Քաղաքականություն

ԱՄՆ-ն կարծես չի բացառում դիտորդների տեղակայումը ՀՀ-Ադրբեջան սահմանին

ԱՄՆ-ն կարծես չի բացառում դիտորդների տեղակայումը ՀՀ-Ադրբեջան սահմանին

Ընթացիկ շաբաթն առանձնակի ժամանակահատված է Հայաստանի միջազգային հարաբերությունների տեսակետից եւ, վստահաբար, ամենակարեւորը Փաշինյանի եռամյա ձախողված կառավարման շրջանում: Եթե 2020-ի պատերազմի օրերին Փաշինյանը գիտակցություն եւ ինքնուրույնություն ունենար՝ անելու թեկուզ կեսն այն բանի, ինչ անում է այս օրերին` ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության, հետագա դեմարկացիայի եւ դելիմիտացիայի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից դիտորդներ ներգրավելու հայտարարությունից ի վեր, ապա Հայաստանը եւ Արցախը հազարավոր զոհերի եւ հաշմանդամ դարձած անձանց փոխարեն գուցե միայն մի քանի տասնյակ զոհ եւ հաշմանդամ ունենային այդ պատերազմում: Հնարավոր է Աղդամը, Լաչինն ու Քարվաճառն էլ Ադրբեջանին հանձնելու հարկադրանք չլիներ: 

Սակայն եղավ այն, ինչ եղավ: Իսկ այժմ Հայաստանը հայտնվել է ռեալ միջազգային կյանքի հարահոսում, որտեղ իրադարձությունները հետեւում են մեկը մյուսին: Այժմ Երեւանում թե Թեհրանում, Բաքվում թե Մոսկվայում, Փարիզում, Բրյուսելում թե Վաշինգտոնում, ամենուր հետեւում են եւ հետաքրքրված են տեսնելու, թե Մինսկի խմբի համանախագահ երկրներից  Հարավային Կովկաս դիտորդական առաքելություն բերելու Հայաստանի նախաձեռնությունը մինչեւ ուր է հասնում եւ ինչի է հանգեցնում: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանը շուռ տա ռուս-թուրքական տանդեմի մեկ հարյուրամյակ հաստատած ու ատամներով պահած խաղատախտակը Հարավային Կովկասում:   

Ֆրանսիայի դիրքորոշումն այստեղ առանցքային է, սկզբունքային է, վճռական ու հայանպաստ: Փաշինյանի այցի արդյունքներով, հնչող հայտարարություններով հնարավոր կլինի առաջիկայում դատողություններ անել։ Առայժմ հայտնի է այն, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքը ստացել է Փարիզի աջակցությունը մայիսի 27-ի ՀՀ ԱԽ նիստում իր հնչեցրած առաջարկին: Բաքվում բարձրացած հիստերիայից կարելի է ենթադրել, որ իրոք ստացել է: Ֆրանսիային խորապես երախտապարտ լինելով հանդերձ, ամենքն էլ գիտակցում են, որ, այդուհանդերձ, դիտորդներ տեղակայելու հարցում հատկապես ԱՄՆ-ի դիրքորոշումն է որոշիչ լինելու: Հետեւաբար, Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի հայտարարությունից հետո առաջին աշխատանքային օրը, մայիսի 31-ին ես դիմեցի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն` խնդրելով, որ դեսպան Լին Թրեյսին կամ եթե հնարավոր է` անմիջականորեն Վաշինգտոնից պատասխանեն մեկ-երկու հարցի: Իմ գրությունը հետեւյալն էր. «Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը լիցքաթափելու ծրագրով է հանդես եկել, մասնավորապես առաջարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին՝ նախ սահմանային բախումները կանխելու, ապա միջազգային ինչ-որ կառույց ձեւավորելու համար, որի շրջանակում իրականացվեն սահմանազատման եւ սահմանագծման հետագա աշխատանքները: 

Համարյա նույն օրը ԱՄՆ պետդեպը հայտարարություն տարածեց, որտեղ ողջունում էին սահմանային լարվածության լիցքաթափմանն ուղղված առաջարկները եւ պատրաստակամություն էին հայտնում օժանդակելու դրանց կենսագործմանը: Ճիշտ այս կետի առնչությամբ ես 3 հարց ունեմ:

1. ԱՄՆ պետդեպի 2021թ. մայիսի 27-ի «Հայ զինվորների կալանավորման» հայտարարությունը որեւէ կերպ նշանակո՞ւմ է արդյոք, որ ԱՄՆ-ն պատրաստ է դիտորդներ գործուղել հայ-ադրբեջանական սահման` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Դուք դիտարկում եք դիտորդների ներգրավումը համանախագա՞հ երկրներից (ներառյալ ԱՄՆ), թե՞  ավելի լայն` ԵԱՀԿ երկրների կազմից` համանախագահների վերահսկողության ներքո։ 

2. Միջազգային ի՞նչ ընթացակարգեր պետք է գործարկվեն հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության ձեւավորման եւ համապատասխան մանդատով օժտելու համար: Դա պետք է լինի Միացյալ ազգերի կազմակերպությա՞ն մանդատ, ԵԱՀԿ մանդա՞տ, թե՞ մեկ այլ բան։

3. Դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելության վայր ֆիզիկապես ե՞րբ կարող են ժամանել՝ իրերի լավագույն ընթացքի դեպքում, եւ ե՞րբ` իրերի վատագույն ընթացքի դեպքում»:  

Յուրաքանչյուրը, ով կապ ունի միջազգային լրագրության, առավել եւս դիվանագիտության հետ, գիտակցում է, որ նման ուղիղ տրված հարցերին դժվար թե պատասխաններ հետեւեն, մեծ հավանականությամբ պատասխանը լինելու է հայտարարություն: Գալո՞ւ են արդյոք ԱՄՆ դիտորդներ, ի՞նչ ընթացակարգով, ե՞րբ. ավելի քան անհավանական է, որ նման հարցերի մասին աշխարհին հայտարարվի հայաստանյան մամուլին տրվող հարցազրույցի միջոցով: Սակայն իմ հարցերով փորձելու էի պարզել մեկ բան․ կհերքվի կամ կբացառվի՞, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ներառյալ` ԱՄՆ-ից, դիտորդներ կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին: Այդ սպասումով էլ մայիսի 31-ին հարցերս ուղարկեցի ԱՄՆ դեսպանատուն, ու թեեւ դեսպանատունն այդ օրը չէր էլ աշխատում՝ ԱՄՆ-ում ամեն տարի մայիսի վերջին երկուշաբթին նշվում է որպես Հիշատակի օր (Memorial Day), սակայն շատ չանցած՝ դեսպանատնից գրեցին, որ չնայած օրը ոչ աշխատանքային է, հարցերս տեսել են եւ ընթացք տվել: Մի քանի ժամ անց էլ գրեցին, որ Վաշինգտոնից խորհուրդ են տալիս հարցերն ուղարկել անմիջականորեն Պետդեպ: Դա նշանակում էր, որ պատասխանը լինելու է պաշտոնապես Պետդեպի մամուլի ծառայությունից: Պատասխանը եկավ հաջորդ օրը` հունիսի 1-ին, Պետդեպից, եւ հետեւյալն էր. “The United States, as a Co-Chair of the OSCE Minsk Group, remains deeply committed to working with the sides to achieve a long-term political settlement of the Nagorno-Karabakh conflict.  We urge the sides to return to Minsk Group Co-Chair led negotiations as soon as possible.”

Թարգմանաբար․ «Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մնում է խորապես հանձնառու կողմերի հետ աշխատելուն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ քաղաքական կարգավորման հասնելու համար: Մենք հորդորում ենք կողմերին հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող բանակցություններին»:

Ի՞նչ է սա նշանակում: Ըստ իս՝ նվազագույնը այն, որ ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կոնտեքստում, իսկ բուն հակամարտության հանգուցալուծումը, ի դժբախտություն Ալիեւի, դեռ առջեւում է եւ լինելու է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Երկրորդ․ ԱՄՆ պետդեպը որեւէ կերպ չի բացառում, չի հերքում Նեդ Փրայսի մայիսի 27-ի հայտարարությունը որպես հայ-ադրբեջանական սահմանին ԱՄՆ-ից դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն ընկալելը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image