Քաղաքականություն

Դե ձեր «մեռելը» եկեք, տարեք

Դե ձեր «մեռելը» եկեք, տարեք

Սա Էդմոն Մարուքյանի երկրորդ փորձն էր՝ դառնալ վարչապետ, որպես բոլոր կողմերի համար ընդունելի թեկնածու: Այսօր քչերն են հիշում նրա առաջին փորձը, որ տեղի ունեցավ 2021 թվականի էն խառն օրերին, երբ սաստիկ վեճ կար Նիկոլին, մեղմ ասած, ռադ անելու ձեւերի շուրջ՝ փողոցո՞վ, բանակո՞վ, արտահերթ ընտրություններո՞վ, թե՞ խորհրդարանով: Էդմոն Մարուքյանը վերջին տարբերակի կողմնակիցն էր եւ առիթը բաց չէր թողնում՝ այստեղ-այնտեղ բարձրաձայնելու, որ ինքը վարչապետի ամենահարմար եւ բոլոր կողմերի համար ամենաընդունելի թեկնածուն է: Վազ էր տալիս նախագահական, այնտեղից՝ կառավարություն, կառավարությունից ԲՀԿ-ի դուռն էր գնում, ապա գալիս էր Բաղրամյան փողոց՝ ցուցարարների հետ շփվելու, բայց ոչինչ չստացվեց: Ի վերջո, հաղթեց նախագահ Արմեն Սարգսյանը՝ բոլորին հորդորելով գնալ արտահերթ ընտրությունների:

2021թ. խորհրդարանական ընտրություններից 4 տարի է անցել: Այդ ընթացքում շատ բան է փոխվել թե՛ մեր, թե՛ հատկապես Էդմոն Մարուքյանի կյանքում: Նա իր կուսակցության քարոզարշավը փառավորապես ձախողելուց հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի սիրելին, այլ խոսքով՝ ծախվեց կապիտուլյանտին, վերջինիս ձեռքից պաշտոն ստանալու նպատակով: Եվ, պատկերացրեք՝ հսկայական առաջընթաց գրանցեց հենց ՔՊ-ի ներսում ընկալման իմաստով: Նրան այլեւս ոչ ոք չէր համարձակվում «քաղաքական տրյապկա» ասել եւ առավել եւս՝ տփել: Վարչապետի հատուկ դեսպանի՝ ազիկների հետ «երկխոսության» շրջանակներում… Թվում է՝ մեծ բան չէ, մանավանդ որ ազիկների հետ երկխոսություն, որպես այդպիսին, չկար էլ, բայց Մարուքյանն առաջին «կրուգներում» էր ֆռֆռում եւ համարվում էր Արոյից հետո երկրորդ մարդը մեր արտաքին դիվանագիտության մեջ: Այն ժամանակ դեռ Ռուբեն Ռուբինյան, Քըլըչ-մըլըչ չկային: Ինչեւէ, Էդմոն Մարուքյանը մի որոշ ժամանակ ձգեց այս կարգավիճակում: Իսկ երբ պարզվեց, որ Նիկոլի՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը գնում է դեպի տապալում, Մարուքյանն անհանգստության թեթեւ նշաններ ցույց տվեց, ապա հրաժարական ներկայացրեց՝ չուզենալով տապալվել Նիկոլի հետ: Նիկոլը, որքան էլ զարմանալի էր, հանգիստ ընդունեց Մարուքյանի հրաժարականը, եւ դա հետագայում խոսակցությունների տեղիք տվեց: Ի մասնավորի համառ տեղեկություններ սկսեցին շրջանառվել առ այն, որ Նիկոլն ու Էդմոնը նույն քաղաքական ձիանոցի ներկայացուցիչներն են, որոնց խաղացնում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող մի աներեւույթ ձեռք: Եկել էր Էդմոնից Նիկոլի ընդդիմություն ստանալու ժամանակը, որ եթե բան է, Նիկոլի գործերն ավելի վատանան, Էդմոնը, «տուտ կակ տուտ», հայտնվի նրա տեղում: Մեր իսկական ընդդիմությանն էլ Աստված տվել, չի խնայել: Հապա հիշեք, թե քանի անգամ են հայտարարել՝ ով ուզում է լինի, միայն թե Նիկոլը չլինի… Եվ պատկերացրեք, որ իմպիչմենտն ու վարչապետի պաշտոնի համար Էդմոն Մարուքյանի վերջին առաջադրումն ինչ-որ չափով նաեւ այդ հայտարարության հետեւանք էին:

Բայց դե՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: 2021 թվականից այս կողմ, ինչպես ասացի, շատ բան էր փոխվել ոչ միայն Էդմոն Մարուքյանի կյանքում, այլեւ՝ ընդդիմության մեջ: Գուցեեւ ազնիվ մարդիկ են իմպիչմենտի նախաձեռնողները, բայց ընդդիմությունը շատ արագ մերկացրեց այս գործընթացում բուն դրած դավադրությունը, ըստ որի՝ Նիկոլը պետք է սահուն ռադ արվեր, եւ նրա տեղը բերվեր Էդմոն Մարուքյանը: Այդ գործողությանը պատրաստ էր նաեւ աներեւույթ ուժի կողմից ղեկավարվող քաղաքական ձիանոցը, որը ոչ միայն երկու պատգամավոր էր առանձնացրել իր միջից, որ սկսեն իմպիչմենտը, այլեւ թեկնածու առաջադրեն Էդմոն Մարուքյանին: Ընդդիմությունը, շատ ներողություն, պետք է խիյար լիներ, որ կուլ տար այս ակնհայտ խայծը եւ իր ձեռքով Նիկոլ-1-ին փոխարիներ Նիկոլ-2-ով: Ընդդիմությունն ուղղակի չընդունեց Էդմոն Մարուքյանի թեկնածությունը՝ Նիկոլին, Էդմոնին, Հովիկին եւ Հակոբին միայնակ թողնելով հանրային պարսավանքի առաջ:

Վերջում երկու խոսք ասենք նաեւ ՔՊ կոչվող քաղաքական ձիանոցի ղեկավարին: Դուք շատ վատ եք խաղում, պարոն ձիապան, շատ կանխատեսելի եւ կոպիտ: Երրորդ անգամ Էդմոն Մարուքյանին չառաջադրեք, դա չաշխատող տարբերակ է: Թողեք այդ «տինտիրիտները»: Դուք ձախողել եք ամեն ինչ, եւ ժամանակն է, որ ձեր դեմքով հանդես գաք ու մտածեք այս ամենի համար պատասխան տալու մասին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image