Այս օրերի շարժումը ոմանց մոտ դեժավյուի զգացողություն է առաջացրել, տեղափոխել 2018 թվական։ Այն օրերին ողջ հանրապետությունում ծավալված համաժողովրդական շարժման արդյունքում, ի վերջո, անպարտելի թվացող Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալվեց, եւ ընդամենը օրեր առաջ ընտրված վարչապետը հրաժարական տվեց։ Մոտ 25 օր Երեւանի, ապա ամբողջ Հայաստանի փողոցներում համաժողովրդական շարժման ալիքի վրա` առանց ընտրությունների, իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում ունենալով ընդամենը 7 ձայն: Իհարկե, նա իր տեսակով անհամեմատ տարբերվում է Սերժ Սարգսյանից: Ցանկացած վարչապետ՝ առանց որեւէ շարժման, ինքնակամ կհեռանար աղետալի պատերազմում պարտվելուց հետո, բայց Փաշինյանը ոչ միայն մնաց, այլեւ 1 տարի անց վերարտադրվեց եւ 4 տարի շարունակ նորանոր պարտություններ է գրանցում` պահելով իշխանությունը: Մենք փորձեցինք հասկանալ, թե 6 տարի առաջ ինչը ստիպեց ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին` հրաժարվել իշխանությունից: Լսել ենք հանրապետականների կարծիքը։
ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ 2 տարբեր գործընթացների մասին է խոսքը․ «Սա ազգային շարժում է, ինչպես 2020 թվականից սկսված բոլոր շարժումները, նա՝ սոցիալական, այսպես կոչված՝ կոռուպցիայի, թալանի դեմ։ 20 թվականից սկսած շարժումները կարելի է համեմատել 88-ի շարժման հետ, իսկ 2018-ի շարժմանը մարդկանցից մեկը Շարմազանովի դեմ էր դուրս եկել, մյուսը՝ կոռուպցիա որ չլինի, երրորդը՝ կարմիր գիծ, տեսախցիկ եւ այլն: Կոչերն էլ պոպուլիստական էին, այդ շարժմանը ո՛չ հայրենիք կար, ո՛չ Արցախ, դրսից ուղղորդվող շարժում էր, որտեղ մեծ դեր էին խաղում աղանդավորական շարժումները, տեղ ունեին սորոսական գրանտակեր կազմակերպությունները, լիքը ՀԿ-ներ կային` դրսում պարապած, վերապատրաստում անցած գործիչներ: Ի վերջո, շարժումն առաջնորդում էր մարդ, որը երբեք ազգային նկարագրով հայտնի չի եղել ու առաջին օրվանից ուներ արեւմտյան դեսպանների աջակցությունը, որը հրապարակային էր հնչում։ Մի օրինակ բերեմ՝ նախօրեի հանրահավաքին մեկը «կամազ»-ով մտավ հրապարակ, բայց եթե 2018-ին ինչ-որ մեկը ոչ թե «կամազ»-ով, այլ սամակատով փորձեր մտնել, ԱՄՆ դեսպանից մինչեւ ԵՄ դեսպան 7 անգամ ասուլիս կանեին, հետեւաբար՝ արտաքին ճնշումն ու ազդեցությունը մեծ են եղել իշխանության հեռանալու գործում»։
Շարմազանովը հիշում է, որ 2018-ին ժողովրդական ապակենտրոն շարժումը ողջ Հայաստանում էր ծավալվել, ոչ միայն Երեւանում․ «Մի պահ եկավ, իհարկե, հրապարակն այսօրվա քանակով չէր լցվել, բայց ողջ Հայաստանում էր շարժումը, ամբողջ Հայաստանով իշխանությանը նեղություն էր տրվում, իսկ այս շարժումն իշխանություններին դեռ նեղություն չի տվել, մի տեղ հավաքվել ենք` հանրահավաք ենք արել, բայց Նիկոլին նեղություն չի տրվել։ Հիշո՞ւմ եք` իրենք Վիգեն Սարգսյանի ճանապարհն էին փակում, չէին թողնում տեղաշարժ, մեր ճանապարհն էին փակում` չէին թողնում խորհրդարանից դուրս գայինք, հիմա ո՞վ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր հոկտեմբերի 2-ին ժողովրդին տանել, պառլամենտի այգի մտցնել, իսկ այս շարժումը չի կարող։ Իրենք հատուկ տեխնոլոգիաներով էին աշխատում՝ գիտեին Ֆեյսբուքում ինչ անել, ոնց շարժվել։ Այո, ինչ-որ պահ եղավ կուլմինացիան, եւ դա խաղաղապահների՝ շարժմանը միանալն էր, ապրիլի 24-ին ընդառաջ լինելը։ Ես մնում եմ այն կարծիքին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվել է ոչ միայն ժողովրդական ճնշման, այլեւ աշխարհաքաղաքական