ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը հուլիսի 16-ին բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայցը ընդդեմ քաղաքապետարանի եւ հաստատել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականի համար «կարմիր գծերի» վճարների թանկացումը եղել է ոչ իրավաչափ։
Հիշեցնենք՝ 2024 թվականի հունվարի 1-ից դրանք թանկացել են 13 անգամ։ Քաղաքի կենտրոնի գոտիներում 1 տարին դարձել է 160 000 դրամ նախկին 12 000 դրամի փոխարեն, իսկ 1 ժամը՝ 300 դրամ նախկին 100 դրամի փոխարեն։ Կենտրոնից դուրս 1 տարին 24 000 դրամ է, նախկին 12 000 դրամի փոխարեն, իսկ 1 ժամը՝ 200 դրամ, նախկին 100 դրամի փոխարեն: Հենց այս կտրուկ ու շեշտակի թանկացումն է դատարանն անվավեր և ոչ իրավաչափ ճանաչել։
Փաստորեն, դատարանը վերջնականապես արձանագրել է, որ ՔՊ-ի կողմից իրականացված թանկացումները չեն ունեցել իրավական ու տնտեսական պատշաճ հիմնավորումներ: Այս դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեքենա վարողները հնարավորություն կստանան հետ ստանալու նախկինում վճարված գումարները: Իսկ դա նշանակում է, որ քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու ահռելի գումարներ հանել բյուջեից ու վերադարձնել մարդկանց:
Սա «Մայր Հայաստան» խմբակցության երկրորդ խոշոր դատական հաղթանակն է: Նախկինում Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել նաև 2025 թվականի համար սահմանված թանկացման որոշումը։ Սրանով խմբակցությունը փաստացի տապալեց 2 տարի անընդմեջ կայանատեղիների հաշվին բյուջեն լցնելու ՔՊ մոլուցքը: Դատական պրոցեսի ընթացքում 2025 թվականի թանկացման որոշումը դատարանի կողմից մասնակի կասեցվել էր, բայց քաղաքապետարանը շարունակում գումարներ գանձել։ Նույնիսկ հատուկ պարզաբանում էր տարածել, որտեղ նշել էր, որ 2025 թվականի համար վճարված գումարների վերադարձի կամ փոխհատուցման իրավական հիմքեր չկան։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը «Հրապարակի» հետ զրույցում չբացառեց, որ քաղաքապետարանը դիմի վճռաբեկ դատարան, բողոքարկելով վերաքննիչի որոշումը: «Վճռաբեկ դատարանը ունենալով 25 թվականի թանկացման վերաբերյալ նախադեպը, սեղմ ժամկետում պետք է որ առանց քննության թողնի նրանց բողոքը»: Այսինքն, այս ամենը հասկանալով, կբողոքարկե՞ն: «Հնարավոր է, քանի որ նրանք որդեգրել են ձգձգելու տակտիկան, մի գուցեեւ դիմեն դատարան», - ասում է նա: Հիմա ի՞նչ պետք է անեն քաղաքացիները, որոնք արդեն 2024 թվականին վճարել են անարդարացի թանկ կայանատեղիների համար: «Այն քաղաքացիները, որոնք ուզում են հետ ստանալ իրենց գումարները, երկու հայտ պետք է լրացնեն: Առաջինը՝ կցելով դատարանի որոշումը, դիմել քաղաքային իշխանություններին հետ վերադարձ ստանալու համար, եւ եթե լինի մերժում, արդեն դրանով կարող են մտնել դատարան: Սա ջանք պահանջող գործընթաց է, բայց կարծում եմ, արժե դա անել»: Թե քանի մարդ է փորձել հետ ստանալ 2025 թվականին կատարած վճարները, Մանուկ Սուքիասյանին հայտնի չէ: «Մենք օբյեկտիվորեն չենք հասցրել հետեւել այդ գործընթացին, նկատի ունենալով, որ զբաղված ենք եղել մեր թիմակիցներին, Անդրանիկ Թեւանյանի եւ մյուսիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին», - նշում է Մանուկ Սուքիասյանը:
«Մայր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ այլ հայցեր ունի ընդդեմ քաղաքապետարանի: Դրանց թվում են մի քանի հետաքրքիր դատական գործեր և նախադեպեր: Ավինյանի հոր դեմ վիրավորանքի հայց էին ներկայացրել` ի պաշտպանություն «Օփելների» վարորդների արժանապատվության, ու հաղթել էին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին մանդատներից զրկելու հետ կապված միջորդություններն ու հայցերը, որոնք թույլ տվեցին պահպանել ընդդիմադիրների տեղերը ավագանիում, Ավինյանի երդմնակալության նիստի վիճարկումը, որը, ըստ ընդդիմադիրների, տեղի է ունեցել քվորումի բացակայությամբ եւ որը «Մայր Հայաստան» խմբակցության ամենաամբիցիոզ հայցն է: