Քաղաքականություն

Նիկոլի՝ Վաշինգտոն գնալը մի այիբ է, չգնալը՝ երկու

Նիկոլի՝ Վաշինգտոն գնալը մի այիբ է, չգնալը՝ երկու

Ի՞նչ կարող էին Սպիտակ տանը քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Բնականաբար՝ ոչ գլոբալ տաքացման հետ կապված հարցեր: Թրամփն, ըստերևույթին, այդ երկուսին պետք է խոսեցներ «Զանգեզուրի» միջանցքի մասին, որպեսզի իմանար՝ վերջը այդ միջանցքը լինելո՞ւ բան է, թե՞ ոչ: Թրամփն, անշուշտ, գիտի, որ Ալիևը օրուգիշեր այդ միջանցքի մասին է երազում, իսկ ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա որևէ երազանք կամ ակնկալիք չունի այդ մասով: Այսինքն՝ Վաշինգտոնում նա զուտ բուտաֆորիա է լինելու՝ հանդիպմանը եռակողմ ձևաչափ հաղորդելու համար: Ինձ իմ աթոռին հաստատ պահեք՝ մնացածը ձեր գործն է…
Եվ ահա, ԱՄՆ-ում ապրող մի ադրբեջանցի լրագրող լուր է տարածում, որ հնարավոր է Վաշինգտոնում հանդիպեն Թրամփը, Ալիևը և Նիկոլը: Նիկոլն ու իր թիմը, Լոպեսի համերգից դեռ ուշքի չեկած, ոչ կարողանում են հաստատել, ոչ էլ հերքել այդ լուրը: Դե իրենք էլ էին հասկանում, որ եթե Նիկոլին կանչում են Վաշինգտոն՝ Թրամփի և Ալիևի հետ բանակցելու, ապա կանչում են զուտ որպես մենյու: Այդ ե՞րբ է Նիկոլի Հայաստանն իր ուրույն կարծիքն ունեցել միջանցքի մասին, որ մի հատ էլ Նիկոլը գնա, Վաշինգտոնում միջանցքի հարց քննարկի: Ուղղակի մի քիչ անհարմար է, որ Թրամփն ու Ալիևը երկուսով որոշեն, թե ՄԱԿ-ի անդամ երկրից ինչքան տարածք է պետք հատկացնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի համար: Երկարությունը, հասկացանք, 32 կմ է, իսկ որքա՞ն է լինելու լայնությունը: Մյուս կողմից էլ տեղանքը լեռնային է, հո չե՞ն կարող դնել՝ քանոնով գծել այդ «ճանապարհը»: Հայկական քանի՞ լեռ ու սար կմնա միջանցքից այնկողմ, ո՞վ է հաշվելու: Թրամփը և Ալիևը գիտեն, որ Նիկոլն այդպիսի «մանրուքների» հետևից ընկնողը չէ, դրա համար էլ հատուկ չեն պնդում, որ նա ներկա լինի Վաշինքտոնի քննարկմանը: Իրենք երկուսով կնստեն, կորոշեն, հետո Նիկոլին կներկայացնեն ամերիկյան մասնավոր ընկերության կառավարիչին ու կասեն՝ Հայաստանի հատվածում միջանցքն այս մարդն է վերահսկելու, ձեզ էլ ամսական մի բան կտա, որ չստացվի թե թալանում ենք: 100 տարին ի՞նչ է, աչքդ բացում-փակում ես, մեկ էլ տեսնում ես անցավ: Մե՞ծ բան է, միթե, ԱՄՆ-ի պես գործընկեր ունենալու համար «մի կտոր» ճանապարհի վերահսկում արտապատվիրակելը: Այնպես որ, Նիկոլի ո՛չ Վաշինգտոն գնալն է մի բան, ո՛չ չգնալը:
Եվ այս իրավիճակում թերթերը գրում են, որ Վաշինգտոն գնալու ցանկություն Ալիևն էլ առանձնապես չունի: Մեջը կասկած է ընկել, որ Թրամփն այնքան էլ ամենակարող չէ և միջանցքի հարցում կան կենսական շահեր ունեցող այլ գերտերություններ, որոնք ոչ մի պարագայում չեն համաձայնի ճանապարհի այդ հատվածը դարձնել թուրք-ադրբեջանական «բարդակ», այն է՝ թմրանյութի և զենքի անարգել տարանցման «մայրուղի»: Ալիևն, օրինակ, սեփական ականջներով լսեց, թե Ալթայում ինչ ասաց ՌԴ վարչապետ Միշուստինն ու ինչպես դրան արձագանքեց «մենյուն»՝ Նիկոլը… Թե բա՝ մնում ենք ԵԱՏՄ-ում և միջանցքի կառավարումն էլ ոչ մի ամերիկյան ընկերության չենք արտապատվիրակում: Ձեռի հետ էլ խոսնակ Նազիկի մակարդակով Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մասին թեթև ծվծվոցներ: Ալիևի ականջին, բնականաբար, հասան նաև իրանական կողմի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա այդ դարակազմիկ ծրագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-իրանական սահմանի փակլում և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ֆիզիկական ներկայություն միջանցքի վրա: Այսինքն, Ալիևը գնա Վաշինգտոն որ ի՞նչ անի, կռիվ տա Ռուսաստանի և Իրանի դե՞մ: Բա որ հանկարծ հայտարարեն՝ Նախիջևանը Հայաստան է և վերջ՝ ի՞նչ է անելու, բա որ Արցախի բռնազավթումն ու հայաթափումը դնեն դեմը, ի՞նչ է անելու: Չէ, Ալիևը «խելացի է», նա մինչև չիմանա, որ հարցերն այստեղ ԱՄՆ-ն է լուծում, Վաշինգտոն չի գնա: Նա հիմա նույնիսկ ուրախ կլինի, որ Նիկոլը միայնակ գնա Վաշինգտոն ու ամերիկյան «զորք» բերի միջանցք: Այդպես հենց Նիկոլը կհայտնվի ռուսական մուրճի և իրանական սալի արանքում, ինչից Ադրբեջանը կարող է միայն շահել և Հայաստանից նորանոր արոտավայրեր պոկել՝ որպես իր լոյալության վարձատրություն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image