Գուցե Փաշինյանն ամեն ինչ անում է, որ քաղաքացիները չօգտվեն ավանդական տրանսպորտային միջոցներից՝ ավտոբուսներ, մետրո, եւ հեծանիվով երթեւեկեն։ Դրա համար նա անձամբ է գովազդում այդ փոխադրամիջոցը, իսկ քաղաքային իշխանությունն էլ տրանսպորտի այնպիսի չարեփոխում է անցկացնում, որ մարդիկ էլ երբեք ո՛չ ավտոբուսից կարողանան օգտվել, ո՛չ էլ մետրոյից։
Նախ՝ 100 դրամանոցի դեֆիցիտը ստեղծեցին, որի արդյունքում տրանսպորտի գինը հասավ 300 դրամի, ինչը «դե ֆակտո» վերգետնյա տրանսպորտի թանկացում է նշանակում։ Եվ եթե հիմա պաշտոնապես միասնական նոր սակագին հաստատեն՝ 300 դրամ, մարդիկ արդեն դրան պատրաստ կլինեն։ Ըմբոստ զանգվածն անգամ գուցե ուրախանա, մտածելով՝ թքած, թե թանկ չի, կարեւորը՝ տեղ հասնեմ։ Երկրորդ․ վերգետնյա տրանսպորտի կոլապսի հետեւանքով կտրուկ ավելացավ ստորգետնյա ուղեւորահոսքը` մետրոյի շարժը։
Երեւանի մետրոպոլիտենը տարեցտարի ավելի ծանրաբեռնված է աշխատում, բայց վերջին երկու շաբաթը, կարելի է ասել, ամենացայտնոտայինն էին երեւանյան մետրոյի գոյության պատմության մեջ։ Օպերատիվ թվեր, թե այս օրերին որքանով է ավելացել մետրոյի ուղեւորահոսքը, դեռ չկան, նոյեմբերը չի ամփոփվել։ Մետրոպոլիտենի լրատվականից հայտնում են, որ արդեն ակնհայտ է՝ այս տարի ուղեւորահոսքն էապես ավելացել է։ Միայն առաջին 10 ամիսներին այն կազմել է մոտ 22 մլն ուղեւոր։ Հիշեցնենք․ 2023 թվականի ողջ ընթացքում մետրոն ունեցել է մոտ 25,5 մլն ուղեւոր, ինչը 160 հազարով ավելի է եղել նախորդ տարվա ցուցանիշից։
Նոյեմբերի տվյալները դեռ ամփոփված չեն, բայց ունենք վերջին շաբաթվա տվյալները։ Մետրոպոլիտենի լրատվականը պաշտոնապես արձանագրում է․ «Երեւանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 4-10-ը մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումը կազմել է 544 հազար 657 ուղեւոր: Կատարողականը՝ 100%։ Գիծ է դուրս բերվել 2 հազար 962 շարժակազմ»։ Եթե մեկ շաբաթում կես միլիոնից ավելի ուղեւոր է եղել, ապա այս տեմպի պահպանման պարագայում մեկ ամսում դրանց թիվն անցնելու է 2 միլիոնը, եւ եւս 2 միլիոն ու ավելի՝ դեկտեմբերին։ Արդեն նախնական գնահատականով երեւում է, որ այս տարի ուղեւորահոսքի աճը նախորդ տարվա 160 հազարի համեմատ ահռելի է լինելու՝ անցնելով 500 հազարը, այսինքն՝ եռակի բարձր։ Եվ հանելուկ է մնում, թե ինչ ասել է «բնականոն», երբ մարդիկ իրար տրորելով են մտնում վագոն ու 100 դրամ վճարելով էլ, փոռուփոշման դուրս գալիս կայարանից։
Առանց թվաբանության էլ պարզ է, որ կայարաններում սպասող մարդկանց թիվը տասնապատիկ ու ավելի աճել է։ Սա տեսանելի է անզեն աչքով, հատկապես՝ պիկ ժամերին։ Սոցցանցերը ողողված են մետրոյի կայարաններում դիտարկվող կուտակումների կադրերով եւ դժգոհ քաղաքացիների քննադատական գրառումներով։ «Էսօր երեք վագոն եմ բաց թողել, որ կարողանամ Երիտասարդականում մի կերպ խցկվել չորրորդի մեջ։ Պիկ ժամերին երկու վագոն ու այն էլ՝ 10 րոպե ինտերվալով․․․ չէ, դուք լրի՞վ եք ձեզ ձեռք առել»,- գրում է ՖԲ օգտատերերից մեկը Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ԺՊ Բաբկեն Սեդրակյանի եւ Հանրային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի Եվրասիայի տարածաշրջանային գրասենյակի համակարգող Եկատերինա Ռոզինայի հանդիպմանը վերաբերող տեղեկատվության տակ։ Թե ինչ են պայմանավորվել երկու պաշտոնյաները, մետրոպոլիտենի ՖԲ էջում գրված չէ, բայց նշված է, որ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում։ Երեւի Ռոզինան հասկացել է մեր վատ վիճակը, թեեւ այս փոխըմբռնումն էլ է անհասկանալի, իսկ ի՞նչ պետք է անեին Ռոզինան ու Սեդրակյանը, եթե փոխըմբռնում չլիներ, հո աթոռներն իրար գլխի չէի՞ն տալու։
