Հասարակություն

ՍՊԻԴ կենտրոնը վերացնելուց հետո հիվանդների ու մահերի աճ է գրանցվել

ՍՊԻԴ կենտրոնը վերացնելուց հետո հիվանդների ու մահերի աճ է գրանցվել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ամեն տարի հրապարակում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Այս պահի դրությամբ ամփոփված է 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների պատկերը։ Դրա թռուցիկ վերլուծությունը վկայում է, որ մարդու իմուն անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակի եւ ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) հայտնաբերման դեպքերն էապես աճել են։ Ըստ լուրերի՝ օրը 3-4 նոր դեպք է հայտնաբերվում։ 

ԱՆ տվյալների համաձայն՝ 2024 թվականի 8 ամսվա ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 377, ՁԻԱՀ-ի` 102 եւ մահվան 66 դեպք։ Մինչդեռ անցյալ ողջ տարվա, այսինքն՝ 2023 թվականի ընթացքում ՄԻԱՎ վարակի 500 դեպք էր բացահայտվել, ՁԻԱՀ-ի՝ 221, մահվան՝ 79 դեպք։ 

Ակնհայտ է, որ 2024 թվականի դեկտեմբերի վերջին ունենալու ենք ՍՊԻԴ-ի դեպքերի շեշտակի աճ։ Ո՞րն  է պատճառը։ Մեր զրուցակիցը ՍՊԻԴ-ի կենտրոնի նախկին մասնագետներից է, որի ցանկությամբ նրա անունը չենք հրապարակում: Նա մեր հարցին պատասխանեց․ «Սա ինչ-որ չափով բացատրելի է, որովհետեւ քովիդ եղավ, որի պատճառով դրսում ապրող շատ հայեր, որոնք խոպանում աշխատում էին ու տարվա մեջ մեկ-երկու ամսով էին գալիս Հայաստան, եկան ու տարիուկես մնացին Հայաստանում։ Եթե նախկինում նա չէր հասցնում վարակել կնոջը, հիմա տարիուկես ապրելով, կարող է եւ հասցրել է։ Հարյուր-հազարներով այլազգիներ եկան, ռուսներ, այդ ամենը կարող էր ազդեցություն թողնել, կանխատեսելի էր այս ազդեցությունը։ Ես, օրինակ, սպասում էի, որ աճ է լինելու։ Այս թվերի աճը նախազգուշական է, նշանակում է, որ համաճարակը չի դանդաղում»։ 

Ըստ մեր զրուցակցի՝ տարեվերջին, անցյալ տարվա համեմատ, ակնհայտ աճ է լինելու, սակայն քանի դեռ հայտնի չէ վարակակիրների կոնտինգենտը, թե ովքեր են հիմնականում նոր հիվանդացողները, վերլուծություն անելը դժվար է։ Իսկ այս մասով հրապարակային տվյալներ չեն ներկայացվում։ Թվերին նայելով՝ մահվան դեպքերի աճ ենք նկատում, ամբողջ 2023 թվականին՝ 79 դեպք ու այս տարվա 8 ամիսներին՝ արդեն 66․ սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ չեն կանխվում այս դեպքերը։ 

«Հիմա պետք է մտածել բուժման հասանելիության, որակի մասին։ Եթե մարդիկ ավելի շատ են մահանում, հետեւապես, բուժման հետ կապված խնդիր կա, կամ էլ ուշ են հայտնաբերում, եւ այդ շրջանում ավելի դժվար է լինում բուժելը»,- պատասխանում է մասնագետը։ Նախկինում, երբ «Սպիդի կենտրոնն» առանձին մասնագիտացված հիմնարկ էր, այստեղ փորձառու համաճարակաբաններ էին աշխատում, որոնք հետագայում հեռացան, ցրվեցին, եւ չի բացառվում, որ նաեւ դա է ՍՊԻԴ-ի անարդյունավետ բուժման պատճառներից մեկը։ 

Հավելենք, որ մասնագետները վաղուց են նկատել, որ վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ-ի տարեկան գրանցված նոր դեպքերի թվի ավելացման միտում կա: Այսպես՝ 2017 թվականին գրանցվել էր 358 նոր դեպք, 2018 թվականին՝ 429, 2019-ին՝ 448, 2020 թվականին գրանցված ցուցանիշը 2019-ի համեմատ մի փոքր իջել է, սակայն դա պայմանավորված էր քովիդի համավարակով, ինչը խանգարել է նոր դեպքերի բացահայտմանը: 2021 թվականին նոր դեպքերի ցուցանիշը կազմել է 425: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 4 հազար 741 է, բուժում է ստանում 3 հազար 751 ՀՀ քաղաքացի: Իսկ 1988-ից մինչեւ 2024 օգոստոսի 31-ը Հայաստանում ՄԻԱՎ վարակի 5 հազար 991 դեպք է հայտնաբերվել, ՁԻԱՀ-ի՝ 2 հազար 771, 1250 մարդ մահացել է, որոնցից 12-ը` երեխա։ Այս տարի այս հիվանդությունները 3 երեխայի մոտ են հայտնաբերվել։ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է (275), որին հաջորդում է Լոռու (248), այնուհետեւ՝ Գեղարքունիքի մարզը (235)։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image