Մենք արդեն գիտենք ճշմարտությունը, բայց շատերը չեն ուզում տեսնել։ Արցախը տվեցինք՝ ասում են՝ «Հայաստանը պահելու համար»։ Սա է ուղիղ խոստովանությունը՝ մեր երկրի մի մասը զոհվեց, որ մնացածը ապրի։ Այժմ նույն բանը կրկնվում է. Հայաստանի գյուղ, անկլավ, տարածքներ հանձնվում են, և պատճառաբանությունը նույնն է՝ «պատերազմից խուսափելու համար»։ Բայց իրականում սա պարզ խաղ է մեր հողի վրա. մեզ պարտադրում են հավատալ, թե սա մեզ պաշտպանում, խաղաղություն է բերում, մինչ մենք կտոր-կտոր կորցնում ենք մեր երկիրը։Նորաձև իշխանությունն ուզում է, որ հավատանք, թե այս ամենը մեզ փրկում է, բայց իրականում՝ մենք կտոր- կտոր կորցնում ենք Հայաստանը։ Արցախյան նույն պատճառաբանությամբ՝ տալիս ենք , որ մյուս մասը ապրի։ Պետք է հասկանալ, որ մյուս մասի ապրելը մի քիչ ավելի ուշ նրա հանձնումն է լինելու։ Ավելի դյուրին ու սահուն ճանապարհով, որովհետև դիմադրության բոլոր օջախները հանգցվում են։
Արցախը հայաթափեցին, ասացին «Արցախ չկա՜, Արցախի հարցը փակված է»։ Այդ ընթացքում ցինիկորեն ասում են՝ «Թող մնային, իրենց երկիրը պահեին»։ Ինչպե՞ս պահեին, երբ արդեն փաստ է՝ «Արցախը տվեցիք, որ Հայաստանը պահեք»։
Ուղտը արդեն չոքել է Հայաստանի դռան առաջ, և հիմա նույն հնարքներով, համարյա նույն ձևերով, մեր երկիրը մղվում է դեպի կորուստ։ Մենք պետք է տեսնենք ճշմարտությունը, որպեսզի կանգնեցնենք այն։ Այլապես վաղը ՝ «Թող մնային, իրենց երկիրը պահեին» ասողները կասեն՝ մնայի՜ք Հայաստանը պահեիք․․․