Որքան հասկացա՝ իմպիչմենտի համար թեկնածու չի ճարվում: Ճիշտն ասած, չգիտեմ՝ լավ չե՞ն փնտրում, թե՞ իսկապես թեկնածու չկա: Վանեցյանի անունն էին տալիս, կարծես, ի՞նչ եղավ: Վանեցյանը հաստատ Էդմոն չէ, բայց ՔՊ-ն ու «Հայաստանը» դեմ կլինեն նրա թեկնածությանը (Սասուն Խաչատրյանի հետ նրա հայտնի ձայնագրությունը վկա): Հարգելի ՀՀԿ-ականներ, վարչապետի ուրիշ թեկնածու չունե՞ք: Ես ասե՞մ անուններ, թե՞ դուք կառաջարկեք: Ի դեպ, ես բոլորին էլ կողմ կլինեմ, միայն թե նա լինի ազգային մտածողությամբ ՀՀԿ-ական: Արտակ Զաքարյանին առաջարկեք, Արմեն Աշոտյանին, Տարոն Մարգարյանին, Էդուարդ Շարմազանովին, Հայկ Մամիջանյանին, վերջապես՝ Սերժ Սարգսյանին ներկայացրեք… Ահա, ասում եմ՝ կողմ եմ, կողմ եմ, կողմ եմ… Չեմ էլ քննարկում: Ձեր թեզը, հավատացեք, հրաշալի է՝ միայն թե Նիկոլը գնա, ռադ լինի: Պարոն Մամիջանյան, Դուք էլ քիչ գնացեք Սաթիկի մոտ եւ այնտեղից քարեր նետեք ընդդիմության վրա: Ի՞նչ է նշանակում, օրինակ, որ կարծիք եք հայտնում, թե «կարող ա՞ ընդդիմադիր գործընկերների նպատակը Նիկոլին հեռացնելը չէ»: Այդքան դեսուդեն ընկնելու փոխարեն մի թեկնածու բերեք, ես էլ երկու ձեռքով կողմ քվեարկեմ: Ուրիշ ի՞նչ եք ուզում: 8-ը դուք եք, 28-ը՝ «Հայաստանը»… Էդ քեզ՝ 36: Էդգար Ղազարյանն ասում է՝ 54 կողմ ձայն է պետք՝ Նիկոլին իմպիչմենտ անելու համար: 18 ձայնն ի՞նչ է, որ չեք կարողանում ՔՊ-ից բերել:
Հասկացանք՝ նախիր է, բայց մի՞թե մեջները 18 մարդ չկա, որոնց ճակատը կարելի է համբուրել ու միացնել իմպիչմենտին: Դրեք, դրանց կենսագրությունները հատ-հատ կարդացեք: Բոլորը ձեր իշխանության տարիներին են մարդ դարձել, եթե, իհարկե, դարձել են: Խոսեք հետները, որովհետեւ 54 ձայնն է կարեւոր, այլ ոչ թե 36-ը: 36-ը ավանտյուրա է (Էդգար Ղազարյան), եթե չկա մնացած 18-ը: Հանրությանը գեներացնելն էլ՝ ինձ վրա, թեեւ այդ գործում ՀՀԿ-ն էլ, մեղմ ասած, պակասը չէ: Տարոն Մարգարյանը որ «վիզ դնի», Ավան վարչական շրջանը մի մարդու պես կկանգնի ԱԺ դռան առաջ: Սա ես ասում եմ որպես Ավանի բնակիչ: Էրեբունուց էլ Թոխմախի Մհերը կգա: Թոխմախի Մհերն էլ որ գա, Մալաթիայից Սամվել Ալեքսանյանը կկպնի… Չէ, դուք ջոկո՞ւմ եք՝ ես ինչ տղերքի անուններ եմ տալիս: Խորանա՞մ:
Մի խոսքով՝ սիրելի հանրապետականներ, թեկնածուի անուն տվեք, այլապես համբերությունս հատնում է… Ինձ շատ չկա, մեկ էլ տեսար՝ գնացի Հովիկ Աղազարյանի մոտ ու խնդրեցի ինձ թեկնածու առաջադրել: Հակոբ Ասլանյանն էլ, գիտեք, նաղդ կողքից կպնող ա: 28 ձայն «Հայաստան» խմբակցությունից ունեմ, 8 ձայն՝ «Պատիվ ունեմ»-ից: Մնում է 18: Բայց 18 շատ ասացի… 16 ձայն էլ ՔՊ-ից կբերեմ (ցուցակը տեղադրված է ԱԺ կայքի «Խմբակցություններ» բաժնում): Էդ քեզ՝ 52: Հարգելի ՀՀԿ-ականներ, 2 ձայն է պակասում, կարո՞ղ եք ապահովել… Ո՞չ: Դե ուրեմն իմպիչմենտ-իմպիչմենտ ասելով՝ իմպիչմենտ չեն անում:
Իմ թեկնածությունը հարմար է նաեւ մեկ այլ տեսանկյունից: Ինձ թվում է, որ ես, ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, ընդունելի թեկնածու եմ ՀՀԿ-ի ղեկավարության եւ ակտիվի համար: Թող անհամեստ չհնչի, բայց ես միշտ ասել եմ, որ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը, որի հետ շատ երկար եմ քայլել Երեւանում, փողոց եմ փակել ու կառավարական շենքեր շրջափակել, իմ ախպերներն են, շատ մեծ հարգանք ունեմ Արտակ Զաքարյանի ու Տիգրան Աբրահամյանի հանդեպ, Տարոն Մարգարյանը, ճիշտ է՝ ինձ անհատական գարաժի տեղ չտվեց, բայց ի՜նչ գեղեցիկ նամակ էր գրել ինձ, որ հեսա ձեր բակում 2 հարկանի գարաժներ ենք կառուցելու… Մի խոսքով՝ լավից բացի ուրիշ բան չեմ տեսել ՀՀԿ-ից: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ, որքան գիտեմ, իմ ուշադիր ընթերցողներից է: Այսքանից հետո, ինչ է, ես չե՞մ կարող ակնկալել «Պատիվ ունեմ»-ի 8 քվեն: Կարծում եմ՝ տղերքն առանց քննարկման կտան այդ 8 ձայնը: Սաթիկն էլ մեր քուրն ա… Սաթ ջան, ե՞րբ ես հյուր կանչում՝ Նիկոլին մի լավ քլնգեմ:
Մի խոսքով՝ դուք գցեք-բռնեք, իսկ ես Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի հետ գնամ ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին տեսնելու: Կարելի էր նաեւ Էդմոն Մարուքյանից խորհուրդներ հարցնել, թե ոնց անեմ, որ այդ երկուսին երկրորդ անգամ անիմաստ փուռը չտամ: Մի կողմից էլ՝ ես այնքան անտակտ չեմ, որ հեռախոսը վերցնեմ զանգեմ Սեյրան Օհանյանին ու Հայկ Մամիջանյանին: Չիներս չեն ընկնի՝ անձամբ կգնամ մոտները, կբացատրեմ իրավիճակը, կխնդրեմ՝ չմերժել: Ավաղ, ՔՊ խմբակցության տեղը չգիտեմ: Լուս ջան (Լուսինե Շահվերդյան), չե՞ս ուղեկցի, դու դրանց սենյակ առ սենյակ գիտես…
Էդիկ Անդրեասյան
ՀՀ վարչապետի թեկնածու՝ Էդգար Ղազարյանի վերսիայով