Քաղաքականություն

Ադրբեջանի դեսպանությունը թուրքական լրատվամիջոցների վրա ազդեցություն ունի

Ադրբեջանի դեսպանությունը թուրքական լրատվամիջոցների վրա ազդեցություն ունի

Նիկոլ Փաշինյանի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը թուրք լրատվամիջոցների այց էր կազմակերպել՝ «հերոս-հարկատուների» հաշվին: Թուրք լրագրողները հարցազրույց էին արել Փաշինյանի հետ, հանդիպել էին մի շարք պաշտոնյաների ու «փորձագետների», շփման գոտի էին այցելել ու տեսնկարահանումներ արել: Այդ այցը պետբյուջեի վրա 7.5 միլիոն դրամ էր արժեցել: Եւ վերադառնալով, թուրք լրագրողների մեծ մասը Հայաստանի մասին ծաղրական ու բացասական նյութեր էին հրապարակել: Դե իսկ լրագրողներից մեկն էլ իր տեսանյութը սկսել էր ադրբեջանցիների կողմից ծաղրանքով օգտագործվող Noldu Pashinyan  արտահայտությամբ:

Հիշեցնենք, որ թուրք լրատվամիջոցների հետ Հայաստան էր ժամանել նաև «Ակօս» հայկական թերթի լրագրողներից մեկը:

«Հրապարակի» հետ զրույցում «Ակօսի» հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը հաստատեց, որ մի շարք լրագրողներ Հայաստանից վերադառնալուց հետո բացասական են ներկայացրել պատկերը: «Բայց բավական թվով լրագրողներ էլ բավականին դրական հրապարակումներ արեցին: Այստեղ հայտնի է, որ որոշ գործոններ կան: Պետք է նշել, որ Հայաստան ժամանած այդ տասը լրատվամիջոցների մեծամասնությունը իշխանամետ մամուլի գործիչներ էին, ինչպիսիք էին CNN-ը, TRT-ն, MTV-ն, Anadolu Agency և այլն: Բայց կային նաև անկախ մամուլի թղթակիցներ, ընդդիմադիր մամուլի թղթակիցներ. մանավանդ անկախ մամուլի թղթակիցների հրապարակումները բավականին դրական էին: Նույնիսկ հարցականի տակ էին դնում Հայաստանի զենք գնելու կամ Ադրբեջանի առարկությունները, նշելով, որ նույն Ադրբեջանն ինքը Թուրքիայից և Իսրայելից է զենք գնում, հետևաբար` ինչպե՞ս է համարձակվում սպառնալ Հայաստանի` զենք գնելու իրավունքին: Այս տեսակի մեկնաբանությունների էլ հանդիպեցինք, բայց մեզ համար զարմանալի չէ»,-ասաց Էստուկյանը:

Նա շեշտեց, որ թուրքական իշխանամետ մամուլն արդեն իսկ ծանր լծի տակ է՝ հատկապես որ Ադրբեջանի դեսպանությունը Թուրքիայում բավականին լուրջ ազդեցություն ունի մեդիայի ոլորտում: «Իրենք արդեն իրենց հավատարիմ մեդիան են ձևավորել, հետևաբար այս բացասական մեկնաբանությունները մեզ համար զարմանալի չի  թվում, բայց ընդհանրապես, ինչպես ասացի, դրական մեկնաբանությունների ևս հանդիպեցինք»,-եզրափակեց Էսդուկյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image