Օրերս Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, նշելով․ «Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։
Բարձրագույն դատական խորհուրդը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, ապահովում է դատավորների անկախության երաշխավորումը և դատական իշխանության համբավի պաշտպանությունը։ Խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը։ Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ։ Միևնույն ժամանակ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները հաջողությամբ կիրառում են հետևյալ կանխատեսելի սխեման՝ դատավորների մասին սեփական դատողությունների հրապարակում, դատավորների լուսանկարների հանրայնացում, մամուլի միջոցով տիրաժավորում, սոցհարթակային քննարկման առիթ, որն ինչ-որ փուլից վերաճում է այլ թեմաներով քննարկման։ Նկատենք, որ այդ կանխատեսելի սխեման օգտագործում է նաև փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ խոսքի ազատությունը չի կարող և չպետք է օգտագործվի դատավորների նկատմամբ չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու և նրանց թիրախավորելու նպատակով։ Այս երևույթները ոչ միայն վտանգում են դատական իշխանության ինքնուրույնությունը, այլ նաև խոչընդոտում են արդարադատության արդյունավետ իրականացմանը։ Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում նման մոտեցումները և կոչ է անում արտահայտվելիս առաջնորդվել մասնագիտական պատշաճ վարքագծի, փոխադարձ հարգանքի և պատասխանատվության սկզբունքներով, առաջնորդվել այն գիտակցումով, որ արդարադատությունը բոլորինն է և դրա արդյունավետության համար պատասխանատու ենք բոլորս»։
Փաստաբան, նախկին դատախազ Ալեքսանդր Սիրունյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մասին, ասում է․ «Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության մաս չէ։ Եթե ցանկանում են փաստաբաններին հակադարձել, ապա դա կարող էր անել օրինակ՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ ԲԴԽ-ն դատական իշխանության մասը չէ, ԲԴԽ-ի գործը չէ, որ նման բաներ է հայտարարում։ ԲԴԽ-ն կոչված է ապահովելու դատավորների անկախությունը, այլ ոչ թե քիթը խոթել դատարանների աշխատանքների մեջ, այդ թվում՝՝ փաստաբան-դատարան հարաբերությունների մեջ։ Այս մարդիկ չեն հասկանում, թե որտեղ են աշխատում։ Ես միշտ փորձում եմ դրանց չանդրադառնալ, սակայն չի ստացվում։ ԲԴԽ-ի կազմը նայեք մի հատ, կներեք, բայց այդ կազմում մի քանի հոգի է հասկանում, թե դատարանն ինչ բան է։ ԲԴԽ-ն ինչի՞ համար է փաստաբանի անձնական գրառումն էդքան ծանր տանում։ Ես դեռ դատախազ եղած տարիներին եմ ասել՝ փաստաբանն այն մարդն է, ով բոլորին պաշտպանում է։ Ի՞նչ փորացավ ունեն, ի՞նչ են ուզում փաստաբաններից։ Միշտ էլ դատարաններից ու դատավորներից դժգոհություն եղել է, միշտ էլ ասել ենք այդ մասին ու մինչ այս պահն էլ ասում ենք, ուղղակի փաստաբան կա՝ անվանական է ասում, փաստաբան էլ կա՝ ոչ անվանական է ասում։ Միշտ էլ այդ երևույթը եղել է։ Թող ուրախ լինեն, որ փաստաբանները ճշմարտությունը բարձրաձայնում են։ Ինչո՞ւ պետք է Զոհրաբյան Արան չխոսեր։ Խոսքի ազատություն է»: