«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանը, որը բժշկական փորձաքննություններ անցնելու համար հիվանդանոցում էր, դուրս է գրվել եւ կրկին տեղափոխվել բանտ։
Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ քիչ անց իր էջի ուղիղ եթերում մանրամասներ կներկայացնի առողջական վիճակի վերաբերյալ, ապա նշեց, որ նրա խափանման միջոցը առաջիկա օրերին կփոխվի եւ Ղուկասյանը դուրս կգա բանտից։ Նա ասաց, որ ստացվել է արդեն բժշկական փորձաքննությունների եզրակացությունները, որով հաստատվում են, որ կալանքը առկա հիվանդությունների հետ անհամատեղելի է։
Հիշեցնենք՝ 2025-ի հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց ։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։ Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։