Քաղաքականություն

Զարմանալիորեն նման են Ահմեդ ալ-Շարաայի եւ Փաշինյան Նիկոլի խոսույթները

Զարմանալիորեն նման են Ահմեդ ալ-Շարաայի եւ Փաշինյան Նիկոլի խոսույթները

Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ երկրի արեւմուտքում խաղաղ բնակիչների ջարդերի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ կարգավիճակից եւ լիազորություններից։ Թե որքանով դա կյանքի կկոչվի՝ իրենց աստվածը գիտի: 

Ինքը, օրինակ, պետք է պատասխանատվության ենթարկի իմամներին, ովքեր կոչ էին արել պատժել անհավատներին: Հերթում հաջորդը, Նիկոլի սիրած բառով ասած, «ինստիտուցիոնալիզացված» զինյալ ջոկատների հրամանատարներն են, որ անմիջապես ուղեւորվեցին արեւմուտք: Եվ, վերջապես, նախկին ահաբեկիչ այն զինյալները, ովքեր «ինստիտուցիոնալիզացվելուց» հետո էլ մնացին ահաբեկիչներ՝ կոտորելով անզեն մարդկանց՝ չնայելով ո՛չ սեռին եւ ո՛չ էլ տարիքին: Կարծում եմ, որ «նախկին» ահաբեկիչ Ահմեդ ալ-Շարաան էլ դժվար թե գնա այդ քայլին, ինչը կվերածվի ինքնասպանության: 

Արդեն մի շարք երկրների ԱԳՆ-ներ դատապարտել են սիրիական ալավիների, քրիստոնյաների ու շիաների ցեղասպանությունը: Իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դիմել են ՄԱԿ-ի ԱԽ հարցը քննարկելու համար: Իսկ ԵՄ-ն ինչ-որ հորդոր էր արել` մեղադրելով ոչ թե դահիճներին, այլ՝ զոհերին: Եվ դա մատնում է Սիրիայի նախկին նախագահ Ասադի դեմ եվրոպացիների ավելի քան տասնամյա հետապնդումների արդյունքում առաջացած դիսկոմֆորտը: Բազմաթիվ լուրջ ղեկավարներ տասնամյա պայքարի արդյունքում «բռնակալ» Բաշար ալ-Ասադին փոխարինեցին «ժողովրդավարական» Ահմեդ ալ-Շարաայով, չեղարկեցին պատժամիջոցները ու ստացան ցեղասպանություն: Բայց ես իզուր եմ զարմանում. Արցախի էթնիկ զտումը ցեղասպանություն չէ՞ր, որ մեկ-երկու անիմաստ դատապարտումից բացի այլ վերաբերմունքի չարժանացավ:

Ի դեպ, «մեր» նիկոլականների համար արձանագրեմ, որ զարմանալիորեն նման են Ահմեդ ալ-Շարաայի եւ Փաշինյան Նիկոլի խոսույթները: Չե՞ք հավատում: Խնդրեմ։ «Այսօր, երբ ապրում ենք այս կրիտիկական պահը, մենք կանգնած ենք մի նոր վտանգի առաջ՝ նախկին վարչակարգից մնացածների եւ նրանց օտարերկրյա համախոհների փորձերը՝ նոր տարաձայնություններ հրահրելու եւ մեր երկիրը ներքաշելու քաղաքացիական պատերազմի մեջ...»,- հայտարարել է ալ-Շարաան։ Ինչպես տեսնում եք, ներքին խնդիրներում միշտ մեղավոր են նախկինները եւ նրանց օտարերկրյա համախոհները կամ հովանավորները: Իսկ որ նոր իշխանության օրոք Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ալավիները, իսկ հարավ-արեւմուտքում դրուզներն անվտանգային առումով անընդհատ լուրջ խնդիրներ էին ունենում, դա Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան, բնականաբար, «չի նկատել»: Ու, բնականաբար, չի գիտակցել, որ ալավիների բողոքի ցույցերն ինքնապաշտպանական նպատակ են հետապնդել, բայց որ արտերկրից ոմանք փորձել են «ուղղորդել» այդ շարժումը, արձանագրել են: 

ՀԳ. Ինչպես երեւում է, երբ ուժային տարբերակով նախկիններին փոխարինողները հանդես են բերում իրենց իրական էությունը, նրանց հովանավորող արտաքին ուժերը «մոռանում» են, որ իրենք ժողովրդավարական երկրներ են եւ կոչված են պաշտպանելու եթե ոչ այդ հասարակարգը, ապա գոնե օրինականությունը: Եվ ցեղասպանությունը, ով էլ դա իրականացնի, պետք է  դատապարտվի, ու իրականացնողները ենթարկվեն պատժամիջոցների:

ՀԳ 2․ Հոդվածը պատրաստ էր, երբ ՏԳ ալիքներից մեկում կարդացի, որ Ահմեդ ալ-Շարաայի կողմից ալավիների սպանդը հետաքննող դատավոր է նշանակվել մեկը, ով եղել է ԴԱԻՇ-ի (արաբական ահաբեկչական պետական կազմավորում) մասնակից: Ով նույնիսկ հոդված է գրել՝ գովաբանելով ԴԱԻՇ-ը: Սպանդը, ըստ աղբյուրներից մեկի, դեռ շարունակվում է, սակայն տեղեկատվությունն արդեն փակ է: Իսկ սպանվածների դիակները սկսել են հավաքել, որ թաքցվեն հանցագործության հետքերը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image