Քաղաքականություն

Քաղաքացու ընտրությունն իսկապե՞ս օրենք է

Քաղաքացու ընտրությունն իսկապե՞ս օրենք է

Քաղաքացու ընտրությունը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար, իր ասելով, օրենք է։ Ավելի վաղ նույն Գյումրիում եւ Փարաքարում, ինչպես նաեւ՝ Վանաձորում, Ալավերդիում եւ այլ համայնքներում քաղաքացու ընտրությունը նրա համար հաստատ օրենք չէր: Այլապես համայնքապետ կդառնային նրանք, որոնց ընտրել էր քաղաքացին, եւ ոչ թե նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեին, քաղաքացու ընտրած քաղաքապետի փոխարեն իր կողմից կնշանակվեին ԺՊ-ներ (ժամանակավոր պաշտոնակատարներ): Ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Վանաձորում` Մամիկոն Ասլանյանի նկատմամբ: Բայց վերը նշված անձի վարքագիծը, մեծ հաշվով, հասկանալի է. ինքն իշխանության եկավ ժողովրդին (կամ որ նույնն է՝ քաղաքացուն) խոստումներ տալով ու, բնականաբար, չի կարող բացահայտ ասել, որ թքած ունի իր տված խոստումների վրա, ինչն էլ նշանակում է, որ պետք է կեղծի եւ օգտվի կեղծիքից, ինչպես դա չէին զլանում անել նախկինները: Եվ մի բան էլ ավելին՝ իր կեղծիքը պետք է լինի ավելի ծավալուն ու խորը, քանի որ նախկինները չէին հայտարարում, թե «ագորա» ու «ժողովրդավարության փարոս» են կառուցում Հայաստանում:

Նրանք այնքան ազնվություն ունեին, որ չէին փորձում հիմարի տեղ դնել երկրի քաղաքացիներին: Եվ խոստովանում էին, որ պետությունն ընդամենը գտնվում է անցումային փուլում, իսկ ժողովրդավարություն կոչվածն էլ ոչ թե միանգամյա գործողություն է, այլ՝ երկարատեւ գործընթաց, ինչը զարմանալիորեն, գիտակցելով հանդերձ, ընդդիմությունը չէր ընդունում եւ փորձում էր ամբողջությամբ ու միանգամից ստանալ ժողովրդավարություն:
Ի դեպ, սկզբնական շրջանում տողերիս հեղինակը եւս այդ ընդդիմության շարքերում էր գտնվում, բայց ամեն ինչ փոխվեց Կարեն Կարապետյանի՝ վարչապետ կարգվելուց հետո: Քանի որ չէր կարելի չնկատել վերջինիս նախաձեռնած բոլոր այն բարեփոխումները, որ կոչված էին զարգացնելու երկրի տնտեսությունը, ինչն իր հետեւից, ցանկանար գործող իշխանությունը, թե ոչ, հանգեցնելու էր անցումային փուլի ավելի արագ ավարտին եւ, ըստ այդմ, ժողովրդավարական սկզբունքների հաստատմանը: Բայց ամեն ինչ փուլ եկավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը՝ այլեւս չպաշտոնավարելու վերաբերյալ խոսք տալուց հետո, դրժեց իր խոսքը: Ու մենք «ստացանք» Նիկոլի իշխանությունն ու դրա բերած արհավիրքները: Երբ ոչ միայն բանի տեղ չի դրվում սեփական խոսքը, եւ խոստումը դրժելը դառնում է մի սովորական բան, այլ ընդհանրապես մարդկային կյանքերի ու հայրենիքի առանձին հատվածների կորուստն է համարվում բնական երեւույթ: Ու բնական է, որ դրանից հետո ամեն ինչ պետք է արվի՝ իշխանությունը պահպանելու համար, քանի որ այն կորցնելուց հետո ողջ այն ատելությունը, որ կուտակված է Նիկոլի սիրած ժողովրդի սրտում, հորդելու է լավայի նման՝ «սրբելով» եւ քշելով իր ճանապարհին պատահած ամեն բան:  

Ինչ մնում է Գյումրու ընտրատեղամասերից մեկի քվեատուփի հետ կապված պատմությանը, ապա Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի փախուստը լրագրողներից խիստ կասկածելի էր: Համաձայն եմ նրա ասածին, որ քվեարկության արդյունքներն արդեն ամփոփված էին, ու կարծես թե իմաստ չուներ քվեատուփ բացելը: Իսկապես, ոչ մի իմաստ չկար, քանի որ ինը մասի բաժանված քվեաթերթիկներն առանձին-առանձին տեղավորված էին տոպրակներում: Դրանք էլ կնքված պետք է լինեին, ու այնուհետեւ բոլորը լցվեին մեկ այլ տոպրակի մեջ՝ կրկին կնքելով այն: Բայց գիշերային մթության մեջ, երբ վստահորեն թաղամասի հոսանքն էլ գիտակցորեն էր անջատված, ընտրակեղծարարության դեմ պայքարի դրոշ բարձրացրած իշխանության ներկայացուցիչները կարող էին դիմել սեփական ընտրակեղծարարությանը:

Մարզպետին «հուշեմ», թե տեսականորեն ինչ էր հնարավոր անել, չնայած ենթադրում եմ, որ ինքն էլ է տեղյակ դրանից: Դիմելու էին ընտրատարածքային հանձնաժողով՝ պահանջելով կատարել այս կամ այն ընտրատեղամասի քվեների վերահաշվարկ: Ու պարզվելու էր, որ ՔՊ-ն այդ ընտրատեղամասերում ավելի շատ ձայն է տարել, քան թե արձանագրվել է արդյունքների ամփոփման ժամանակ: Իսկ նման պատկեր ստանալու համար պետք էր արդյունքներն ամփոփելուց հետո կատարել ՔՊԿ-ի վերաբերյալ նշումով քվեաթերթիկների լցոնում: Ինչով, ի դեպ, կտարբերվեին նախկիններից. նրանք լցոնում էին կատարում նախքան քվեարկության ավարտը, իրենք դա կկատարեին ավարտից հետո: Ի վերջո, դա ավելի պակաս աղմուկ կհաներ, քան թե ընտրություններից հետո ընդդիմության ղեկավարի (տվյալ դեպքում՝ ղեկավարների) նկատմամբ քրեական գործեր կարելը: Մի խոսքով` ընտրություն կեղծելու համար ընդամենը կամք է պետք, իսկ ուղիներ` միշտ կգտնվեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image