Հոկտեմբերի 1-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում արցունքաբեր գազ բաց թողած աշակերտին գրավոր նկատողություն են տվել, հայտնեց դպրոցի մանկավարժներից մեկը։ Բայց, կարծում եք, այդ երեխան կազդվի՞ ձեր գրավոր նկատողությունից։ «Հանրակրթության օրենքին ծանո՞թ եք։ Ուրեմն, պետք է իմանաք, որ անչափահաս երեխային, որը պարտադիր ուսուցման մեջ է գտնվում, որևէ պատիժ, բացի նկատողությունից, դպրոցը չի կարող սահմանել։ Կարող եք գնալ, նայել։ Երեխային ոչ դպրոցից հեռացնել կարող ենք, ոչ որևէ այլ պատիժ տալ», - ասում է 19 -րդ դպրոցի անանուն մանկավարժը, որից այլ բան չէինք էլ ակնկալում։
Լավ, որպես մանկավարժ ինչպե՞ս եք վերաբերվում այս պատմությանը, այն հանգամանքին, որ փոխքաղաքապետի բարեկամի արարքը կոծկեցին։ «Երեխաները պատրաստի դաստիարակված չեն ծնվում։ Երեխաներն իրենց ամբողջ կյանքի ընթացքում դաստիարակվում են։ Նույնը և այս երեխան։ Մեր դպրոցում սովորում են շատ այլ պաշտոնյաների երեխաներ։ Բայց չգիտես ինչու, քանի դեռ նրանք բան չեն արել, չեն հիշում, որ իրենք քաղաքապետի, կամ չգիտես ում երեխաներ են», - ասաց ուսուցչուհին։ Մի քանի անգամ խնդրեցինք հայտնել իր անունը, սակայն նա խուսափեց, ասելով, որ իր գործը չի այս ամենի մասին խոսելը: Թեեւ եթե օրենքի ու բարոյականության նորմերին համապատասխան պատասխան է տալիս ի՞նչ իմաստ ունի անունը թաքցնելը:
Հիշեցնենք՝ այդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, դպրոց էին ժամանել ոստիկաններ, ԱԱԾ-ականներ, փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկ: 7-րդ դասարանի աշակերտը, որը դասասենյակներից մեկում «բալոնչիկից» հազ առաջացնող հատուկ նյութ էր բաց թողել, պարզվեց, փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի բարեկամն է և հենց դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ նրան չեն պատժի։
Ստացվում է, վաղը, եթե այդ երեխան ինչ որ մեկի փորը դանակ մտցնի, նրան էլի ոչինչ չի սպառնում։ Դիմեցինք խորհրդային մանկավարժներից մեկին՝ Լյուդմիլա Դավթյանին, որը 34 տարի դասավանդել է Երևանի 116-րդ դպրոցում և 6 տարի էլ ֆրանսերենի թեքումով 153-րդ դպրոցում` որպես ֆրանմսերենի ուսուցչուհի։ Գրավոր նկատողությունը բավարա՞ր է, կարո՞ղ է ազդել այդ երեխայի վրա այնպես, որ նա իր արարքից հետո հերոսի տեսքով չպտտվի դպրոցում եւ հաջորդ անգամ նման բան չանի։ «Իհարկե, ոչ։ Գրավոր նկատողությունը երեխայի վրա ոչ մի ազդեցություն չունի։ Երեխան հո պաշտոնյա չի՞, որ գրավոր նկատողություն են տալիս։ Ժամանակին կային հատուկ հաստատություններ, որտեղ դատարանի վճռով պահում էին իրավախախտ անչափահաներին։ Կարծում եմ, այս երեխային կարելի էր մեկ-երկու ամսով նման հաստատություն ուղարկել։ Հաշվի առեք, որ այսօր երեխաները նայում են դաժան ֆիլմեր, մարտաֆիլմեր, խաղում են GTA եւ այլ համակարգչային խաղեր, որտեղ թալանչիներն ու հանցագործները հերոսացվում են։ Դեռահասների ուղեղն այսօր ավելի արագ է զարգանում, ու այդ զարգացվածության տեմպերով նա արդեն մեծերին բնորոշ հանցագործություններ է անում, որոնց համար, ինչպես տեսնում եք, չի պատժվում»։