2017 թվականի բյուջեն կոչվում էր կայունացման բյուջե, 2013 թվականինը՝ զարգացման, թեեւ այն ժամանակ ընդդիմությունը գոռում էր, թե սա ոչ թե զարգացման, այլ գոյատեւման բյուջե է։ Հիմա բյուջեին անուններ չեն դնում։ ԱԺ հանձնաժողովներում այս օրերին քննարկում են 2025 թվականի բյուջեի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանը, որ գրավոր ելույթ էր պատրաստել եւ թղթից երկար կարդում էր այն, հաջորդ տարվա բյուջեին ոչ մի ընդհանուր բնութագիր չտվեց, ինչպես դա անում էին նախկին վարչապետները։ Նրան լսելիս տպավորություն է, թե խոսում է մի բարեկեցիկ քաղաքակիրթ երկրի ղեկավար, որը վաղուց լուծել է տնտեսական բոլոր հարցերը, բարձրացրել իր երկրի բնակիչների բարեկեցությունը, լիարժեք կատարել նախորդ տարվա բյուջեով նախատեսվածը եւ այժմ իր այդ տնտեսական հաղթանակների բարձունքից բարոյախրատական ճառեր է կարդում իր բարեկեցիկ ժողովրդի գլխին։ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն` այստեղ հաց, այստեղ հայրենիք` այստեղ կաց»:
Ու մի պահ մոռանում ես, թե ինչքան աղքատություն կա երկրում, եւ քանի մարդ է այսօր սպասում Մեքսիկային սահմանամերձ Թիհուանա քաղաքում ԱՄՆ մտնելու իր հերթին։
Թիհուանա քաղաքից մինչեւ ամերիկյան Սան Դիեգո ընդամենը 40 կիլոմետր է։ «Այդտեղ փախստականների գաղութ կա, որտեղ տեղ չկա։ Հայերը շատ-շատ են։ Մարդ կա՝ 6 ամիս արդեն այնտեղ է։ Անհատները խմբեր են տանում ու բախտի քմահաճույքին թողնում այնտեղ, անցավ` անցավ, ու բոլորը ջահելներ են։ Ընտանիքներ կան, որ փոքր երեխաների հետ ամիսներով այնտեղ են, արդեն ոջլոտել են։ Միգրանտները հերթով մաքրում են տարածքը։ Հայերից ոմանք, որոնք գումար ունեն կամ հարազատներ, որոնք իրենց փող են ուղարկում, օրական 50 պեսո տալիս են մեքսիկացի ոստիկաններին, որ իրենց չստիպեն տարածքը մաքրել, զուգարանները մաքրել։ Մարդիկ կան՝ տուն-տեղ վաճառել են ու անորոշ ժամանակով կանգնած են Մեքսիկայի ու ԱՄՆ սահմանին։ Մի 6-7 ամիս առաջ ԱՄՆ-ն լավ ընդունում էր, հիմա լճացում է։ Հիմա ես ո՛չ կարողանում եմ քնել, ո՛չ կենտրոնանալ»,- ասում է Ա․ Ն․-ն, որի հարազատներից մեկը հիմա Թիհուանայում է` սպասում է իր հերթին։ Իրական Հայաստանից, որի մասին խոսում է վարչապետը, արտագաղթողների` հեռացողների թիվը ոչ մի կերպ չի նվազում։ Ըստ որոշ դիտարկումների՝ արտագաղթի տեմպն ավելացել է ԼՂՀ-ից արցախցիների բռնի տեղահանումից հետո։ 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ 120 հազար արցախցիներ եկան Հայաստան, նոյեմբերի դրությամբ Հայաստանը, պաշտոնական տվյալներով, լքեց ավելի քան 3 հազար բռնի տեղահանված, ոչ պաշտոնական տվյալներով՝ քառակի ավելի։