կենտրոնների` իրեն չաջակցելու պատճառով, եղել է գունավոր հեղափոխություն, ինչպես Շեւարդնաձեի դեպքում»: Այսինքն` կարծում եք, որ հիմա փողոցով հնարավոր չէ՞ իշխանություն հեռացնել, որովհետեւ հիմա իրենք ունեն արեւմտյան կենտրոնների հովանավորությունը, Շարմազանովն արձագանքեց․ «Եթե հնարավոր չլինի, բա ի՞նչ եմ անում ես փողոցում, հենա տունը կնստեմ: Ես քրիստոնյա մարդ եմ, իրավունք չունեմ հուսահատվելու, պիտի հույսով պայքարել, որ հասնենք հաղթանակի: Թե ինչպես` եթե իմանայի, ինքս կնախաձեռնեի, չէի սպասի, որ Բագրատ սրբազանը Տավուշից գար»։
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, որ այդ օրերին ղեկավարում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կարծում է, որ 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարական տալու համար ազդակ հանդիսացավ հաջորդ օրվա խորհուրդը` ապրիլի 24-ը․ «Ամբողջ աշխարհի ուշադրությունն այդ օրը սեւեռված է մեզ վրա, այդ օրն այնքան կարեւոր է յուրաքանչյուր հայի համար, քանի դեռ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ ցեղասպանություն իրականացրած երկիրը, չեն ճանաչել այդ փաստը, մեր իշխանությունը կարեւոր էր համարում համախմբումը, ներքին համերաշխությունը։ Նաեւ սա էր պատճառը, որպեսզի բախումներ չլինեին, ժողովրդի ցասումն այլ հետեւանքների չբերեր, կայացվեց հրաժարականի որոշում։ Սերժ Սարգսյանը չցանկացավ, որ ապրիլի 24-ին այնպիսի իրադարձություն լինի, որն անդառնալի հետեւանքներ թողնի մեր երկրի ու պետության, ամբողջ պատմության վրա»։
Նկատեցինք, որ, այդուհանդերձ, ոստիկանությունը կոշտ միջոցներ չէր կիրառում մարդկանց նկատմամբ` ո՞ր պահից։ «Ոչ, ես համաձայն չեմ․․․ Այն պահին, երբ փողոցում կլինեն բավարար թվով մարդիկ, եւ կլինեն քաղաքական հստակ պահանջ, ծրագիր... օրինակ, հիմա մեղադրում են, թե որ եկաք, ո՞նց եք անելու, 2021-ին ասում էին` Արցախը հե՞տ եք բերելու: Այո, հետ ենք բերելու, ոչ թե կռվով, այլ բանակցություններով»: Իսկ ո՞րն է ժողովրդի բավարար քանակը։ «Շարմազանովն իր էջում ճիշտ դիտարկում էր արել, որ թե՛ 18-ին, թե՛ 21-ին հրապարակում այդքան շատ մարդ չի եղել։ Բայց կա առաջնորդների վերաբերմունքի տարբերությունը՝ պետության հանդեպ։ Օրինակ, 2018-ի առաջնորդին հետաքրքիր չէր, ասում էր` կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ երկիրը վարչապետ չի ունենա: Թե հիմի թուրքը կհարձակվի, տնտեսությունը կտապալվի, ինչ կլինի` չի լինի, իրեն չի հետաքրքրում, ինքը պիտի լինի վարչապետ: 2018-ին Սերժ Սարգսյանը նաեւ հենց այդ պատճառով հրաժարական տվեց, քանի որ ուներ պետականամետ մտածելակերպ եւ վախենում էր, որ երկիրը կարող է անդառնալի կորուստներ կրել»,- ասաց Սահակյանը:
Բայց մարդիկ հարցնում են, թե պետականամետ մտածելակերպ ունեցող առաջնորդն ինչպե՞ս հանձնեց երկիրը նման ոչ պետականամետ անձի, ապրիլի 24-ի դեպքերից խուսափեց, իսկ մտահոգություն չունե՞ր, որ նման մարդու է տալիս իշխանությունը։ «Պոստ ֆակտում դժվար է․․․ Ես չեմ կարծում, որ նախապես իմանային, կգտնվեր մեկը, որ թույլ կտար, որ փողոցից մեկը գար ու վերցներ իշխանությունը: Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին` նա, լինելով պետականամետ, ամեն ինչ անում է, որ չլինի բախում, հարված չլինի պետականությանը, անվտանգությանը: Փաստ է նաեւ, որ ժողովուրդը վստահում է նրան, եւ հետագա քայլերը եթե սրբազանը ճիշտ կազմակերպի, շարժումը, անկասկած, կհաջողի»:
Հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից, կարող եք կարդալ այս հղումով՝ https://hraparak.am/