Հնդկաստանում բավականին ակներեւ ցույց են տալիս, որ հետաքրքրված են Հարավային Կովկասի ռեգիոնով եւ Հայաստանով։ Պատահական չէ, որ այդ երկրի մամուլում հաճախակիացել են հատկապես արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների մասին հրապարակումները, որոնք նաեւ երբեմն սուր քննադատություն են պարունակում՝ ուղղված թե Արեւմուտքին, եւ թե Ռուսաստանին։ Հնդկաստանի համար հատկապես անհասկանալի է Արեւմուտքի քաղքենությունն ու Ռուսաստանի անմտությունը, որի արդյունքում Ադրբեջանը Արցախում ստացել է գործելու բացարձակ ազատություն։ Նյու-Դելիում կարծում են, որ աշխարհը խաբել է Հայաստանին եւ հիմա Հնդկաստանը պետք է ռեգիոնում կարեւոր դերակատարություն ունենա։ Արեւմուտքի քաղքենությունը հասկանալի է ինքնին եւ նոր երեւույթ չէ։
Հատկապես, եթե հաշվի առնել, որ Ադրբեջանն ունի հարուստ նավթագազային պաշարներ, ապա Ռուսաստանի անմիտ գործողությունները Հնդկաստանում բացատրում են այն հանգամանքով, որ Մոսկվան չափազանց շատ բան ունի կորցնելիք, եթե Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածություն առաջանա։ Ըստ այդմ, Ադրբեջանի գազային հանքավայրերի 25 տոկոսը պատկանում է Ռուսաստանին։ Ավելին, Ադրբեջանը հարմար խողովակ է իրանական եւ ռուսական գազի անուղղակի վաճառքն իրականացնելու համար դեպի Արեւմուտք։ Անդրադառնալով սեփական շահերին, Հնդկաստանում կարծում են, որ իրականում Նյու-Դելին լրջագույն շահեր ունի Հրվ․ Կովկասում։ Ակտիվ փուլում գտնվող հակամարտությունը շոշափում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC), որն անցնում է Հրվ․ Կովկասով։ Մյուս կողմից, Նյու-Դելիում չեն մոռանում, որ Ադրբեջանը դաշնակիցն է Պակիստանի եւ Թուրքիայի։ Նաեւ, որ Պակիստանն ունի հավականություններ Քաշմիրի հանդեպ։ Ու երբ հարցը Հնդկաստանին է վերաբերում, այս եռյակը որեւէ լավ մտքեր, որպես կանոն չի ունենում։
Քաշմիրի հարցում Հայաստանն աջակցում է Հնդկաստանին։ Ու այս ամենը հիմք է, որպեսզի Հնդկաստանը՝ հանուն իր շահերի աջակցի Երեւանին, ներառյալ նաեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելով, անտեսելով Բաքվին։ Փորձագետները նշում են, որ Հարավային Կովկասում հնդկական ազդեցությունը կավելանա, սեփական աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար եւ այս համատեքստում Նյու-Դելին Հայաստանին դիտարկում է իր բնական եւ ռազմավարական դաշնակիցը։