Ահա մի հատված երկրի գլխավոր դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունից, որը ներկայացվել է երկրի պաշտոնանկ արված ղեկավարին. «Մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու, պետական իշխանության ապօրինի զավթման, պահպանման եւ դրա ընձեռած հնարավորությունների չարաշահման մեջ: Իշխանությունը բռնազավթելուց հետո իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է ոչ թե ի շահ պետության եւ նրա քաղաքացիների բարօրության, այլ պետական ապարատի նկատմամբ անձնական վերահսկողություն սահմանելու համար: Իր ստեղծած հանցավոր խմբավորման մեջ ներգրավել է իրեն անձնապես մոտ եւ առավել նվիրված անձանց, ովքեր զբաղեցրել են առանցքային պաշտոններ խորհրդարանում, կառավարությունում, նախարարություններում, ուժային կառույցներում, դատական իշխանությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ պետական կառավարման մարմիններում: Հանցավոր խմբավորումը գործունեություն է ծավալել երկրի բոլոր մարզերում, քաղաքներում, տնտեսական գործունեության հնարավոր բոլոր ճյուղերում: Փորձել է ստեղծել օրինականության երեւութականություն, սակայն նրա գործունեության իրական նպատակը եղել է սեփական իշխանության ամրապնդումը, տնտեսական օգուտի ստացումը եւ գործած ծանր հանցագործությունների պարտակումը»:
Ձեզ մոտ ինչ-որ զուգահեռներ չե՞ն առաջանում, ձեզ չի՞ թվում, որ նման մեղադրական եզրակացություն կարող է ներկայացվել ձեզ հայտնի որեւէ անձի: Չնայած մեր ներկայացրած մեղադրական եզրակացությունը չափազանց մեղմ է, որպեսզի համապատասխանի նրան, որը կարող է ուղղվել Նիկոլ Փաշինյանին, սակայն որոշ նմանություններ, այնուամենայնիվ, կան: Վերը նշված մեջբերումը վերցված է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մեղադրական եզրակացությունից, որը հաստատել է այդ երկրի ներկայիս գործող գլխավոր դատախազը: Յանուկովիչի օրոք երկիրը տարածքային կորուստներ չի ունեցել, հարյուր հազարավոր, գուցե միլիոնավոր մարդիկ չեն սպանվել, եւ ընտրություններ էլ չեն կեղծվել: Բայց, զրկված լինելով իշխանությունից, նա մեղադրվում է մի իշխանության կողմից, որը երկիրը հասցրել է կոլապսի, երկրի տարածքի մի զգալի մասը կորսված է, տասնյակ քաղաքներ, հազարավոր գյուղեր ավերված են, միլիոնավոր մարդիկ փախստական են, երկրի տնտեսությունն ու ենթակառուցվածքները չեն գործում կամ գործում են կիսատ:
Հիմա նույն իրավիճակը Հայաստանում է. մի իշխանություն, որ ինքն է երկիրը հասցրել կոլապսի, անկախ, ինքնիշխան երկիրը վասալային կախվածության մեջ է գցել Ադրբեջանից եւ Թուրքիայից, մեղադրանք է ներկայացնում այն ղեկավարներին, որոնց օրոք Հայաստանի ինքնիշխանությունը մի քանի աստիճան ավելի բարձր է եղել, քան հիմա, Հայաստանն ադրբեջանական վասալ չի եղել: Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ. փաստացի, կեղծելով ընտրությունները, Փաշինյանն իրեն հայտարարել է իշխանության միակ սեփականատեր, միակ եւ հավերժ, կարելի է ասել` ցմահ: Այլեւս պարզ է, որ քանի դեռ նա իշխանություն ունի, ընտրությունները, կարեւոր չէ անգամ՝ համապետական են, թե տեղական նշանակության, կրելու են ձեւական բնույթ, որովհետեւ բռնապետը թույլ չի տալու, որ ընտրողների` հասարակ քաղաքացիների կամքն ավելի բարձր լինի, քան իր որոշումը: Պատահական չէ, որ համապետական ընտրությունները կեղծելուց անմիջապես հետո նա հայտարարում է Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին` Գյումրին Հայաստանում միակ տեղն է, որտեղ դեռ կա հանրության կողմից ընտրված եւ ոչ թե բռնապետի կողմից նշանակված տեղական իշխանություն: Գյումրիում կազմակերպվելիք ընտրությունները լինելու են նոր չափանիշներով, դրանց մասնակցելու իրավունք տրվելու է միայն բռնապետի կողմից հավանության արժանացած, այսպես կոչված, կուսակցություններին, մնացած բոլորը հռչակվելու են ոչ ցանկալի, եւ նրանց մասնակցությունն արգելվելու է: Բռնապետը ցույց է տալու, որ մյուս կուսակցությունների գոյությունն անօրինական է եւ անիմաստ, եթե նրանք զրկված են քաղաքական պրոցեսին մասնակցելու իրավունքից: Երբ չկա իրական այլընտրանք, իմաստ չի ունենա նաեւ ընտրություն կեղծելը:
Պետական կառավարման համակարգը, հատկապես՝ ուժային կառույցները, ինչպես Յանուկովիչի մեղադրանքում է, վերածվում են հանցավոր խմբավորման, որի անդամներն ընտրվում են բացառապես անձնական հավատարմության եւ նվիրվածության սկզբունքով եւ ծառայում են բռնապետի իշխանության պահպանմանը: Բռնապետն այլեւս կարիք չունի սիրաշահել հասարակությանը կամ աշխատել հանրային կարծիքի վրա, հանրության վրա ներազդելու նրա միակ գործիքը դառնում են բռնությունը եւ ահաբեկումը: Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրական եւ այլ քաղաքացիական իրավունքներից զրկելու ցանկությունը եւս բացատրվում է դրանով, նրանք ենթակա չեն ռեժիմի ներազդմանը, հետեւապես՝ վտանգավոր են ռեժիմի համար:
Մենք չենք կարող ձեւ թափել եւ չտեսնելու տալ նոր ստեղծվող եւ ձեւավորվող իրավիճակը, մտածել, որ ամեն ինչ լինելու կամ մնալու է այնպես, ինչպես եղել է մինչեւ հունիսի 7-ը: Ընդհակառակը՝ նոր իրավիճակի ընկալումը նպաստելու է դրա պայմաններում պայքարելու հնարավորությանը: Բռնապետությունները միշտ էլ տապալվում են, բարեբախտաբար, հավերժ բռնապետեր չկան, դրանք տապալվում են ներքին դիմադրության եւ շատ հաճախ արտաքին նպաստավոր պայմանների արդյունքում, երբ բռնապետերը կորցնում են իրենց արտաքին աջակցությունը, կամ բռնապետության դեմ պայքարող հասարակություններն են ստանում արտաքին աջակցություն: