ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը: Համաձայն ներկայացված նախագծի հիմնավորման, ոլորտները կարգավորող՝ ներկայում գործող օրենքներով սահմանված համապատասխան դրույթները համահունչ չեն բարձրագույն կրթության եւ գիտության միջազգային արդի չափանիշներին, ինչպես նաեւ՝ «չեն նպաստում բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների գործունեության համար միասնական մոտեցումների եւ սկզբունքների կիրառումը»։
Ըստ հիմնավորման, բուհական համակարգը պաշտպանված չէ արտաքին միջամտությունից․ «Ենթակա է քաղաքականացման վտանգին, կառավարման համակարգը խիստ ուղղահայաց է, ինչը հակակշիռների եւ հավասարակշռված կառավարման տեսանկյունից խնդրահարույց է»:
Ինչ վերաբերում է ԳԱԱ-ին, ապա հիմնավորման մեջ կարդում ենք․ «Գիտության ոլորտում գործում է Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդային ժամանակաշրջանին հատուկ կառավարման մոդելը, որտեղ գիտական խորհրդատվական գործառույթները համադրված են վարչարարական անվերահսկելի եւ հաշվետվողականությունից ազատ միջավայրի հետ: Գիտական կազմակերպությունների կառավարումն իրականացվում է ԳԱԱ լիակատար ֆինանսական, գիտական եւ կառավարչական հսկողության ներքո, ինչը նվազեցնում է մրցակցայնությունը եւ մասնակցայնությունը»:
Բացի այդ, առկա է անջրպետ բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերի միջեւ․ «Պահպանվում է բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերի ժամանակավրեպ անջրպետվածությունը. գիտության ոլորտը շարունակում է բաժանված մնալ, մի կողմից, ակադեմիական եւ գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների՝ խոչընդոտելով կրթության եւ գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձեւավորմանը, հետազոտահեն կրթական ծրագրերի իրականացմանը, բուհերում եւ գիտության ոլորտում երիտասարդ որակյալ ներուժի ներգրավմանը»։
Նախագիծը մշակվել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից։ Նշենք, որ առաջարկվող նոր կարգավորումներով՝ Գիտությունների ազգային ակադեմիան հանդիսանալու է «ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ»: Մինչդեռ ներկայիս կարգավիճակով ԳԱԱ-ն բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է։ Օրեր առաջ գրել էինք, որ Ակադեմիայում ոչ միայն տեղյակ չեն նախանշվող փոփոխություններից, այլեւ հարկ չեն համարել գիտական համայնքին տեղեկացնել, թե ինչու են ուզում ԳԱԱ-ն դարձնել հիմնադրամ։ Այլ կերպ ասած, Ակադեմիային առնչվող քննարկումներից դուրս է թողնվել հենց այն կառույցը, որին վերաբերում են այդ փոփոխությունները։
Ավելին՝ ինչպես վստահեցնում են ակադեմիական շրջանակներից, նախագիծը մշակվել է բացարձակ գաղտնիության պայմաններում, որեւէ մեկը դրանից տեղյակ չի եղել։ Եղել է մասնակցայնության զրո աստիճան, մինչդեռ ակադեմիական շրջանակներում բազմաթիվ մտահոգություններ կան։
Մտահոգություններից մեկը պայմանավորված է գիտական ինստիտուտները բուհեր տանելու հանգամանքով։ Թեպետ դա ներկայացվում է որպես բուհերի ինքնավարությանը, անկախությանը միտված քայլ, քանի որ, համաձայն հիմնավորման մեջ տեղ գտած ձեւակերպման, «բուհական համակարգը ենթակա է քաղաքականացման վտանգին», մի հանգամանք, որի հետ դժվար է չհամաձայնելը, քանի որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում կան իշխող կուսակցությանը հարող մարդիկ, իսկ խորհուրդների նախագահներն իշխանության ներկայացուցիչներ են։
Ակադեմիական շրջանակներում վստահ են, որ դա ոլորտը վերահսկելու եւ այն քաղաքականացնելու ուղիղ ճանապարհն է։ Ավելին՝ ակնհայտ է, որ դրանից հետո ղեկավար կազմի նշանակումները կարվեն քաղաքականապես վստահելի մարդկանց շրջանակից։ Մինչդեռ հիմա Ակադեմիայի կազմում կան բազմաթիվ գիտական ինստիտուտների տնօրեններ, որոնք այս իշխանությունների հանդեպ ունեն բացահայտ ընդդիմադիր կեցվածք, ինչը որեւէ կերպ չի գրաքննվում Ակադեմիայի նախագահության կողմից եւ երբեւէ քաղաքական հետապնդման առիթ չի դարձել։ Մինչդեռ համալսարաններում ու բուհերում վերջին տարիներին քաղաքական հետապնդումներն ավելի մեծ թափ են հավաքում, հատկապես՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հանդեպ։ Վառ օրինակը մի շարք դասախոսների ԵՊՀ-ից, Բրյուսովի անվան համալսարանից դուրս թողնելու փաստն է, ինչի առիթով օրեր առաջ մեծ ասուլիսով հանդես եկան այս կամ այն պատճառաբանությամբ համալսարաններից դուրս թողնված դասախոսները։
Մի կարեւոր հանգամանք եւս, որ մտահոգում է ակադեմիական շրջանակներին, այն է՝ Ակադեմիայում տնօրենների ընտրությունն իրականացվում էր կոլեկտիվի կարծիքի հիման վրա, իսկ համալսարանների հետ միավորվելու դեպքում տնօրեններին այսուհետ նշանակելու է հոգաբարձուների խորհուրդը, այսինքն՝ չեն լինելու կոլեկտիվի կարծիք եւ դեմոկրատական մոտեցում։
Օրենքի նախագծում սահմանված է նաեւ, որ Ակադեմիայի կառավարման մարմիններն են․ 1) Ակադեմիայի ընդհանուր ժողովը, 2) Ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը՝ Ակադեմիայի նախագահությունը, 3) Ակադեմիայի կառավարման գործադիր մարմինը՝ Ակադեմիայի նախագահը, 4) Ակադեմիայի ընդհանուր ժողովում ընդգրկվում են գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողները եւ ակադեմիկոսները։
Այն, որ Ակադեմիայի ընդհանուր ժողովի կազմում ընդգրկվում են գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողները եւ ակադեմիկոսներ, հենց ակադեմիական շրջանակներում կարծում են, որ ի շահ Ակադեմիայի չէ, քանի որ նշանակում է, որ այդ մարդիկ, ըստ համապատասխան օրենքի, պարտադիր պետք է լինեն թոշակառուներ, որպեսզի այդ կարգավիճակն ու պատվավորի կոչումը ստանան։ «Այսինքն՝ այս փոփոխությամբ իրենք Ակադեմիան վերածում են ծերակույտի՝ այն դեպքում, որ ակադեմիայի վերջին տարիների քաղաքականությունն ուղղված է Ակադեմիայի երիտասարդացմանը»,- նկատեց զրուցակիցս։
ԳԱԱ-ն չի շտապում պաշտոնապես իր դիրքորոշումը հանրայնացնել, որպեսզի չմեղադրեն, թե ուղղորդում են գիտական ինստիտուտներին ու գիտնականներին։ Ինչպես տեղեկացանք, առաջիկայում՝ ամսի 23-ին, օրենքի նախագծի հետ կապված, իրենց կարծիքը կներկայացնեն գիտական ինստիտուտները, 24-ին լինելու են բաժանմունքների ժողովներ, որտեղ ընդգրկված են տվյալ ոլորտի ակադեմիկոսները, թղթակից անդամները, ինստիտուտների տնօրենները, ինչպես նաեւ՝ համակարգից դուրս որոշ մասնագետներ։ Հաջորդիվ՝ ամսի 25-ին, նախատեսված է քննարկում նախագահությունում, 26-ին՝ արդեն Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում․ ի դեպ, նախագծի հանրային քննարկումն էլ նախատեսված է ամսի 27-ին։
Հատկանշական է, որ Ի-դրաֆտում նախագիծը հանրային քննարկման է դրված մինչեւ ամսի 1-ը, այսինքն՝ 26-ից մինչեւ 1-ի միջակայքում մնում են հանգստյան օրերն ու երկու աշխատանքային օր, որպեսզի գիտական հանրությունը, ըստ էության, արձագանքի, ինչը ստեղծելու է ավելորդ ցայտնոտային վիճակ եւ հնարավորություն չի տալու հետադարձ արձագանքների համար։