Նախորդ օրը ֆեյսբուքյան լրահոսում նկատեցի մի նյութ, որում հարցականի տակ էր դրվում Քրիստոսի անարատ ծննդի գաղափարը: Ու առաջարկվում էր քննարկում կազմակերպել այդ հարցի առնչությամբ: Հետո դռան զանգ եղավ, իսկ համակարգչի մոտ վերադառնալուց հետո այդ նյութն այլևս չգտնվեց: «Հրապարակ»-ի ընթերցողներին շատ չտանջելու համար ասեմ, որ այդ գրառման հեղինակը Նիկոլն էր: Իհարկե, փորձեցի փնտրել ոչ միայն վերջինիս էջում, այլև ընդհանրապես համացանցում, բայց հաջողություն չունեցա: Անկեղծ ասած՝ չեմ կողմնորոշվում, դա իրական էր, թե արհեստական բանականությամբ գեներացված: Որովհետև եթե հնարավոր է մարդու դեմքով և նրա ձայնով տեսանյութ սարքել, ապա ինչ դժվար բան է ֆեյսբուքյան գրառման էկրանակադր (սքրինշոթ) սարքելն ու կրկին Ֆեյսբուք գցելը:
Եվ եթե հաշվի առնենք, որ նախկինում ինքն իրեն Հիսուսի հետ էր համեմատում ու մեր եկեղեցու նկատմամբ էլ բացասական վերաբերմունք դրսևորում, ապա այդ գրառումը կարելի է իրական համարել: Հատկապես որ հիմա էլ ընկել է կաթողիկոսի հետևից, թե ապացուցի քո կուսակրոն լինելը: Նման հիմնավորմամբ ու Նիկոլի մտածողությամբ առաջնորդվելու դեպքում կստացվի այսպիսի սխեմա. եթե կաթողիկոս է, բայց կուսակրոն չէ, ապա քրիստոնեական Աստծո ծննդի գաղափարն էլ կարող է կեղծ լինել: Չնայած կաթողիկոսի դեմ խոսելը քաղաքականությամբ է պայմանավորված, իսկ Քրիստոսի առումով պետք է որ խնդիր չունենա: Հատկապես որ իրեն անընդհատ համարում է ՀԱԵ հետևորդ: Իսկ մեր եկեղեցու դեմ ֆեյսբուքյան գրառում անելուց հիշատակել է Հիսուսի՝ իր Հոր տունն առևտրականներից ազատելու վերաբերյալ աստվածաշնչյան դրվագը:
Առաջին հայացքից, նման մտածողության դեմ է խոսում նաև Աստվածաշնչի «Սաղմոս» բաժնից անընդհատ հատվածներ զետեղելն իր էջում: Բայց եթե ուշադրություն դարձնեք՝ կնկատեք, որ ինքը Հին Կտակարանից առաջ չի գալիս: Չի անդրադառնում Ավետարաններին և ոչ էլ Նոր Կտակարանի «Թուղթ Պողոսի» և «Թուղթ» բաժիններին: Դա հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ Հին Կտակարանով պարփակվելը խոսում է ոչ թե քրիստոնեական, այլ ավելի շատ «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժման հետևորդ լինելու մասին: Կամ էլ ցանկանում է ի ցույց դնել հրեական հավատքի նկատմամբ իր խորին հարգանքը՝ հաշվի առնելով, որ Աստվածաշնչի այդ մասն ունի հրեական ծագում: Ի դեպ, դա կարող է պայմանավորված լինել նաև քաղաքական գործոնով: Այն է՝ «Աբրահամյան համաձայնագրին» միանալու ամերիկյան առաջարկով, որ վերջերս բարձրաձայնվեց Հայաստանում: Ով տեղյակ չէ, ասեմ, որ այդ համաձայնագիրը կնքվել և այսօր էլ շարունակվում է կնքվել Իսրայելի և նրան շրջապատող արաբական երկրների միջև: Իսկ դրա հիմքը հրեա և արաբ ժողովուրդների ընդհանուր նախնու՝ Աբրահամի, հանգամանքն է: Բայց թե ինչ հիմքով պետք է Հայաստանը միանար այդ համաձայնագրին՝ այնքան էլ ընկալելի չէ: Եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ Աբրահամը Հին Կտակարանի առաջնային դեմքերից մեկն է: Բայց այդ հիմքով Իսրայելի հետ նման համաձայնագիր կարող է կնքել ողջ քրիստոնեական աշխարհը:
Ինչևէ, ոնց որ թե գրածս սկսում է նմանվել դավադրապաշտական տեսության, ինչը հասուն տարիքում չեմ ընդունել: Բայց Նիկոլի յոթնամյա վարչապետությունը՝ իր սատանայական ծագմամբ (հանրապետականների բնակարաններ դատարկ դագաղներ տանելն ու նրանց անչափահաս երեխաներին և այդ թվում՝ դուստրերին, թիրախավորելը) ու նույնաբովանդակ ընթացքով ստիպում է հավատալ ոչ միայն աթեիստական, այլև շատ ավելի ծայրահեղ գաղափարների: Ստիպում է հավատալ, որ մարդկային կյանքում հենց այնպես ոչինչ չի կատարվում: Որ հանրային մակարդակի պատճառ-հետևանք կապում կարող է լինել նաև միջամտություն, որի ազդեցությունը կերևա ոչ անմիջապես, սակայն խիստ դաժան եղանակով: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ մեր դեպքում՝ ուրիշների հետևից չընկնենք: Ու մի օր պարզվի, որ վերը նշված սքրինշոթն էլ իրական էր, ու Նիկոլն էլ ոչ մի ընդհանուր բան չուներ քրիստոնեության հետ: Ու որպես քրիստոնյա ու ՀԱԵ հետևորդ կաթողիկոսի առջև պահանջ դնելն էլ հերթական մանիպուլյատիվ ակցիան էր: Տվյալ դեպքում՝ Ադրբեջանից ուղղորդված: