Քաղաքականություն

Կարևոր չէ՝ որ համարն եմ, կարևորը «տղամարդ» քաղաքապետ ընտրվի․ ովքեր են Վարդան Ղուկասյանի թիմում

Կարևոր չէ՝ որ համարն եմ, կարևորը «տղամարդ» քաղաքապետ ընտրվի․ ովքեր են Վարդան Ղուկասյանի թիմում

2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։ Քաղաքական ուժերի համար ավագանիների թեկնածուների փնտրտուքը դժվար է եղել։ Այս պահին հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր երկրորդ գյումրեցին ներգրավված է ընտրությանը։ 

Hraparak.am-ը ներկայացնում է քաղաքական ուժերի շարքերում ընդգրկված ավագանիների թեկնածուներին։

Անդրադառնալով ամենից շատ քննարկվող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը առաջադրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունով, 33 հոգանոց ցուցակ է ներկայացրել ։ Ցուցակում ընդգրկված առաջին տասնյակի ով լինելը ուշագրավ է։Վարդան Ղուկասյանին հաջորդում է փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում չափագրող է։ 3-րդ համարում Լուսինե Անանյան է,  կոմունիստական է, չի աշխատում։ 4-րդ համարում Վարդան Ղուկասյանի հարազատ եղբոր թոռն է՝ Գևորգ Ղուկասյանը, 5-րդում՝ Սեդրակ Սահակյանը՝ կոմունիստական կուսակցությունից, վերջինս Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին քաղաքապետարանում պաշտոն էր զբաղեցնում։ 6-րդը անկուսակցական Նարինե Մեսրոպյանն է, 7-րդ համարում է Արտակ Հարությունյանը՝ կրկին կոմունիստ, 8-րդը՝ Իգիթ ընկերության առաքիչ Սամսոն Էլբակյանն է, 9-րդը Կարինե Լալազարյանը՝ անկուսակցական, գործազուրկ եւ ցուցակի 10-րդ համարը զբաղեցնում է Գյումրիում հայտնի գործարար ֆերմեր, ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Տիգրան Ավագյանը։  

Ավագյանը գյուղատնտեսության հետ կապված՝  Գյումրիում իրականացվող գրեթե բոլոր ակցիաների ակտիվ մասնակիցներից  է։ Վերջին ակցիան սպանդանոցների հետ կապված խնդիրն էր, որի ընթացքում  Տիգրան Ավագյանն ու մսավաճառները Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանի  հետ հանդիպում էին պահանջում, մարզպետը խոստացավ հաջորդ օրը հանդիպել, բայց հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Ինչո՞ւ է գյումրեցի ֆերմերը նախընտրել Ղուկասյանի թիմը եւ ընդգրկվել 10-րդ համարում՝ hraparak.am-ի հետ զրույցում ասում է․«Էդքան ամեն ինչ բարձրաձայնեցինք, ասեցինք, որտեղ ասես չէինք դիմում, ու մեզ պատասխանում էին, թե խնդիրը քաղաքական է։Դե ո՞ր քաղաքական է, ես էլ որոշեցի քաղաքական ձևով իրենց հետ խոսեմ ու մտա քաղաքականություն։Թե ցուցակում, որ համարն եմ՝ իմ համար հեչ կարևոր չէ, ավագանի դառնալու համար չեմ պայքարում, պայքարում եմ, որ «տղամարդ» քաղաքապետ ունենանք, ու էս երկիրը կործանումից փրկենք։ Եթե դա մի տոկոս ինձանից է կախված, ուրեմն պատրաստ եմ։ Կա՞ Գյումրիում մեկը, որ Ղուկասյանից շատ բան է արել, ասե՞ք։ Ես իմ ողջ գիտակցական կյանքում ապրել եմ Գյումրիում ու հատ-հատ գիտեմ, թե ում օրոք ինչ է կառուցվել։  Էս քաղաքի մեջ ինչքան փողոց, շինություն կա նրա օրոք է կառուցվել ու մեկը չի կարող հերքել»,-մեզ հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետի թիմում ընդգրկված ավագանու թեկնածուն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image