Քաղաքականություն

Աշխարհաքաղաքականությունը թաղման բյուրո չէ

Աշխարհաքաղաքականությունը թաղման բյուրո չէ

Ասում եմ՝ մի հարմար մեռել լիներ, էն Վահագն Խաչատուրյանին ուղարկեինք թաղման: Նոր հանդիպումներ, նոր սելֆիներ… Մարդը բան կունենար գրելու իր կենսագրության վերջին հատորում: Այլապես էս շոգին մնացել է Հայաստանում որ ի՞նչ անի: Նիկոլը քիչ էր, ինքնել իր հերթին է Սյունիքը տալիս, ինչ-որ դարպասներ բացում, ապագայից ու զարգացումից խոսում: Գնացել, նստել է Մեղրիի բաց սահմանին՝ Մեղրիի փակ սահմանից է խոսում: Դու էդ ի՞նչ քոլ ես քաշում, պարոն նախագահ, աչքերդ բացիր մի պահ, դա ախր մեր 2 բաց սահմաններից մեկն է, որով մենք ազատ գնում ենք Իրան, Իրանից ազատ գալիս են Հայաստան, Հայաստանից անցնում Վրաստան, Ռուսաստան… Եթե սիրտդ Թուրքիայի և Ադրբեջանի համար է ցավում, ապա ուշացել ես, պարոն նախագահ, Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց կապող լիքը ցամաքային ճանապարհներ կան թե՛ Իրանով, թե՛ Վրաստանով: Այնպես որ մեր թշնամիները Մեղրիի միջանցքի հույսին չեն մնացել:
Թե բա՝ միջանցքը որ տանք, ապագայում կզարգանանք… Եքա մարդ ես՝ սուտ ես խոսում: Քո իմացած միջանցքը հենց տվիր՝ Իրանի հետ սահմանը խախտվելու է, իսկ ապագայում դառնալու է անօգտագործելի: Քո ադրբեջանցի գործընկերն ասել է՝ էդ միջանցքում հայի երես չպետք է տեսնենք: Լսել ես, ճի՞շտ է: Դա նշանակում է, պարոն Խաչատուրյան, որ ՀՀ տարածքում հայկական սահմանապահ ծառայություն չի գործելու, ադրբեջանցիներն անարգել երթևեկություն են պահանջում, այսինքն՝ ինքնիշխանություն և ինքնիրավչություն ՀՀ տարածքի այդ հատվածում: Աբու Դաբիում Նիկոլը սրանից էր հայտնվել նոկդաունի մեջ, գլուխը բռնել: Ու, իբր հնարը գտավ, հայտարարեց, թե միջանցքի վերահսկողությունը արտապատվիրակելու ենք ամերիկյան մի մասնավոր ըներության: Ալիևին հաճելի էր դա լսելը, բայց նա չհապաղեց իր ամերիկացի գործընկերներին հասկացնել, որ բուն Ադրբեջանի և Նախիջևանի հատվածում ադրբեջանական ծառայություններից բացի ոչ մի «օտար շուն» չի կարող վերահսկողություն սահմանել: Ինչպես տեսնում ես, պարոն նախագահ, մեզ փայլուն ապագա է սպասվում այդ միջանցքի գործարկումից:
Ես նաև այն տպավորությունն ունեմ, որ Վահագն Խաչատուրյանը Նիկոլի՝ Ալթայ կատարած աշխատանքային այցից լրիվ «բեխաբար» է: Կամ չի իմացել, կամ էլ Նիկոլը նրան սխալ-մխալ ինֆորմացիա է հաղորդել այդ այցից՝ թե բա պարոն Խաչատուրյան, «վսյո րեշենո», հարցերը լուծել եմ, վեր կաց մի երկու բառ էլ դու ասա միջանցքի մասին: Սա էլ, առանց մտածելու, դուդուկը միացրել է ու մտել արտաքին քաղաքականություն, իսկ ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքականություն՝ դարպասներ է բացում, սահման է վերաձևում, ֆլան, ֆստան: Դե Վահագն Խաչատուրյանի համար ի՞նչ նշանակություն ունի, որ Կասպից ծովում ռուս-իրանական նավատորմը զորավարժություններ է սկսել, որ Իրանը զորք է մոտեցրել Մեղրիի սահմանին, որ Նիկոլն, իրականում, ոչ թե հարցերը լուծել, այլ իրար է խառնել ամեն ինչ ու թռել երկարատև արձակուրդ: Ալթայում՝ Միշուստինի ներկայությամբ, հայտարարեց, չէ՞, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գալու: Եվ ուրեմն, պարոն Խաչոատուրյան, սա ի՞նչ անիմաստ զառանցանք է՝ ԵԱՏՄ անդամ պետության միջով ՆԱՏՕ-ի զորքի ու զինամթերքի անարգել տարանցման մասին: Չլինի՞, պարան Խաչատուրյան, որոշել ես հարցերն ինքդ լուծել, քանի դեռ Նիկոլը հով լռված է արձակուրդում: Շոգ է, պարոն Խաչատուրյան, չի ստացվի, պատերազմ կբերես Հայաստան: Դրա համար եմ ասում՝ մի մեռել լիներ՝ գնայիր թաղմանը: Այդպես լավ կլիներ ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար: Ասեմ, որ վրացիներն առանց այն էլ խանդով են վերաբերվում իրենց տրանզիտային ուղիներին այլընտրանք համարվող բոլոր ճանապարհներին ու միջանցքներին: Իսկ երբ տեսնում են, որ Մեղրիի միջանցքի պատճառով կորցնում են ցամաքային կապը Իրանի հետ, ակամա սկսում են մտածել, որ ՀՀ իշխանություններն իրենց հանդեպ այնքան էլ բարեկամաբար չեն տրամադրված: Սա էլ, ինչպես ասում են, վատ լուր արձակուրդում ծաղիկ փնջող Նիկոլի և քեզ համար, պարոն Խաչատուրյան:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image