձ թվում էր, թե այդպիսի կերպար է հենց Նիկոլը՝ ակտիվ, մի քիչ գժական, անարդարությունների նկատմամբ անհանդուրժող, ու ամենակարևորը՝ պետական մտածողությամբ օժտված: Համենայն դեպս, այդպիսի կերպարով էր նա ներկայանում ընդդիմադիր եղած ժամանակ: Շատ ավելի ուշ պարզվեց, որ նրա ընդդիմադիր կերպարն ու իրական Նիկոլը բացարձակ չեն համապատասխանում միմյանց: Որ վերջինս փողի մեռած ու վայելքների գերի անձնավորություն է՝ էլ չասած բոլոր մնացած թերությունները, որոնց մասին այսօր խոսում են բոլորը: Եթե այդպես չլիներ, ապա նիկոլական Նազարյան Լենան, որին վաղուց եմ «ճանաչել», մի օր՝ երբ իրենք խնդիր էին դրել պատգամավորների աշխատավարձը բարձրացնելու մասին, չէր հայտարարի, որ իրենք ընտրյալներ չեն: Որպեսզի բավարարվեն, իր ասելով, ցածր աշխատավարձով, ինչն իրականում երկու-երեք անգամ բարձր էր միջինից: 

Ինչ մնում է ինչ-ինչ պատճառով «ժողվարչապետի» աչքից ընկնելուն՝ ապա դա մի առանձին պատմություն է՝ տրագիկոմիկ որևէ հեղինակի գրչին արժանի: Դրա մասին կարող են վկայել նրանք, ովքեր այս կամ այն խնդրի առումով կորցրել են նրա վստահությունը, բայց չեն ընկրկել (Աղազարյան Հովիկի ականջը կանչի) ու ընկել են իրավապահների ձեռքը: Ժամանակին ինչպիսի վերաբերմունք էլ ունենայի նախկինների նկատմամբ՝ չէի պատկերացնի, որ նրանց երբեմնի մտերիմները կարող են օրենքի առջև խնդիր «ունենալ»՝ իրականում չունենալով դա: Այդպիսի մարդիկ ուղղակի կհեռացվեին կերակրատաշտից, և դրանով հարցը կհամարվեր փակված: Սակայն նման բանի ականատես եղանք  «թավշյա հեղափոխականների» ձևավորած «ժողովրդավարության բաստիոնում»: Ու դա կրկին «ժողվարչապետի» երկնած նոու-հաուն էր՝ նախկինների օրոք չլսված, չտեսնված մի բան:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image