Հասարակություն

Ճաշակ ու չափի զգացում

Ճաշակ ու չափի զգացում

Ճաշակին ընկեր չկա՝ ասում է հայտնի ասացվածքը: Ասել է թե` ինչքան մարդ, այնքան ճաշակ, եւ այն, ինչը մեկի համար գեղեցիկ է, մյուսի համար կարող է այլանդակ լինել: Բայց, անշուշտ, կան գեղեցկության, տաղանդավորի, համեղի համընդհանուր չափանիշներ: Բարձրաճաշակ երաժշտություն, տաղանդավոր արվեստի գործ, թանկարժեք գեղանկար, աչք շոյող դիզայն եւ այլ արտահայտություններ չէին լինի, եթե չլինեին այդ չափանիշները եւ «ճաշակին ընկեր» չլիներ` առհասարակ: Եթե ճաշակ գոյություն չունենար, ապա իմ 4-ամյա թոռնիկի ու Էդուարդ Խարազյանի գեղանկարները կարող էին նույն արժեքն ունենալ, իսկ Նիկոլ Փաշինյանի ու Տերյանի բանաստեղծությունները կարող էին իրար կողքի դրվել:

Գեղարվեստական ճաշակն ու չափանիշներն են տարբերություն սահմանում, որոշում, թե որն է իրական արվեստը, որը անտաղանդ խզբզոց, ով է տաղանդավոր ստեղծագործող, ով` անտաղանդ կառավարիչ: Ասենք, նույն շրջանում ստեղծագործած Եղիշե Չարենցին ու Աբովին միմյանց հետ համեմատելն անգամ սրբապղծություն է թվում: Եվ խոսքը սիրել-չսիրելու մասին չէ, այլ արժեքների ու չափանիշների, ձեւավորված ընկալումների եւ, իհարկե` ճաշակի, կրթվածության, կուլտուրայի ու սեփական ոտքն իր արշինով մեկնելու մասին է: Եթե դու գաջ քսող ես, բայց հիմար չես, երբեք քո քսած գաջը որպես արվեստի գործ չես ներկայացնի: Եթե դու լրագրող ես ու անգամ վատ տեքստեր չես գրում, բանաստեղծություն ու պատմվածք գրելուց առաջ հազար անգամ կմտածես, որ ծիծաղի առարկա չդառնաս: Եթե դու քաղաքագիտության ֆակուլտետն ես ավարտել եւ մի քանի դասագիրք կարդացել, խոր քաղաքագիտական վերլուծություններ չես անի: Եթե դու բժշկական համալսարանն ես ավարտել, չես պահանջի, որ քեզ բարդ վիրահատություն վստահեն: Ճաշակի ու չափի զգացումն ամեն ինչում է անհրաժեշտ:  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image