«Երեկ Շենգավիթ կայարանում 40 րոպե չեմ կարողացել գնացք նստել։ 5 գնացք անցավ, այդպես էլ չկարողացա խցկվել։ Մարդիկ ռաժոկով էին մտնում վագոն։ Ստիպված՝ տաքսիով եմ գործի գնացել»,- «Հրապարակին» պատմում է Երեւանի բնակիչ Քրիստինե Մելքոնյանը։ Նշում է նաեւ, որ գնացքներն ուշ-ուշ են գալիս՝ 7-8 րոպե միջակայքով։ Մետրոյի մամուլի պատասխանատուն բացատրում է՝ միջակայքի ավելացումը պայմանավորված է ուղեւորահոսքի աճով։ Ըստ նրա, որքան ավելի շատ են օգտվողները, այնքան վագոնավարն ավելի է սպասում, մինչեւ վերջին մարդը նստի, իսկ մետրոյի շարժակազմի համար ամեն վարկյանն էլ նշանակություն ունի։
Եվ, միաժամանակ, եթե ուղեւորահոսքը շեշտակի ավելացել է, հետեւապես, մետրոպոլիտենի եկամուտները եւս ավելացել են։ Սակայն ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ մետրոպոլիտենի ղեկավարությունը նոր շարժակազմ չեն գնում։ «Մեր բոլոր վագոնները շատ հին են` 70-ական թվականների վագոններ են, ժեշտը փտած է։ Վրայից ներկում, դզում-փչում են, բայց ոչ մի նոր շարժակազմ չունենք։ Երկու շաբաթ առաջ էլ, կհիշեք՝ որ 100 դրամները նոր սկսեցին պահանջել, հենց այդ օրը մեզ մոտ վագոններ փչացան»,- նշեց կայարաններից մեկի աշխատողը։ Նա էլ իր հերթին էր գանգատվում ուղեւորներից, որոնք «ինչ լինում է», իրենից են պահանջում։ «Բայց մենք ի՞նչ մեղավոր ենք, մենք հասարակ աշխատող ենք, էս ֆորման որ հանում ենք, դառնում ենք ձեզ նման հասարակ ուղեւորներ, ու մեզ էլ է հետաքրքրում, թե ինչու նոր գնացքներ չեն գնում»,- ասում է կինը։ Այս հարցի պատասխանն էլ մետրոյի ղեկավարությունն ունի․ պարզվում է՝ նոր շարժակազմ գնելը չափից դուրս թանկ հաճույք է Երեւանի համար։ «1 վագոնն արժե մոտ 1,5-2 մլն դոլար, երեք վագոնով շարժակազմ ունենալու համար արդեն մոտ 3 մլն եւ ավելի է պետք։ Միայն գնացքը չէ, նորոգումներ ենք իրականացնում, շարժասանդուղքն ենք նորոգում, հազար ու մի աշխատանքներ կան՝ 43-44 տարվա մետրո է, որն ամբողջական չի արդիականացվել։ Հիմա, օրինակ, «Գործարանային» եւ «Սասունցի Դավիթ» կայարաններում հիմնովին փոխում ենք շարժասանդուղքները»,- ասում է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Աննա Ասլանյանը։ Իսկ քաղաքացիները սոցցանցերում տրանսպորտային կոլապսի առիթով հարց են ուղղում Տիգրան Ավինյանին՝ կարելի՞ է ամեն բան տապալել։
ՀԳ․ 2024 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր գծերում շահագործվում է 15 շարժակազմ (32 վագոն), որից 2-ը՝ 1 վագոնանոց, 4-ը` 3 վագոնանոց, 9-ը` 2 վագոնանոց։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ղեկավարության ծրագրերում առնվազն 15 երեք վագոնանոց շարժակազմի ձեռքբերում է նախատեսված։ Առաջարկությունը ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն կընդունվի՞ այն արդյոք եւ ե՞րբ՝ հայտնի չէ։