Արձագանքելով ընդդիմադիրների բանավեճին, թե ով է բերել Նիկոլին, վերջինս իրեն հատուկ պատասխան է տվել դրան: Այն է՝ իրեն ոչ ոք չի բերել իշխանության, հեղափոխության շնորհիվ իշխանության է եկել ժողովուրդը: Եվ ինքն էլ ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն է: Ինչը նշանակում է, որ ժողովուրդն իրեն կփոխարինի ուրիշով, երբ կցանկանա: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ինքն ունի (ունի՞ որ) թե՛ տեղական եւ թե՛ պետական իշխանության աղբյուր հանդիսացող ժողովրդական զանգվածների վստահությունը: Դա նման է նախկինում տարածված՝ «Թագավորն Աստծո տեղապահն է երկրի վրա» արտահայտությանը: Ինչը նշանակում էր, որ թագավորն Աստծո կողմից օծված անձ է: Չգիտեմ, թե ինչպես է այլ լեզուներում, բայց այն խիստ արտահայտիչ է հնչում ռուսերենում՝ «помазанник Божий»: Եվ, միաժամանակ, խիստ տարածված բառակապակցություն է: Չմոռանանք, որ նախկինում՝ անտիկ շրջանից մինչեւ ուշ միջնադար, ընդունված էր համարել, որ իշխանության աղբյուրն Աստվածն է:
Մի խոսքով, Նիկոլը, որպես տեղապահ, այն անձն է, որին ընտրել է հայ ժողովուրդը: Ու ինքն էլ իրավունք ունի իշխել այդ ժողովրդի վրա: Հենց իշխել, քանի որ հայերենում «իշխանություն» (նաեւ՝ «իշխան») բառը գալիս է «իշխել» բառից: Ի դեպ, այդպես է ներկայացված նաեւ Հրաչյա Աճառյանի «Հայերենի արմատական բառարան» աշխատությունում՝ հրատարակված 1926-ին: Իսկ իշխելն արդեն ենթադրում է անել այն, ինչ ցանկանում է իշխողը: Ու այդ թվում՝ նաեւ այն ամենը, ինչն անհրաժեշտ է այդ իշխանությունը պահպանելու համար: Ու նշանակություն չունի, թե որտեղ է այն կյանքի կոչվում՝ «բռնակալական» Ռուսաստանում, թե նիկոլական, այսպես կոչված, «ժողովրդավարության բաստիոնում»: Ի դեպ, վերջինիս առումով ասվածի վկայությունը տեղական այն ընտրությունների ճակատագիրն է, որում սկզբնապես պարտվել է իշխող ՔՊԿ-ն: Որից հետո անօրինական կամ այդպիսի, սակայն իրավական մեխանիզմներով գրավել են տեղական իշխանությունը: Դրա զավեշտական, բայց նաեւ գործուն մեխանիզմ են գտել մարտի 30-ին նշանակված Գյումրու եւ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում: Խոսքը ընտրությանը մասնակցող կուսակցությունների անվանումով քվեաթերթիկներում ՔՊԿ-ին առաջին համար «շնորհելու» մասին էր:
Այդ հարցին հոդված էր նվիրվել «Հրապարակ»-ում, եւ ճիշտ կլիներ, որ այն մի փոքր ավելի ծավալուն ներկայացնենք հեղինակ Էդիկ Անդրեասյանի խոսքից հատվածներով. «ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։
Ըստ այդ վիճակահանության՝ ՔՊ կուսակցությանը թե՛ Փարաքարում եւ թե՛ Գյումրիում բաժին է ընկել թիվ 1 ընտրաթերթիկը: Ասեմ, որ սա թաղային մակարդակի շուստրիություն է ԿԸՀ-ի կողմից, եւ ընտրակեղծիքների դուռը, ըստ էության, բացված կարելի է համարել»: Հաշվի առնելով հայաստանյան ընտրողների մեծամասնության ոչ այնքան գրագետ լինելը (դա են վկայում 2021-ի ընտրության արդյունքները)՝ թիվ 1 ընտրաթերթիկի կապոցը, վստահաբար, մեծամասնություն կկազմի մնացածների նկատմամբ: Այս շուստրիությունը չէր լինի, եթե ժամանակին նախկինները ԿԸՀ նախագահի պաշտոնում սահմանադրորեն ամրագրեին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի ընտրության պարտադիր նորմը: Նույնը վերաբերում է նաեւ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնին, ինչը, ի դեպ, առաջարկվել է նաեւ տողերիս հեղինակի կողմից, երբ վերջինս հասարակական կազմակերպության անդամ էր: Բայց այդ առաջարկները մերժվեցին նախկինների կողմից, ու այսօր ունենք այն, ինչ ունենք:
Ու այդ պատճառով էլ «ժողովրդի իշխանության տեղապահն» անում է այն, ինչ ցանկանում է, ինչի արդյունքում զրոյացվում է ընտրություններով իշխանություն փոխելու հնարավորությունը: Ինչը, չմոռանանք, արեւմտյան ժողովրդավարության հիմնական սկզբունքն է: Հասարակության հայրենասեր ու գրագետ հատվածին էլ մնում է բոլոր հնարավոր միջոցներով իրական ժողովրդավարություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում: