Հարցազրույց

Մրցույթ են հայտարարել, ծածուկ անցկացրել՝ դիմողներին տեղն էլ չեն ասել

Մրցույթ են հայտարարել, ծածուկ անցկացրել՝ դիմողներին տեղն էլ չեն ասել

Հունիսի 18-ին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքով հայտարարվել էր, որ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցույթ է տեղի ունենալու հունիսի 23-ին, ժամը 12:00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը՝ նույն օրը ժամը 13:00-ին է։ Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել նաեւ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը, եւ բախվել խայտառակ իրողության հետ:

Մեզ հետ զրույցում Անուշ Պողոսյան ասաց, որ մրցույթ են հայտարարել՝ առանց նշելու մրցույթի անցկացման վայրը և ընթացակարգային մանրամասները. «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կայքի հղումով պետք է մտնեիր, գրանցվեիր եւ ներբեռնիր այն փաստաթղթերը, որ իրենք ուզել են: Փաստաթղթերը ներբեռնելուց հետո, մոտ 2 շաբաթ ոչ մի հետադարձ կապ չկար, անգամ շնորհակալություն՝ Ձեր նամակը ստացել ենք:

Դրանից հետո էլեկտրոնային նամակ եմ ստանում Անի Հարությունյան անունից, որտեղ ասվում էր, որ այսինչ փաստաթղթերը ուղարկեք իմ մեյլին: Ճիշտ ասած, իմ համար շատ անհասկանալի էր, քանի որ անձնական տվյալներ էին ուզում, օրինակ՝ հարկայինից տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ, չգիտես ինչու, ներկա աշխատանքի վայրից տեղեկանք:

Ըստ կանոնադրության՝ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու չի կարող լինել, ով ունի դատվածություն, որը մարված չի: Իսկ չգիտես ինչու, այդ տեղեկանքը չուզեցին, կիսատ-պռատ փաստաթղթեր ուզեցին: Ինչ ուզել են, ուղարկել եմ, դրանից հետո բացարձակ հետադարձ կապ չկար: Այնուհետեւ, պատահական տեսնում եմ հունիսի 18-ի հայտարարություն, ըստ որի, մրցույթը պետք է կայանա ամսի 23-ին: Իմ եւ մյուս այլ թեկնածուների կողմից բազմաթիվ փորձերը՝ կապ հաստատելու եւ հասկանալու համար՝ ինչ է ներկայացնում իրենից այդ մրցույթը՝ բանավոր է, գրավոր է, եւ որտեղ է կայանալու, ոչ մի պատասխան: Մրցույթն ավարտվելուց 1 ժամ հետո, նամակ եմ ստանում, որ Ձեր փաստաթղթերը չեն համապատասխանում եւ Դուք չեք անցել փաստաթղթերի մրցութային փուլը: Չեն գրել, թե որ կետով չեմ անցել:

Գիտեմ մարդիկ կային, որոնք բոլոր կետերով համապատասխանում էին։ Այսինքն՝ բոյը չէր համախատասխանում, քաշը, աչքերի գույնը, ի՞նչը չէր համապատասխանում, որպեսզի գնան եւ մասնակցեն մրցույթին: Զավեշտն այն է, որ այդ նամակը ուղարկել են ոչ թե փաստաթղթերը ընդունելուց հետո, այլ մրցույթը ավարտվելուց հետո, իսկ մեզ անգամ հնարավորություն չի եղել իմանալ, որտեղ է անցկացվում մրցույթը, որ գնանք մասնակցենք: Ստացվում է, որ ձեւական հայտարարություն են տվել, եւ նրանց պլանները խառնել ենք՝ ես կամ իմ նման մի քանի մարդիկ, որոնք միամտաբար մտածել են, պետք է լինի արդար մրցակցություն, եւ այդ շատ կարեւոր հասարակական հիմունքով հաստիքին լինեն մարդիկ, որոնք գոնե իրենց փորձով կաջակցեն ապահովագրության զարգացմանը, գոնե այս քաոսը ինչ որ ձեւով կփորձեինք կարգավորել»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image