Վատ հիշողություն ունեցող մարդիկ չպետք է ստեն, որովհետեւ հաճախ մոռանում են, թե նույն հարցին առաջ ինչպես են պատասխանել ու խճճվում են իրենց ստերի մեջ: Եւ անգամ «կռուտիտի» մեծ մասնագետ լինելը չի փրկում: Իհարկե, սուտ ասելու, կարմրելու, ամաչելու հատկությունները Փաշինյանը վաղուց է կորցրել, չի էլ վախենում հեղինակազրկվելուց, հիշողությունն էլ այն չէ, բայց այն, ինչ երեկ նա ասում էր Հ1-ի եթերում, պատմության մեջ պետք է գրվի որպես բանական մարդու կողմից անթույլատրելի պահվածք (ամեն ջանք գործադրում եմ, որ կոռեկտ որակումներ տամ):
Շարունակ խճճվում էր, իր նախորդ ասածներին հակասող մտքեր ասում, բացահայտում իր իրական մտադրությունները եւ բացահայտում, որ մեր պետության գլխին կախված մարտահրավերներն ավելի ահասարսուռ են, քան մենք պատկերացնում ենք:
Լիքը բան կա ասելու, բայց անդրադառնամ միայն Եկեղեցուն վերաբերող հատվածին: Որպես իր զազրելի արշավի բացատրություն արդեն տասնյակ իրար հակասող պատճառներ են ասվել այս 7-8 ամսում: Ամռանը, երբ նոր էր սկսել արշավը, խոսում էր եկեղեցիների չուլանացման, կուսակրոնության խախտումների, կաթողիկոսի երեխա ունենալու, սրբազանների` ինչ որ քեռակինների «դոմփելու» մասին:
Հետո ասպարեզ եկան եկեղեցու ֆինանսավորման, մոմերի վաճառքից ստացվող եկամուտների, գանձերի ու հարկերի մասին խոսակցությունները: Ապա պարզվեց` հոգեւորականներն օտարերկրյա գործակալներ են` ինչ որ հատուկ ծառայությունների «լեյտենանտների» են հաշվետու լինում:
Սկզբում խնդիրը Եկեղեցու բարենորոգումն էր` «որ եկեղեցին վերադարձնենք հավատացյալներին» եւ դա նախաձեռնել էր որպես շարքային հավատացյալ: Հետո մտածեց, որ մարդիկ իր ասածը երեւի ուղիղ են հասկացել եւ մտածել են` կուզեն կմասնակցեն այդ արշավին, չեն ուզի` չեն մասնակցի, ուստի հարկավոր է բաց ասել` գուցե գործն առաջ գնա եւ բացահայտորեն սկսեց հանդես գալ որպես վարչապետ` «ճանապարհային քարտեզ» կոչվող մի թղթի տակ էլ 10 սողունների հետ իր ստորագրությունը դրեց: Երեկ էլ հայտարարեց. «Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, և ես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եմ, ես չեմ կարող կիսվել երկու մասի»: Բայց ինչ որ պահից գիտակցեց, որ Եկեղեցու բարենորոգման խաղաթուղթն արդեն «խփվել» է` Կճոյանով ու Միրզախանյանով ի՞նչ բարեվարքություն:
Հիմա քանի որ բոլորին արդեն պարզ է բուն նպատակը, իմաստ չկա թաքնվել ժողովրդավարի պատմուճանի տակ, ասում է` եկեղեցին խառնվել է քաղաքականությանը եւ չի թաքցնում, որ «վառված» է Բագրատ Սրբազանի շարժումից, եկեղեցու` իրեն ուղղված հրաժարականի կոչերից (էսքան աղետից հետո հրաժարական էլ չպիտի պահանջեին):
Ասում է. «1, 2, 3, ասացինք՝ լավ, ոչինչ, պետք է լինել հանդուրժողական, արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել»: Հետո դառնում է դատախազ, ԱԱԾ պետ. «Մեր խնդիրն ի՞նչ է՝ թողնել, որ այդ ծայրահեղականության դրսևորումները գնալով շատանան, պլանը դառնա իրագործելի, գնդակահարության մասին սպառնալիքները դառնան գնդակահարություններ» (ձայնագրությունները մոնտաժել են, որ հիմա որպես ապացույց վկայակոչի):
Մեկ ասում է` յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում հոգեւորականներն, իրավունք ունեն կարծիք հայտնելու, հետո պարզվում է` ինքն է որոշում. ինչ կարծիք հայտնեն եւ դրա մեջ իր հրաժարականի պահանջը չի մտնում, իսկ պատարագների բովանդակությունն էլ պետք է իր սրտով լինի:
Ոչ անմեղության կանխավարկած, ոչ սեփական լիազորությունների գիտակցում, ոչ մարդկային պարկեշտության ու չափի զգացում: Փաստերի խեղաթյուրում, մարդկանց հիմարի տեղ դնել, հասկացություններն իրար խառնել, մանիպուլյացիաներ, ստեր... Լսում ես ու սարսափում` եթե էս մարդու ուղեղում նման կաշա է, ո՞նց է սա ղեկավարում երկիրը, ո՞նց է կարեւոր որոշումներ կայացնում...այն էլ 8-ամյա կառավարման ընթացքում ձեռք բերած մեծամտությամբ, չարությամբ, ցինիզմով:
ՀԳ Բայց ուզում եմ գովել Հ1-ի լրագրողին. Փաշինյանի ստրկապետությունում անգամ Հանրայինի լրագրողն ավելի ադեկվատ է, ավելի շատ է օրենքն ու անմեղության կանխավարկածը հարգում, ավելի տրամաբանված հարցեր է տալիս, քան պատասխաններն են, որ հնչում են երկրի առաջին դեմքի կողմից: