Մշակույթ

Եթե այս տեմպերով շարունակվի, չի բացառվում, որ նույնն անեն, ինչ Ջուղայում

Եթե այս տեմպերով շարունակվի, չի բացառվում, որ նույնն անեն, ինչ Ջուղայում

Պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին եւ հետխորհրդային ժամանակաշրջանում տեղի ունեցող գործընթացներին անդրադարձավ «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ։

Հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ գիտաժողովի գլխավոր նպատակակետը հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, որոնց մասին ուզում են բարձրաձայնել ի լուր աշխարհի։
«Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությունը գտնվում է վտանգված վիճակում, եթե չասեմ, որ զգալի մասն արդեն ոչնչացված է, կամ էլ իշխանությունների կողմից նախապես որոշված է, որ դրանք վաղ թե ուշ ոչնչացվելու են,- ասում է Ռ․ Ղազարյանն ու հավելում։- Մենք այդպես ենք եզրակացնում մի պարզ բանից՝ ինչպես են տարիների ընթացքում իրենք գործել թե՛ Նախիջեւանում, թե՛ Արցախից դուրս գտնվող այն տարածքներում, որտեղ կային հայկական քրիստոնեական պատմամշակութային հետքեր, որոնք կամաց-կամաց՝ կա՛մ աղվանականացման անվան տակ, կա՛մ պարզապես ոչնչացրել են՝ համարելով, որ դա իրենց պետք չէ եւ իրենցը չէ։ Կամ էլ՝ եթե հաջողվում է, փորձում են դրանք ներկայացնել իբրեւ աղվանական՝ նպատակ ունենալով հետագայում հռչակել որպես ադրբեջանական։ Պետք է փաստենք, որ հատկապես այն վայրերում, որտեղ կային կիսախարխուլ հուշարձաններ, որոնք այդքան էլ հայտնի չէին, դրանց մեծ մասը, հավանաբար, արդեն չկա, կամ հայտնի չէ, թե ինչ վիճակում է գտնվում։ Այն հուշարձանները, որոնց մասին ամբողջ աշխարհը գիտի՝ Գանձասար, Ամարաս, Դադիվանք եւ մյուսներ․․․, իրենք այստեղ ուրիշ մոտեցում են ցուցաբերում, շատ բացահայտ չեն ոչնչացնի, բայց դա դեռեւս չի նշանակում, որ եթե այս տեմպերով շարունակվի, իրենք նույնը չեն անի, ինչ արեցին Ջուղայում, այսինքն՝ ալիեւյան բռնապետական ռեժիմի համար այս պահին կարծես ոչ մի արգելք չկա»։

Հիմնադրամի տնօրենն ընդգծում է՝ Ադրբեջանն այսօր առաջնահերթ ոչնչացնում է անկախության շրջանի հուշարձանները։ «Ալիեւյան ռեժիմի կողմից պետական քաղաքականություն է հռչակվել՝ առաջնահերթ ոչնչացնել Արցախի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների՝ վերջին 30 տարիներին կառուցված հուշարձանները, անկախ նրանից, որ որեւէ իրավական հիմք չկա դրանք ոչնչացնելու համար։ Խնդիրն այն է, որ դրանք հայկական հուշարձաններ են, իսկ հայկականության նկատմամբ Ադրբեջանում կա հատուկ մոտեցում եւ անգամ՝ հիստերիա։ 2-րդ փուլով այն պատմաճարտարապետական արժեքներն են Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը, որ դեռ խորհրդային ժամանակաշրջանից փորձել են ներկայացնել իբրեւ աղվանական։ Իհարկե, աշխարհը հասկանում է, որ ոչ մի ուղիղ կապ աղվանների ու այսօրվա թյուրք-ադրբեջանցիների միջեւ գոյություն չունի, բայց քանի որ նրանք հայտարարում են, թե աղվաններն իրենց նախնիներն են, այսպիսով կապը փորձում են հաստատել եւ եթե կարողանան այս ուղղությամբ շարունակել իրենց աշխատանքները, ապա կշարունակեն էլ ավելի բարձրաձայնել, որ դրանք աղվանական են, հատկապես որ այս ընթացքում բոլոր եկեղեցիների վրայի հայկական արձանագրությունները կոչնչացնեն, եթե հիմա արդեն չեն ոչնչացրել, որովհետեւ օբյեկտիվ առումով մենք այսօր վերահսկողություն չունենք այդ տարածքների վրա եւ չենք կարող դիտարկել»,- նկատում է զրուցակիցս։

Մշտադիտարկման իրենց ռեսուրսներն այսօր հանդիսանում են համացանցը, ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական ընդդիմադիրների էջերը, որոնք ամենօրյա ռեժիմով մոնիտորինգ են անում․ «Այս ամբողջի մեջ մենք փորձում ենք գտնել ճշմարտության հատիկներ եւ տեսնել իրականությունը, ինչը դժվար է, որովհետեւ Ադրբեջանը մինչ օրս իր քաղաքացիների համար էլ է փակ երկիր, ու դժվար է այդտեղ լուրջ ձեւով մոնիթորինգ անել, բայցեւայնպես, եղած պատկերը փորձում ենք հասկանալ։ Մեր գործը հիմնականում պատմական կեղծարարությունները վեր հանելն է եւ գիտական հենքի վրա ամենօրյա ռեժիմով այդ ամենին հակադարձելը»։

«Գեղարդ» հիմնադրամն արդեն 10 ամիս է, ինչ գործունեություն է ծավալում, եւ այս ընթացքում բավականին աշխատանք են հասցրել անել, ձեւավորել են փորձագետների մեծ բազա, որոնց հետ համագործակցում են։ Նրանց մի մասին գիտաժողովների շրջանակներում Հայաստան են հրավիրում, հարցազույցներ են անում, պատրաստում տարբեր հրատարակություններ, ու այս ամենը, ըստ տնօրենի, նպատակաուղղված է օբյեկտիվ պատկերը՝ ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու համար։

Ադրբեջանական զեղծարարության աղաղակող փաստերը հայերենից բացի թարգմանում են եւս 3 լեզվով՝ անգլերեն, ռուսերեն եւ ադրբեջաներեն, միաժամանակ նպատակ ունեն այլ լեզուներ եւս ներառել։ Ունեն նաեւ միջազգային գործընկերներ, որոնց միջոցով նույնպես իրենց նյութերը տարածվում են միջազգային հարթակներում ու այդ երկրներում։

Միջազգային մամուլն ինչպե՞ս է արձագանքոմ Ադրբեջանի զեղծարարության այդ աղաղակող փաստերին։ Ռ․ Ղազարյանն ասում է․ «Ջուղայի խաչքարերի մասին ողջ աշխարհը գիտեր, դա միայն հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը չէր, այլեւ՝ համամարդկային, բայց օրը ցերեկով, առանց նույնիսկ թաքցնելու, կամաց-կամաց ոչնչացրին ամբողջը եւ այսօր լկտիաբար երբեմն հայտարարում են, որ այդպիսի բան չի էլ եղել այնտեղ։ Ոչնչացրին առանց խղճի խայթ զգալու, իսկ միջազգային կազմակերպությունների արձագանքներին ի պատասխան ասացին՝ դուք ստում եք»։

Պետական մակարդակով տարվող քայլերը բավարա՞ր են, արդյո՞ք արվում է ամեն անհրաժեշտ բան։ «Մեր հիմնադրամը, գիտական ինստիտուտները, բուհական կառույցները, որտեղ աշխատում են համապատասխան մասնագետներ, ի վերջո, դրանք էլ են պետական կառույցներ։ Այն, ինչ ԱԳՆ-ն է անում ու մյուս կառույցները, մեկս մյուսին փոխլրացնելով՝ պետք է անենք այս գործը ու նաեւ անում ենք այդպես։ Հետո՝ գիտեք, միշտ չէ, որ պետք է իրենց ամեն ասածին կամ արածին արձագանքել։ Այստեղ մի ուրիշ վտանգ էլ կա, որ երբեմն իրենց խոսույթը բերում գցում ենք մեր հասարակության դաշտ։ Առանց այն էլ իրենք սոցցանցերի միջոցով մեր հասարակությունում աշխատում են։ Բայց հիմա մեր խնդիրն է, որ մենք իրենց հասարակության հետ աշխատենք եւ բացատրենք իրականությունը, որ առավոտից իրիկուն իրենց ցուցադրվող ալիեւյան իրականության կողքին կա մեկ ուրիշ՝ ճշմարիտ իրականություն»,- ընդգծում է Ռ․ Ղազարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image